5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135158.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Ինչի մասին չխոսեց Սերժ Սարգսյանը
Այլ Լուրեր

Ինչի մասին չխոսեց Սերժ Սարգսյանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վերջին երեսուն տարիներին Ղարաբաղյան հակամարտությունը հայաստանցիների ու ընդհանրապես հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերն էր: Ասվածի տրամաբանությունից ելնելով՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու պատերազմն, ըստ էության, պետք է դիտարկվեին քաղաքական ու հանրային դիսկուրսի առաջնային առարկաները:

Բայց, ցավոք սրտի, համանման դիսկուրս այդպես էլ երբեք չնախաձեռնվեց։ Առաջին հայացքից միտքն այս առնվազն տարօրինակ է ու ինչու չէ՝ նաև զավեշտալի: Եթե Ղարաբաղյան հակամարտությունն ամենակարևոր մարտահրավերն էր, ապա ինչպե՞ս է հնարավոր դրա շուրջ ծավալվող դիսկուրսի չգոյությունը, չէ՞ որ քաղաքական ուժերը, հանրությունն ու քաղաքացիական հասարակությունն ամեն մի պատեհ առիթի պարագայում պետք է քննարկումներ նախաձեռնեին դրա վերաբերյալ:

Քաղաքագետներից ու փորձագետներից շատերը կարող են պնդել, որ դիսկուրսի բացակայությունը պայմանավորված էր հիմնախնդրի վերաբերյալ հանրության զգայուն մոտեցմամբ: Վերոնշյալ հիմնավորման մեջ, իհարկե, կան իրականության որոշակի տարրեր, բայց պետք է արձանագրենք, որ դրանք չնչին են:

Հանրության զգայական մոտեցումը չի կարող վճռական պատճառ լինել, քանի որ համաշխարհային պատմության պրակտիկան փաստում է, որ նույնիսկ ամենապայթունավտանգ հիմնահարցերը կարող են դառնալ բանական քննարկման առարկա: Հայ ժողովուրդն էլ այս տեսանկյունից բացառություն չէ, քանի որ մենք էլ ապրում ենք այս մոլորակի վրա ու ունակ ենք ինչ-որ հարցեր քննարկել:

Լա՛վ, եթե վճռական ու վերջնական պատճառը հանրության զգայուն արձագանքը չէր, ապա ո՞րն էր հակամարտության վերաբերյալ բանական խոսքն ու քննարկումը արգելակող բուն խնդրո առարկան:

Անշուշտ, քննարկման կոնֆլիկտային լինելն առաջին հերթին պայմանավորված էր դրա շուրջ ձևավորված մանիպուլյացիոն շղարշով։ Փաստորեն կարող ենք արձանագրել, որ վերջին 25 տարիներին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանական դիսկուրսը մղվել էր ետին պլան, ու դրան փոխարինելու էին եկել ազգայնական դեմագոգիան ու մանիպուլյացիոն աղմուկ-աղաղակը: Ցավոք սրտի, դրա վերաբերյալ բանական քննարկումներ ծավալվեցին միայն կապիտուլյացիայից ու հարցի վերջնական ոչնչացումից հետո։

Իմ համոզմամբ՝ արատավոր այս իրավիճակի առաջնային պատասխանատուները անցյալի իշխանություններն են՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ճիշտ է, ներկայումս նրանք փորձում են հանդես գալ ռացիոնալիզմի և պրագմատիզմի դիրքերից, բայց պարզից էլ պարզ է, որ կոնֆլիկտի վախճանից հետո կոնֆլիկտի վերաբերյալ ռացիոնալ դատողություններ անելն արդեն իսկ անվնաս ու անփորձանք զբաղմունք է։

Ավելին՝ Սերժ Սարգսյանը պնդում է, թե ինքը երբեք ոչմիթիզական չի եղել ու պատրաստ է եղել շարժվել կարգավորման ճանապարհով։ Որևէ կերպ չեմ ուզում հակադրվել Սարգսյանի պնդումներին, միայն անհրաժեշտ է արձանագրել, որ երրորդ նախագահի ոչմիթիզական չլինելը կորցնում է արժեքը, երբ նրա ստեղծած միջավայրն ամբողջությամբ կառուցարկվում է հենց այդ արատավոր գաղափարի վրա։

Իրականում երկրորդ ու երրորդ նախագահներն իշխանության են եկել Ղարաբաղյան հակամարտության միջոցով, ու բնական է, որ համակարգի շարունակականությունն էլ ապահովել են հենց այդ նույն հիմնախնդրի շահարկման հաշվին: Այսինքն՝ այս երկուսը պատերազմի տրամաբանական արտադրանքներն են ու իրենց քաղաքական գոյությունն էլ մշտապես արդարացրել են պատերազմով  կամ էլ դրա սպառնալիքով:

Այլ առաքելություն ու գոյության այլ իմաստավորում նախորդ երկու ռեժիմները երբևէ չեն ունեցել: Բնական է, իրավիճակն այս չէր կարող անհետևանք մնալ, քանի որ պատերազմի գաղափարական հիմքերի վրա գոյություն ունեցող ռեժիմը պետք է էլ ավելի խորանար գաղափարական այդ փակուղու մեջ: Արդյունքում քաղաքական  դիսկուրսի առաջնային թիրախներն էին դարձել պատերազմի քարոզչությունը, նացիոնալիստական դեմագոգիան, «ոչ մի թիզականությունն» ու ռազմահայրենասիրական պատրանքները: Խնդիրն այն է, որ այլ ելք չկար, Քոչարյանն ու Սարգսյանը իշխանության մնալու այլ տարբերակ չունեին ու տրամաբանորեն ժողովրդին պետք է կերակրեին քաղաքական այդ միֆերով:

Պարզապես ընդդիմադիրներին չեզոքացնելու ու հեղափոխական օջախները բնում խեղդելու այլ ճանապարհ չկար: Միայն այդպես էր հնարավոր արդարացնել սոցիալական անարդարությունն ու համակարգային կոռուպցիան։ Իբրև թե թալանում են, բայց Ղարաբաղի հարցում անզիջում են ու վճռական: Իհարկե, նրանք երբեք ոչմիթիզական հայտարարություններով հանդես չեն եկել, ավելին՝ մշտապես կառուցողական են գտնվել բանակցային գործընթացում, բայց խնդիրն այն է, որ ամբողջական ինստիտուտներ ու հաստատություններ են աշխատել ոչմիթիզական միջավայր ձևավորելու համար՝ կրթական համակարգից մինչև ֆեյսբուքյան պրոպագանդիստներ։

Հեղափոխությունից հետո թվում էր, թե քաղաքական ու հանրային փոխհարաբերությունների արատավոր այս կերպը կչեզոքացվեր ու կկազմաքանդվեր: Բայց ո՛չ, 20-ամյա հետևողական քարոզչության արդյունքում խզում էր արձանագրվել, իրականությունն ու գաղափարական ընկալումները կարծես թե կապ չունեին իրար հետ, անհամապատասխան էին ու իրարամերժ: Այսինքն՝ ստեղծվել էր այնպիսի մի իրավիճակ, երբ իրականությունն ու մարդկային ընկալումները մարտնչում էին միմյանց դեմ։ Հեղափոխական կառավարության, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների առաջնային խնդիրն էր գոնե գաղափարական հարթության մեջ հաշտեցնել իրականությունն ու դրա վերաբերյալ կեղծ պատկերացումները:

Ի վերջո, ամեն ինչ մի կողմ դնել ու ամենայն անկեղծությամբ խոսել ժողովրդի հետ։ Բայց ո՛չ։ Ղարաբաղյան հակամարտության գաղափարական ներգործությամբ գոյություն ունեցող նախկին իշխանությունները նորից փորձում էին հիմնավորել իրենց գոյության իմաստը, բայց այս անգամ՝ ընդդիմության կարգավիճակում։ Այսինքն՝ նրանք ընդդիմադիր էին միայն Ղարաբաղի պատրվակով։ Այսպիսի պայմաններում ընդդիմությունն ու իշխանությունը հայտնվեցին կատաղի մրցավազքի մեջ, թե ով է ավելի շատ սիրում Արցախը, և սիրո այդ մրցավազքը շարունակվեց մինչև կործանումն ու վախճանը՝ նորից առաջնային պլան մղելով մանիպուլյացիան ու ազգայնական դեմագոգիան, անզուսպ պոպուլիզմն ու անսանձ արկածախնդրությունը։

Ահա սրանով են զբաղված եղել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, ներկայիս իշխանությունների ընկերակցությամբ։ Քանի՞ կոպեկ արժե, թե նրանք ինչի են պատրաստ եղել ու ինչ կարող էին անել ժամանակին։ Միևնույն է, բոլորի թեթև ձեռքով ստեղծվել է այնպիսի մի փակ շղթա, որտեղ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանական ցանկացած միտք դարձել է անհնար։ Իսկ եթե ինչ-որ երևույթի կամ էլ միավորի վերաբերյալ բանական խոսք գոյություն չունի, ապա դրա լինելիությունն արդեն իսկ անիմաստ է ու կասկածելի։

Ալեքսանդր Սարգսյան

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ առաջադրվելու և Արցախը չճանաչելու հայտարարություններին

Նատա Հարությունյան

Սերժ Սարգսյանի հարցազրույցի որոշ մեսիջներ մանիպուլյատիվ էին. հակադրվում էր նաև Ռոբերտ Քոչարյանին. Գ. Մադոյան

Նատա Հարությունյան

Սերժ Սարգսյան հեղափոխականը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին