5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135164.8 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Տհասների ժամանակը
Այլ Լուրեր

Տհասների ժամանակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երկար տարիներ ուզում էի հասկանալ՝ ո՞րն է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառը։ Մարդը մի ասուլիսով, մի հոդվածով ու Անվտանգության խորհրդում ունեցած մեկ ելույթով մանրամասն ներկայացրել է Ղարաբաղի հարցի լուծման բանալին։

Ու այդքանից հետո՝ հրաժարական։

Կարծես թե բանական մարդկանց է ներկայացրել իր փաստերը։ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը լուծեց նաև այս հանելուկը։ Նրան հրաժարականի են մղել, որովհետև քաղաքական երեք հասուն գործիչ, որոնց պետական-քաղաքական ամենալուրջ պաշտոններն է վստահվել՝ վարչապետ, Պաշտպանության նախարար և Ներքին գործերի ու ԱԱԾ նախարար, ոչ մի հակափաստարկ չի ունեցել, Անվտանգության խորհրդում առաջին նախագահի ելույթը լցրել է նրանց համբերության բաժակը, ու նրանց մեջ խոսել է տղամարդը։

Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց ներկայացրել է երկաթյա փաստարկներ Ղարաբաղի հարցի լուծման, մարգարեական ժանրի բոլոր կանոններով, հետագա բոլոր սցենարները ծամել ու դրել է նրանց բերանը, առաջարկում է մտածել, իսկ նրանք «ավելի երկաթյա» փաստարկ են ներկայացնում՝ մենք հող հանձնող չենք: Այսինքն, հերիք չէ, առաջարկված լուծումը չեն ուզում, դեռ մի բան էլ կեղծում են այն: Քաղաքական լուծումը դառնում է հող հանձնել: Որովհետև այս մարդիկ պարտվելու սովոր չեն կամ թաղում չափազանց շատ են պարտվել, բայց երկաթյա փաստարկների հետ գործ չեն ունեցել, հակառակորդ լինի՝ հաղթենք:

Վազգեն Սարգսյանին հասկանալ հնարավոր է, որպես ռոմանտիկ եկավ, ռոմանտիկ էլ գնաց: Նա կարող էր հաղթանակը պատկերացնել հավերժական լույսերի մեջ: Բա մյուս երկուսը, անբաժան զույգը: Փաստն այն է, որ նրանք հենց որպես տղաներ չեն կարողացել հաշտվել, որ մի հոգին կարող է այդքան անվիճելի ճիշտ լինել երեք առանցքային խաղացողների նկատմամբ։ Այսինքն՝ երեք հոգի այն գլխից չի կասկածել Լևոն Տեր-Պետրոսյանի իրավացիությանը։ Որովհետև նրա նշած բոլոր փաստերը այնքան պարզ են արժանապատիվ խաղաղության ու Ղարաբաղի փրկության տեսանկյունից, որ դժվար է մտածել, որ նրա հետ չհամաձայնվողները երբևէ պատերազմ են տեսել կամ այդ օրերի հայ են։

Ինչո՞վ է փաստարկվում այն, որ երեքն էլ այն գլխից են համոզված եղել Տեր-Պետրոսյանի իրավացիության մեջ ու հենց այդ պատճառով էլ նրան մղել են հրաժարականի։ Տեր-Պետրոսյանն, իհարկե, երբեք չի ասի, որ Ղարաբաղի հարցում պետական իշխանության մեջ իր հակառակորդները եղել են սովորական տղաներ։

Նա կգերադասի խոսել գաղափարական տարաձայնություններից, ի վերջո երեքն էլ եղել են իր թիմի անդամ։ Բայց փաստն այն է, որ երեքն էլ բացարձակապես որևէ փաստարկ չեն ունեցել նրա ասածների դեմ։ Եվ ահա թե ինչու։ Հիշյալ եռյակը իշխանությունը վերցրեց 1998-ի փետրվարի 3-ին։ Վազգեն Սարգսյանը երկար չմասնակցեց հետտերպետրոսյանական կառավարմանը, նրա գլուխը կերան: Մյուս երկուսը դրա արդյունքում միայն ամրապնդեցին իրենց իշխանությունը: Այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձգձգում էին ստատուս քվոն, քաղաքական ճկունության մասին չէր, այլ սովորական տղա լինելու մասին։ Նրանք ձգձգել են, ինչքան կարողացել են։

Հիմա Սերժ Սարգսյանի համար հեշտ է կուրծք ծեծել ու ասել, որ ինքը համաձայնվել է Կազանյան փաստաթղթի ստորագրմանը։ Բայց դա ուշացած խոստովանություն է, ոչ մի քայլ չի արվել հարցի լուծման համար, որովհետև նրանք՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը չեն հաղթել իրենց միջի տղային: Նրանք բառացիորեն էին ընկալում հաղթողի իմիջը, նրանք հող հանձնող չէին: Իսկ թե ինչի կարող է հանգեցնել հող չհանձնելը, արդեն նրանց գործը չէր: Երկուսն էլ իրենց պաշտոնավարման ընթացքում մլուլ էին տալիս հենց հողեր հանձնելու շուրջ, բայց վստահ էին, որ գոնե իրենց օրոք դա չլինելիք բան է: Այդ մեկը նրանք գիտեին: Այդ մեկի երաշխիքը նրանց տրված էր: Ահա ինչու այսօր հեշտ է մեղադրել Փաշինյանին հողեր հանձնելու մեջ: Իրենք էլ գիտեն, որ դա չէ Փաշինյանի մեղքը, որովհետև այս հողերը հանձնվել են կռվելով: Փաշինյանի մեղքը պատերազմը չկանխելն է, որը հասունացրել էին իրենք՝ տղաները:

Փաշինյանը երրորդ տղան էր, և նա 1998-ի հունվարի Անվտանգության խորհրդի նիստի անտեսանելի մասնակիցն ու այս տղաների գաղափարական համախոհն է: Բոլորն էլ բանակցել են այն փաստաթղթերի շուրջ,-և միայն այն փաստաթղթերի շուրջ,-որոնք ենթադրում էին հողեր հանձնել, այսինքն՝ հանձնել միջազգային իրավունքով Ադրբեջանին պատկանող հողերը: Բայց բոլորն էլ դա պատկերացրել են ոչ իրենց օրոք: Հայաստանը և Արցախը տհասության զոհ են, տհասությունը բնորոշ է այդպես էլ չհասունացածներին: Տհասությունը քաղաքականության մեջ «լավ տղու» պատվանդանն է, որի վրա կանգնելու համար զոհաբերվեց մեր ազգային արժանապատվությունը:

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Վտանգավոր բանակը

Նատա Հարությունյան

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպանին

Անի Գրիգորյան

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին