8.1 C
Yerevan
5 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.12.2023
Գլխավոր » Մեր անվտանգության երաշխավորների հետ շփվելու համար պետք է օրինական դաշտ ստեղծենք․ Մետաքսե Հակոբյանը՝ աղմուկ հանած նախագծի մասին
Այլ Լուրեր

Մեր անվտանգության երաշխավորների հետ շփվելու համար պետք է օրինական դաշտ ստեղծենք․ Մետաքսե Հակոբյանը՝ աղմուկ հանած նախագծի մասին

Արցախի Ազգային ժողովում շրջանառության է դրվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այս նախագիծն արդեն հասցրել է բուռն քննարկումների տեղիք տալ, հարուցել է որոշների զայրույթը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Մետաքսե Հակոբյանը պարզաբանեց, թե ինչու են նման նախագիծ դրել շրջանառության մեջ՝ հնչող քննադատությունները համարելով անհասկանալի ու անհիմն։

«Ցավալի է, բայց մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որտեղ պետք է փորձենք ապրել, մինչև մեր հայրենիքը վերադարձնելը։ Եվ այդ վերադարձի գործում մեծ դեր ու նշանակություն ունեն հիմա ռուս խաղաղապահները, որոնց հետ այս ընթացքում մենք խնդիրներ ունեցանք պաշտոնական շփման ժամանակ։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեր պետական լեզուն հայերենն է, և դա որևէ պարագայում փոփոխության ենթակա չէ, պարզապես մի փոքր շտկումների կարիք կար «Լեզվի մասին օրենքում», որպեսզի կարողանայինք նաև ռուսերենը դարձնել աշխատանքային լեզու, որ կարողանայինք պաշտոնական շփումներ ունենալ ռուսական կողմի հետ»,- ասաց Հակոբյանն ու ընդգծեց, որ նման որոշման  միակ պատճառը այս է եղել։

Հակոբյանի համոզմամբ՝ քննադատողներն այն մարդիկ են, որոնք այսօր Արցախը չեն ընկալում որպես հայի մասնիկ, որպես հայրենիք։ Դիտարկմանը, որ նախագիծը քննադատել է նաև Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, պատգամավորն արձագանքեց․ «Դա շատ պարզ աքսիոմա է և ապացուցելու կարիք չկա, որ մենք այսօր ունենք նախարարներ, որոնք նշանակվում են անմիջապես Հայաստանի վարչապետի կողմից, իսկ այստեղի իշխանություններն էլ կամակատարի նման կատարում են այդ հրամանները։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ ինչ արմատներ ունի Մանե Թանդիլյանը և, բնական է, որ այդպիսի դիրքորոշում պետք է ունենար ինքը։ Ինչ է նշանակում պետական պաշտոնյան, երբ ուզում է խոսում է ռուսերեն կամ անգլերեն, երևի պետական պաշտոնյան չգիտի, որ ինքն այդ դեպքում մայր օրենքն է խախտում, երբ առնչվում է այլ լեզուներով՝  հատկապես երբ դա գրավոր է։ Այնպես որ պետք չէ այստեղ շատ խորը մտածել և հասկանալ, թե իր արմատները որտեղ են»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ չմանրամասնելով, թե ինչ արմատներ նկատի ունի։

Պատգամավորն ընդգծեց, որ սա ընդամենը նախագիծ է, որը դեռ մեկ ամիս շրջանառության մեջ է լինելու, և այդ ընթացքում դեռ կվերամշակվի, հանրային քննարկման կդրվի։

«Ես արդեն արել եմ առաջարկություն հոդված 1-ի երկրորդ մասով փոփոխություն կատարել, ձևակերպման հետ համաձայն չէի․ առաջարկել եմ «Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է» տողում ավելացնել, որ գրական հայերենի հետ մեկտեղ կարող է օգտագործվել նաև ռուսերենը, որպեսզի այն դառնա նաև աշխատանքային լեզու։  Օգտվելով հնարավորությունից՝ ընդգծեմ՝ պետական ու պաշտոնական լեզուն տարբեր բաներ են։ Պաշտոնական լեզուն պաշտոնական գործառույթների և հասարակության գրական ու գիտական լեզվին ծառայող լեզուն է, այսինքն՝ աշխատանքային լեզու։ Իսկ ես ինչպես շփվեմ ռուս խաղաղապահների հետ, ես չեմ կարող վստահ լինել, որ իմ ձեռքով գրված տեքստը կթարգմանվի այնպես, ինչպես ես եմ գրել, նոտարական թարգմանությունների դեպքում էլ ՝ պատկերացնո՞ւմ եք օրը քանի գրության մասին է խոսքը»,- ասաց օրենքի նախագծի համահեղինակը՝ շեշտելով, որ իրենք պետք է ստեղծեն օրինական դաշտ՝ իրենց անվտանգության երաշխավորի հետ շփվելու համար։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Բոլորին հետաքրքրում էր՝ ինչպե՞ս եղավ, որ Հին Շենն ու Մեծ Շենը վերականգնվեցին, իսկ Խծաբերդն ու Հին Թաղերն անցան Ադրբեջանին․ (Փոդքասթ)

Նատա Հարությունյան
Բեռնում.....