5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135158.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Կովկասյան Եվրոպա կամ վրացական կրքեր
Գլխավոր Նորություններ

Կովկասյան Եվրոպա կամ վրացական կրքեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առավոտյան տեղի ունեցած հրատապ ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Գախարիան հայտարարեց, որ լքում է պաշտոնը։  Ի թիվս այլ պատճառների Գախարիան նշեց, որ իր հրաժարականը կապված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հանդեպ դատարանի որոշման հետ:

Գախարիայի խոսքով, հրաժարականի պատճառը նշվածի վերաբերյալ իշխող թիմի հետ համաձայնության չհասնելն է: Հեռացումը նաև պայմանավորված է իրավիճակն ավելի չսրելու պատճառաբանությամբ։

Ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում սկիզբ էր առել նախորդ տարի՝ հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Ընդդիմությունը հրաժարվել էր ընդունել ընտրությունների արդյունքները և վերցնել մանդատները։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ վրացական խորհրդարանում գործունեություն է ծավալում, ըստ էության, մեկ ֆրակցիա՝ իշխող «Վրացական երազանքը»։

Լարվածությունը հասավ կիզակետին, երբ խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց ընդդիմադիր Նիկա Մելիային։ Մելիան ընդդիմության առաջնային դեմքը չէ, սակայն ծանր հրետանավորներից է։ Ավելին, արդեն երեկ երեկոյան դատարանը որոշեց կալանավորել ընդդիմադիր գործչին։

Այս ֆոնին, Գախարիայի հրաժարականը կարող ենք դիտարկել ոչ միայն քաղաքական ակտ, այլ նաև՝ քաղաքակրթական։ Ստացվում է, որ հարավկովկասյան հանրապետություններից Վրաստանը հերթական անգամ ի ցույց է դնում իր արժեհամակարգային տարբերությունը։ Հստակ գիտակցում կա քաղաքական ճգնաժամերի, դրանց հանգուցալուծումների, արևմտյան համակարգերի, գործընկեր միջազգային կառույցների կարծիքների նկատմամբ։ Վրաստանի և Արևմտյան կառույցների, եվրոպական ժողովրդավարական ինստիտուտների միջև առկա է սերտ գործակցություն, ինչպես ցույց են տալիս զարգացումները՝ օրգանական կապ։   Այս ամենը ցավոք մեզ չի «սպառնում», իսկ Վրաստանը հերթական անգամ ապացուցում է, որ հավատարիմ է որդեգրած ժողովրդավարական արժեքներին, որքան էլ դրանք ունենան խութային մասեր։

Գախարիայի հրաժարականը նաև տարածաշրջանային նշանակության երևույթ է, քանի որ հնարավոր են գործընկերային, միջպետական պայմանավորվածությունների, հնարավոր զարգացումների վերանայումներ։ Նա վրացական քաղաքական երկնակամարի ինտելեկտուալներից է, որը գեներացնում է ոչ միայն քաղաքական միտք, այլ նաև քաղաքական ուղղություններ և պայմանավորվածություններ։ Վրաստանի իշխող կուսակցությունում այլևս չկան այս տրամաչափի գործիչներ։

Հետաքրքիր է, թե այս իրավիճակում ինչ վարքագիծ կդրսևորեն մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները և ինչպես կարձագանքեն հնարավոր զարգացումներին։ Հուսանք, ոչ ինչպես միշտ։

Անահիտ Փանոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան

Նատա Հարությունյան

Վրաստանում ձնատեղումները խնդիրներ են ստեղծել բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար

Անի Գրիգորյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 396 մարդ, մահերի թիվն ավելացել է 19- ով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին