12 C
Yerevan
7 Մարտի, 2021
136192 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Երկրաշարժադիմացկուն շինարարություն. ՀՀ-ում ուժի մեջ են մտել արդիականացված շինարարական նորմերը
Այլ Լուրեր

Երկրաշարժադիմացկուն շինարարություն. ՀՀ-ում ուժի մեջ են մտել արդիականացված շինարարական նորմերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում ընթացիկ տարվա սկզբից ուժի մեջ են  մտել վերանայված, արդիականացված շինարարական նորմերը՝ ուղղված երկրաշարժադիմացկունությանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան, դոցենտ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ 2018 թվականին գործող սեյսմակայուն շինարարության նորմերը լրամշակելու անհրաժեշտություն է առաջացել:

«Սովորաբար շինարարական նորմերը 10 տարին մեկ վերանայելու կարիք են ունենում, դրանից բացի փոփոխվել էր սեյսմիկ գոտիավորման քարտեզը, հետևաբար նորմերի արդիականացման անհրաժեշտություն կար: 2018 թվականին հայտարարվեց մրցույթ, որին հաղթեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը»,-ասաց Դավիթ Գրիգորյանը:- Ձևավորվեց մասնագիտական խումբ, որում ընդգրկված էին ոչ միայն համալսարանի մասնագետները, այլև ԱԻՆ-ի, Քաղաքաշինության կոմիտեի, նախագծային, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ: Խումբը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Խաչիյանը:  Աշխատանքները տևեցին մեկ ու կես տարի, ինչից հետո նախագիծն անցավ մի շարք փորձաքննություններ: 2021 թվականի հունվարի 8-ից արդեն նորմերն ուժի մեջ են:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ, տ.գ. դոկտոր-պրոֆեսոր Տիգրան Դադայանը նշեց, որ համալսարանի կողմից մշակվել են նաև նորմեր, որոնք փոխկապակցված են երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերի հետ: Դրանք երկաթբետոնե կոնստրուկցիայի, ինչպես նաև պողպատե կոնստրուկցիայի նորմերն են:

«Ի՞նչ գլխավոր կետեր են ընդունվել: Նախ դրանք վերաբերում են երկաթբետոնե պատերին՝ դիաֆրագմաներին: Նախկինում մեզ մոտ չկար սահմանված, թե ինչ է կոչվում դիաֆրագմա, ինչ չափեր պետք է ունենան, այնտեղ ինչ բացվածքներ են թույլատրվում: Հիմա արդիականացված նորմերում դրանք հստակեցված են: Հաջորդը վերաբերում է սալիկներին: Ժամանակի ընթացքում ընկնում են, պոկվում են, իսկ երկրաշարժի ժամանակ խոցելի են, դրա համար այդ հարցի հետ կապված հիմա նոր նորմերով կան սահմանափակումներ»,-ասաց Տիգրան Դադայանը: Արդիականացված նորմերը հաշվի առնելով մարդու անվտանգության ապահովումը  հաշվարկային երկրաշարժի դեպքում բարձր մակարդակի վրա կլինի:

Բանախոսները նկատեցին, որ Հայաստանում բնակֆոնդի մեծ մասը կառուցվել է խորհրային ժամանակաշրջանում, այն ժամանակվա նորմերով, որոնք այսօր հնացած են: Հիմնականում այդ ժամանակվա շենքերը կարիք ունեն ուժեղացման, սեյսմազինվածության ավելացման:  Ճարտարապետության և շինարարության գիտխորհրդի քարտուղար, դոցենտ Լևոն Լևոնյանը նշեց, որ Հայաստանում ներդրված են ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ, նախագծման մեթոդներ:

«Եթե պահպանվեն այդ հիմքերը, ապա կառուցված շենքերը կլինեն սեյսմակայուն և անվտանգ: Թեպետ, պետք է հաշվի առնել նաև շահագործման հանգամանքը: Մենք գիտենք, որ մեր շատ բնակիչներ արդեն կառուցված շենքերում բացվածքներ են իրականացնում, որոնք թույլատրելի չեն: Հետևաբար, անհրաժեշտություն է ոչ միայն նորմերի համապատասխան նախագծումն ու շինարարությունը, այլև վերահսկողությունը և, իհարկե, բնակիչների կարգապահությունը»,- ասաց Լևոն Լևոնյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին