5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135155.2 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Անընդունելի է զրպարտությունն ու վիրավորանքը քրեորեն պատժելի արարք դարձնել․ մասնագիտական կարծիքներ
Իրավունք

Անընդունելի է զրպարտությունն ու վիրավորանքը քրեորեն պատժելի արարք դարձնել․ մասնագիտական կարծիքներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ գլխավոր դատախազությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել իշխանություններին վիրավորելն ու զրպարտելը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ այս նախագիծը խնդրահարույց է մի քանի առումներով․ «Պատվի, արժանապատվության սահմանադրական իրավունքը բոլոր քաղաքացիների համար է գործում և ոչ թե միայն իշխանությունների կամ նրանց ներկայացուցիչների։ Մյուս կողմից, առհասարակ, սա ետքայլ է այն առումով, որ 2010 թվականին ապաքրեականացվեց վիրավորանքն ու զրպարտությունը, նաև պետք է հասկանալ, որ դա հստակ կարող է բերել գրաքննության՝ իշխանություններին քննադատությունից պաշտպանության, ինչը լեգիտիմ նպատակ չէ։ Ընդ որում, դատախազության առաջարկով սա դառնում է հանրային մեղադրանքի հոդված, այսինքն՝ անկախ նրանից պաշտոնյան ուզում է, չի ուզում, համաձայն է, համաձայն չէ այդ հրապարակման մասով քրեական գործ է հարուցվում, եթե համարում են, որ այնտեղ զրպարտություն է։ Ո՞նց են գտնելու, որ զրպարտություն է, ընդհանրապես դժվար է պատկերացնել»,- ասաց Իոաննիսյանն ու ընդգծեց, որ կա նաև լրջագույն խնդիր պատվի, արժանապատվության իրավունքի պաշտպանության և ազգային անվտանգությանը սպառնացող ապատեղեկատվության դեմ պայքարի հետ կապված։ Նրա խոսքով լրջագույն խնդիրը ֆեյքերն են, և լավ կլիներ քրեական քաղաքականությամբ դրանց դեմ պայքարել։

«Հուսով եմ, որ կառավարության մոտ խոհեմություն կգտնվի այս նախագիծը չհաստատելու, և բնականաբար «Իմ քայլը» խմբակցության մոտ էլ խոհեմությունը կբավարարի նման օրենսդրական նախաձեռնությունը չընդունելու»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

Քրեական իրավունքի մասնագետ Տիգրան Ղազարյանը այնքան էլ ընդունելի չի համարում նմանատիպ ձևակերպումներով վիրավորանքն ու զրպարտությունը դարձնել պատժելի արարք, «քանի որ Քաղաքացիական օրենսգրքով հստակ կարգավորվում է, թե՛ վիրավորանքի, թե՛ զրպարտության համար անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցները, այսինքն՝ տվյալ հարցն, ըստ էության, քաղաքացիաիրավական է, և պաշտոնատար անձը կարող էր դիմել դատարան և պատասխանատվության ենթարկել իրեն զրպարտողին։ Քրեական օրենսգրքի այս հոդվածի կարգավորումներով ոչ լրատվամիջոցներով կատարված զրպարտության համար նախատեսվում է 100-500 հազար դրամի չափով, իսկ լրատվամիջոցների միջոցով կատարված զրպարտության դեպքում նախատեսվում է 500 հազար դրամից մինչև 3 միլիոն տուգանք կամ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով։ Սա կարող է շատ վտանգավոր լինել, որովհետև նույն անձի դերում էլ կարող է հանդես գալ դատախազության ներկայացուցիչը, տարբեր քրեական գործերով կարող է այս հանգամանքը օգտագործվել։ Այս դրույթի կիրառմամբ՝ մարդը կաշկանդված կլինի նաև իր հրապարակային ելույթներում։ Երբ նայում ենք հանցակազմի տեսանկյունից, սա կարող է նաև գործիք դառնալ․ յուրաքանչյուր դեպքում կարող է քրեական գործ հարուցվել, անձին ներգրավել՝ որպես մեղադրյալ, և հետագայում քննության առարկա դարձվի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, երբ զուգահեռ՝ մեկ այլ գործով, իրեն քրեական պատասխանատվության են ենթարկում»,- ասաց Տիգրան Ղազարյանը։

Նրա խոսքով՝ նախագծի հիմնավորումներում առկա կետերը այդքան էլ արդարցված չեն, ըստ նրա՝ ճիշտ կլիներ, որ իսկզբանե առաջարկ լիներ ոչ թե անմիջապես քրեական պատասխանատվություն նախատեսել դրա համար, այլ սկզբում վարչական պատասխանատվության շրջանակներում հարցը քննարկվեր հետո նոր քրեական, եթե այդ միջոցը չօգներ։

«Շատ լավ կլիներ, եթե հիմնավորումներում ներկայացված լիներ նաև վիճակագրություն, թե հանրային ծառայություն իրականացնող քանի անձի կողմից է ներկայացվել պատիվը, արժանապատվությունը վերականգնելու պահանջ, քանիսն են ներկայացված հայցերից բավարարվել, և բավարարված հայցերի պայմաններում որքան փոխհատուցում է սահմանվել, և արդյոք այդ համատեքստում այդ արարքը քրեականացնելն արդարացված է»,- ասաց Ղազարյանը և ընդգծեց, որ վիրավորելու ու զրպարտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելն այնքան էլ ընդունելի չէ, և այս նորմը իրավակիրառ պրակտիկայում լրացուցիչ հարցադրումներ կառաջացնի և ավելի ակնառու կդառնան խնդիրները։

Հավելենք, որ Գլխավոր դատախազությունից մեկնաբանություն ևս խնդրեցինք, սակայն, մեզանից գրավոր հարցում պահանջեցին։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Կառավարությունը ներկայացրել է Քրեական օրենսգրքի նոր տարբերակը. «Ժամանակ»

Սերինե

Սուտ մատնության համար սահմանված պատիժը կխստացվի․ «Ժողովուրդ»

Սերինե

Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելու հետ կապված նոր դրույթ` ՔՕ-ում. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին