5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135155.2 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Հանրահավա՞ք, թե՞ զինված պայքար
Գլխավոր Նորություններ

Հանրահավա՞ք, թե՞ զինված պայքար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 20-ին հանրահավաք է իրականացնելու Ազատության հրապարակում։ Մի կողմ թողնենք քաղաքական տարաձայնություններն ու անհամաձայնությունները, նույնիսկ մոռանանք, թե ովքեր են կանգնած այդ շարժման բարիկադներում և արձանագրենք, որ տիրապետող լարվածության և պայթունավտանգ հանդարտության պայմաններում հանրահավաքն արդեն իսկ դրական ազդակ է։ 

Արդեն չորս ամիս է, ինչ Հայաստանում կրքերը չեն հանդարտվում: Պատերազմում կրած ծանրագույն պարտությունը գլխիվայր շուռ տվեց քաղաքական համակարգն ու ընդհանրապես քաղաքական ողջ իրականությունը։ Մենք չգիտենք, թե դեպի ուր է գլորվում պետությունը, և ինչ զարգացումներ կարող են լինել։ Ակնհայտ է, որ կա իշխանության ճգնաժամ, իսկ սա էլ իր հերթին կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների՝ ահաբեկչական ակտերից մինչև զանգվածային բռնություններ ու քաղաքացիական բախումներ։ Այս ամենի միջով մենք արդեն մեկ անգամ անցել ենք։ 

Խոսքը 2016թ․-ին Սասնա ծռերի ապստամբության և ՊՊԾ գնդի գրավման մասին է։ Եթե հիշում եք, ահաբեկչական այդ ակտին նախորդել էր եռյակ դաշինքի 2014-2015 թթ․ հակաիշխանական շարժումը, որը բնում խեղդվեց Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից։ Առաջին հայացքից իրադարձություններն այս իրար հետ ընդհանրապես կապ չունեն և առաջին հերթին հենց այն պատճառով, որ դրանք նախաձեռնվել ու կյանքի են կոչվել արմատապես տարբեր ու իրարամերժ քաղաքական միավորների կողմից։ Բայց եթե խորանանք իրերի դասավորության մեջ, ապա կտեսնենք, որ Եռյակ դաշինքի չեզոքացումը ինչ-որ իմաստով պարարտ հող նախապատրաստեց ահաբեկչական տրամադրությունների տարածման համար։ 

Խնդիրը շատ պարզ է, երբ սահմանադրական պայքարի գործիքակազմը դուրս է մղվում, ապա ի հայտ է գալիս վակուումային տարածություն, ինչը կարող է զբաղեցվել արմատական ուժերի կողմից։ Թերևս հենց չափավոր ու իրավական պայքարի ջատագով քաղաքական ուժերի պարտադրված լռությունն էր Երևանը այրվող բարիկադներ դարձնելու անուղղակի, բայց առաջնային շարժիչ ուժը։ Իհարկե, հիմա իրավիճակը այլ է, քանի որ սահմանադրական պայքարի և զինված ապստամբության տրամադրությունները մեկտեղվել են մեկ շարժման մեջ, որն է «Հայրենիքի փրկության շարժումը»։ Խայտաբղետ և տարասեռ միավորների այս միությունը, չունենալով հստակ ճանապարհային քարտեզ, կոնկրետ գաղափարական պատկանելիություն և աշխարհայացք, գործում է տարերային ու ոչ այնքան կշռադատված։ Դաշինքի մեկ անդամը առավոտյան խոսում է ապստամբության մասին, մյուս ներկայացուցիչը կեսօրին կարևոր է համարում պայքարի սահմանադրականությունը։ Երեկոյան առաջինը պատրաստակամություն է հայտնում մասնակցել ընտրություններին, իսկ երկրորդը կեսգիշերին կտրականապես մերժում է այդ հեռանկարը։ Այսինքն, նրանք էլ հստակ չգիտեն, թե ինչ են ուզում, իսկ մենք էլ չգիտենք, թե ինչ կարելի է այդ շարժումից ակնկալել։ 

Ավելին՝ մենք պատկերացում չունենք նույնիսկ, թե ինչ կարող են անել «Հայրենիքի փրկության շարժման» առանձին ներկայացուցիչները, այսինքն` մեկը կարող է ինչ-որ պահի պետական օբյեկտ գրավել, իսկ մյուսը հնարավոր է և դրանից տեղյակ չլինի։ Իրականում ընդդիմադիրների այս անմշակ ու անհոդաբաշխ տրամադրություններից պետք չի տարակուսել, քանի որ նրանց միությունը աններդաշնակ ու արհեստական է հենց ամենակարևոր հարցում՝ Ղարաբաղյան հակամարտության։ Մի կողմից դաշինքը միս ու արյուն է ստացել Ղարաբաղի պատրվակով, բայց դրա գրեթե բոլոր ներկայացուցիչները արմատապես տարբեր հայացքներ ունեն դրա վերաբերյալ։ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն գոնե վերջին տվյալներով մերժում է ոչմիթիզականությունը, Դաշնակցությունը Ջաբրայիլը իր պապական հայրենիքն է համարում (ուղիղ տված հարցին ՀՅԴ այսօրվա ղեկավար Սաղաթելյանը ասաց, որ կմերժեին Լավրովի պլանը։ Այնպես, ինչպես մինչ այդ չէին ընդունում Մադրիդյան փաստաթուղթը), Արթուր Վանեցյանը հեղափոխական կառավարության միակ պաշտոնյան էր, որը դեռևս ԱԱԾ տնօրենի կարգավիճակում հայտարարում էր «ոչ մի թիզ հող» թշնամուն։ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն երբեք տեսակետ չեն հայտնել համակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ Քոչարյանը թերևս եղածներից ամենահակասականն է։ Մի կողմից նա ոչմիթիզականության գաղափարախոսն է, իսկ մյուս կողմից «Ընդհանրուր պետության» փաստաթղթի հետ համաձայնվողը։ 

Եթե նրանք նույնիսկ ամենակարևոր հարցի վերաբերյալ հստակ մոտեցում չունեն, ապա կարծում եմ` իմաստ չկա քննարկել պայքարի գործիքակազմի և մեթոդաբանության հարցը, քանի որ հենց նախնական կառուցվածքով դաշինքը արհեստական է։ Բայց անկախ ամեն ինչից հանրահավաքի փաստը ինքնին դրական է ու կառուցողական, քանի որ դա պայքարի սահմանադրական ու իրավական ճանապարհ է։ Զանգվածային քաղաքական միջոցառումները իրենց բնույթով տեսանելի են ու կանխատեսելի, ինչպես նաև դա միակ մեխանիզմն է, որի ներգործությամբ արմատական ընդդիմադիրները կհրաժարվեն Երևանի կենտրոնում զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու գայթակղությունից։ Թո՛ղ հանրահավաք անեն, խոսեն, հայհոյեն, սպառեն իրենց էներեգիան և հեռու մնան պետության ապագան վտանգող արկածախնդրություններից։ Ես համաձայն չեմ նրանց հետ, բայց ողջունում եմ սահմանադրական պայքարի ցանկացած դրսևորում, քանի որ դրա այլընտրանքը կործանարար այն աղետն է, որը կարող է դառնալ գերեզմանը հայկական պետության։ 

Կարպիս Փաշոյան

Նմանատիպ Հոդվածներ

Գիքորը` պետության և կալվածքի երկընտրանքի առջև

Սերինե

Հեղափոխության երկրորդ ալիքը․ Ուժեղ ձեռք

Սերինե

Միքայել Մինասյան․ վտարանդի արքայազնը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին