5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135158.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » «Ուզում էի ուշադրություն հրավիրել». գագարինցի Խաչատուր Աբովյանը՝ կամուրջը պայթեցնելու ահազանգի եւ իր «կորելու» մասին. «ՀԺ»
թերթերի տեսություն

«Ուզում էի ուշադրություն հրավիրել». գագարինցի Խաչատուր Աբովյանը՝ կամուրջը պայթեցնելու ահազանգի եւ իր «կորելու» մասին. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքի բնակիչ Խաչատուր Աբովյանը զանգահարել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ հայտնելով, որ պատրաստվում է պայթեցնել Գագարինի կամուրջը: Երեկվանից տեղեկությունը տարածվել է մամուլում, սակայն թե ինչ է կատարվել իրականում նշված չէ: Այդ զանգից հետո Աբովյանին բերման են ենթարկել ոստիկանություն, նա բացատրություն է տվել, ապա բաց է թողնվել:

ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ին հայտնեցին, որ այս պահին դեռ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Սեւանի բաժնում:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Խաչատուր Աբովյանի հետ՝ հասկանալու համար, թե որն էր սոցապ նախարարություն կատարած զանգի պատճառը:

— Խաչատուր, ինչո՞ւ էիք զանգահարել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ հայտնել, որ Գագարինի կամուրջը պայթեցնելու եք:

— Բիզնեսով զբաղվող տղա եմ, խնդիրն էն է, որ ուզում եմ տարածք գրավ դնեմ, փող վերցնեմ: 5 մլն դրամ վարկ եմ ուզում՝ գործերս առաջ տանելու համար: Հաստոցաշինական գործունեություն եմ ուզում ծավալել: Իմ շինությունը, որ պետք է գրավադրեմ, ուզածս վարկի չափից 4 անգամ թանկ արժե: Բայց բանկից չեն հաստատում գործարքը՝ պատճառաբանելով, որ գրավադրվող գույքը Գագարինում է, իսկ Գագարինը կարգավիճակ չունի. ոչ ավան է, ոչ թաղամաս է, ոչ գյուղ է: Դրա համար էլ բանկերը չեն կողմնորոշվում՝ ինչ կարգավիճակով գրավ վերցնեն դա: Մի քանի բանկի եմ դիմել: Գնացել եմ ֆինանսների նախարարության կազմակերպություններից մեկը՝ կորոնավիրուսի համար նախատեսված միջոցառումներից օգտվելու եւ վարկ վերցնելու հարցով, բայց դրա համար էլ պիտի մեր շրջանից 2 մեծ ընկերություն երաշխավոր կանգնի, որ տան. կարգն այդպես է:

— Գագարինը Սեւան քաղաքի մեջ չի՞ մտնում:

— Եթե գնամ քաղաքապետարան ինչ-որ բան լրացնելու, կգրվի Սեւան՝ Գագարին. ասում են թաղամաս է ոնց որ: Իմ շենքի վկայականի մեջ գյուղ Գագարին է գրված, անձնագրիս մեջ Գագարին ավան է գրված: Այս վիճակն է մեզ մոտ, ես բանկին չեմ մեղադրում:

— Մինչեւ հիմա ձեր գյուղում մարդիկ վարկեր չե՞ն կարողացել վերցնել:

— Կարողացել են, ասենք մեքենա են գրավ դրել, այլ շարժական գույք: Թե էլ ինչ ձեւերով են վարկ վերցրել՝ չեմ կարող ասել, բայց շատերին չեն տալիս՝ իմ նշած պատճառով:

— Վերադառնանք առաջին հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էիք զանգահարել սոցապ նախարարություն:

— Իմ արած քայլի պատճառն էն էր, որ ուշադրություն հրավիրեմ, մարդ գա՝ հասկանան ինչ խնդիր է: Ես ավելի շատ նեղացա ֆինանսների նախարարության պատասխանից հետո, ես որտեղի՞ց 2 ընկերություն գտնեմ, որ գան երաշխավոր լինեն ինձ համար:

— Բայց պատրաստվում էի՞ք պայթեցնել Գագարինի կամուրջը:

— Չէ այ ցավդ տանեմ, ես ասեցի ուշադրություն գրավեմ, որ մեկին ուղարկեն: Ես ոչ ցուցարար եմ, ոչ շոու եմ անում: Էսօր վարչապետը կողքը մարդ չունի, ես ուզում էի, որ իր ականջը գոնե ընկնի, մեկին ուղարկի՝ ասի գնացեք տեսեք մեր բնակիչն ինչի է տենց քայլի դիմում: Բացի այդ, սոցապ զանգելուց անմիջապես հետո ես զանգել եմ ԱԻՆ՝ 911 համարով, ասել եմ ժողովուրդ ջան, զանգել եմ էսինչ համարով ասել եմ, թե պայթեցնում եմ կամուրջը, բայց ես թուրք չեմ, որ իմ հայոց հողի, հայ ժողովրդի սարքած կամուրջը պայթեցնեմ, իզուր մի եկեք: Հարցրել եմ՝ ձայնագրվո՞ւմ է, որ էսքան բանը խոսում եմ, ասել են՝ հա: Այնպես չի, թե ես արել եմ, հետո փոշմանել: Մտածված ցանկացել եմ ուշադրություն գրավել:

— Ձեր միակ պահանջն այն է, որ Գագարինին կոնկրետ կարգավիճակ տրվի, որ կարողանաք վա՞րկ վերցնել՝ գույքը գրավ դնելով:

— Հա, բացի կարգավիճակին թող մի հատ ուշադրություն դարձնեն: Սահմանամերձ չենք, բայց էս կարգավիճակի մեջ ենք: Ամբողջ գյուղը զզվել է էս հարցը բարձրացնելուց: Թող մի հոգի նախարարություններից գա իմ հարցին պատասխանի, էլի:  

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին