
Փետրվարի 20-ին կայացած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ օրվա իշխանության հրաժարականին հասնելու համար իրենք ունեն երկու տարբերակ։
«Անհրաժեշտ է կազմակերպել գործադուլներ, ցույցեր, ավտոմեքենաների շարասյուներով շրջել Հայաստանում, ոտքի հանել մարդկանց: Դա պահանջում է ժամանակ ու աշխատանք: Բայց կա նաև պլան Բ, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին: Մեզ պետք է վճռականություն, միասնություն, մենք կարող ենք այս վիճակից դուրս գալ»,- մասնավորապես նշեց Վազգեն Մանուկյանը։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը NewArmenia.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել՝ ընդդիմությունը կկարողանա՞ երկրորդ տարբերակով հսնել իշխանափոխության, թե ոչ, բայց ընդգծեց, որ այդ տարբերակը պետությանն ու պետականությանը շատ լուրջ հարված կհասցնի, որովհետև կխուսափենք սահմանադրական ճանապարհից և կստեղծենք նախադեպ։
«Չնայած, մենք արդեն ունենք աղետալի նախադեպեր՝ ի դեմս Հոկտեմբերի 27-ի։ Այդպես բացահայտ հայտարարել, և եթե հնարավոր լինի հեղաշրջման փորձով զավթել կառավարությունը՝ դա լի կլինի բավական մեծ վտանգներով ու սպառնալիքներով։ Նման բանն ուղղակի անթույլատրելի է պետության համար»,- ասաց Պետրոսյանը։
Հանրահավաքի մարդաշատությունը քաղաքագետը չի պայմանավորում ընդդիմության ճիշտ քայլերով կամ հռետորաբանությամբ, այլ՝ ժողովրդի մոտ առկա դժգոհությամբ։ Պետրոսյանը, ցանկացած պարագայում, հնարավոր չի համարում, որ հնարավոր կլինի իշխանությանը հրաժարական պարտադրել, բայց չի բացառում, որ կկարողանան պարտադրել արտահերթ ընտրություններ, որովհետև ըստ նրա՝ իշխանությունը բավականին լավ գիտակցում է, թե ինչ խնդրի առաջ է կանգնած։
«Նա առաջնահերթ ապահովելու է իր անվտանգությունը՝ թե՛ քաղաքական, թե՛ ֆիզիկական, հետևաբար՝ առավել քան համոզված եմ, որ իշխանությունը բոլոր հնարավոր մեթոդները կկիրառի, բայց հրաժարական չի տա, կամ հրաժարական կտա, եթե ապաստանի խնդիրը կարողանա լուծել կամ այլ պետությունների կողմից, գոնե իշխանության առանցքային անդամների համար, երաշխիքներ կստատնա»,- համոզված է Սուրեն Պետրոսյանը։
Քրիստինե Աղաբեկյան