
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան մտադրություն չունի անդրազգային «Մեծ Թուրան» կառույց ստեղծել։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, որը բազմիցս է խոսել Թուրքիայի պանթյուրքական նկրտումների մասին, համակարծիք չէ Սերգեյ Լավրովի այդ հայտարարությանը․ «Պետք է հաշվի առնել հանգամանքը, որ պատմական առումով պանթյուրքիզմը Թուրքիայում դեռևս 20-րդ դարի սկզբներից լայն տարածում է ստացել, ու նաև պանթյուրքիստական գաղափարներից ելնելով` Թուրքիան մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Պանթյուրքիզմի ծրագրերի իրականացման համար Թուրքիան նաև իրականացրեց Հայոց ցեղասպանությունը։ Պանթյուրքիզմը Թուրքիայում լայն տարածում ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ 41-42 թթ․ շրջանում, երբ Թուրքիան պատրաստվում էր հարձակվել Խորհրդային Միության վրա, որի գաղափարական հիմնավորումը պետք է լիներ պանթյուրքիզմը, բայց Խորհրդային Միությունը հաղթանակ տարավ, դրա համար Թուրքիան չհարձակվեց։ Այսինքն՝ պատմական առումով մենք տեսնում ենք, որ պանթյուրքիզմը Թուրքիայում տասնամյակներ շարունակ գոյություն ունի, և ներկայիս ծայրահեղ պանթյուրքիստական՝ Ազգայնական շարժման կուսակցության ենթակայության տակ են գտնվում «Գորշ գայլերի» կազմակերպությունները։
Այդ կուսակցությունը հանդիսանում է Թուրքիայի կառավարող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկերը, և կուսակցության ղեկավար Դեվլեդ Բաղչելին, ինչպես թուրք մասնագետներն են նշում, մեծ ազդեցություն ունի Էրդողանի վրա»,- ասաց Սաֆրաստյանն ու ընդգծեց, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել է, որ թուրքական միասնությունը իր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է և պանթյուրքիստական ծրագրերն այլ անվամբ առկա են Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Նրա համոզմամբ՝ կոոմունիկացիաների ապաշրջափակման նպատակը ևս պանթյուրքիստական է, ոչ թե տնտեսական։
Թուրքագետը հավանական է համարում, որ Լավրովի այս հայտարարությունն արվել է՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած դիվանագիտական նպատակներից ելնելով․ «Չմոռանանք, որ Թուրքիան այս պահին ակտիվ գործողություն է ծավալել Ղրիմում՝ օգտագործելով այնտեղի թաթարներին, ինչը ևս պանթյուրքիստական ծրագիր է»,-ասաց Սաֆրաստյանը: Նա նաև կարծիք հայտնեց, որ Մոսկվան ևս պետք է վախենա Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումներից։
Քրիստինե Աղաբեկյան