5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135161.6 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Միքայել Մինասյան․ վտարանդի արքայազնը
Գլխավոր Նորություններ

Միքայել Մինասյան․ վտարանդի արքայազնը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Միքայել Մինասյանը ողբերգական կերպար է։ Ողբերգական՝ իհարկե, քաղաքական կարգավիճակի տեսանկյունից, ինչպես պատմական բոլոր այն արքայազները, որոնք գահը ժառանգելու փոխարեն հեռացվել են իշխանությունից՝ դառնալով վտարանդի։ Նա այնքան մոտ էր գահը ժառանգելուն, ևս մի քանի տարի և Սերժ Սարգսյանը կհեռանար իշխանությունից՝ ավատատիրական սկզբունքով թագավորությունը թողնելով Մինասյանին (ամեն դեպքում նա այդպիսի ձգտումներ ուներ)։ Բայց պատմական ընթացքը ոչ միշտ է համընկնում մարդկային ցանկությունների հետ։

Ժողովրդական ցասման փոթորիկը փլատակների կույտի վերածեց թագավորությունը։ Դա զուտ մեկ անձի հեռացում չէր, այլ արքայատոհմի ընդհատում։ Այսինքն` ինչ-որ փուլում գահը ժառանգած Սերժ Սարգսյանն այլևս զրկվեց այդ նույն գահը ինչ-որ մեկին փոխանցելու հնարավորությունից։ Այս իմաստով Միքայել Մինասյանը կարեկցանքի կարիք ունի և ոչ միայն գահազրկվելու առիթով, այլ նաև իրականության հետ առերեսվելու պատճառով։ Խնդիրն այն է, որ արքայազնը մշտապես ապրել է բարձր պարիսպներից այն կողմ՝ մարդկային տառապանքներից անդին, անհոգության և հարմարավետության պայմաններում։ Բայց ճակատագիրը դաժան փորձության դատապարտեց Մինասյանին։ Վռնդվելով արքայական պալատից՝ նա ինքն իր համար բացահայտեց, որ կյանքն իրականում տառապանք է, պարիսպներից այս կողմ Մինասյանը առերեսվեց անարդարության, անկարողության և պարտության հետ (հիվանդություն, ծերություն, մահ)։ Նա ի վերջո հասկացավ, որ պալատի կատարյալ կյանքը կեղծիք է՝ գոյություն չունեցող իրականություն, որի մեջ իրեն պահել են ու մեծացրել։ Իհարկե, ներողոություն եմ խնդրում բուդդայականներից։

Ամենևին էլ արքայազն Սիդհարթա Գաուտամայի առասպելը ձևախեղելու կամ էլ այլանդակելու մտադրություն չունեմ։ Հատկապես որ իրական կյանքը հայտնագործած Մինասյանը Գաուտամայի օրինակով չգնաց տառապանքի հետևից, չփորձեց հասկանալ ու գտնել դրա պատճառը։ Ավելին՝ իր իսկ չիմացության դեմ պայքարելու փոխարեն, նա որոշեց նորից հեռանալ իրականությունից ու վերադառնալ կեղծիքի աշխարհ, որտեղ կյանքը տարանջատված է պարիսպներով, բայց այս դեպքում՝ միֆական։ Հենց այս մտայնությունն է, որ Մինասյանին դարձրել է ագրեսիվ ու չկշռադատված։ Սրա հիմքում, իհարկե, չիմացությունն է, քանի որ հնարավոր չէ գտնել Նիկոլ Փաշինյանի իշխանության կործանման ճանապարհը, երբ չես հասկացել սեփական ոչնչացման պատճառները։

Հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ Մինասյանը չփորձեց հասկանալ իրական կյանքի և տառապանքի պատճառը։  Եվ չի էլ կարող հասկանալ, քանի որ վերադարձի հիվանդագին տենչը սահմանափակել է օբյեկտիվ իրականությունը գնահատելու և արժևորելու կարողությունը։ Կարոտն առ անհոգությունն ու հարմարավետությունը չափազանց զորեղ է, մարդուն վերջնականապես ջախջախող և ոչնչացնող։ Դա հիվանդագին տենդ է, որի մարմնավորումը վախճանաբանական հրապարակախոսությունն է։ Բայց տեքստը վերջանալու հատկություն ունի, ավարտ, որին հաջորդում է անիմաստության զգացողությունը՝ դեպրեսիան։ Իսկապես Միքայել Մինասյանը կարեկցանքի և հոգեբանի կարիք ունի։ Ինչ-որ մեկը պետք է նրան բացատրի, որ իրադարձությունները հստակ հաջորդականություն ունեն, իսկ հանրության մեջ բարոյականությունը դեռևս վերջնականապես ոչնչացված չէ։

Կարպիս Փաշոյան

Նմանատիպ Հոդվածներ

Գիքորը` պետության և կալվածքի երկընտրանքի առջև

Սերինե

Հեղափոխության երկրորդ ալիքը․ Ուժեղ ձեռք

Սերինե

Հանրահավա՞ք, թե՞ զինված պայքար

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին