5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135155.2 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում. ՀՀ ԱԳ նախարար
Քաղաքականություն

Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում. ՀՀ ԱԳ նախարար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում. միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը:  Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում խորագրով քննարկմանը:

Նախարարը նախ նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե տարածաշրջանային, թե խոշոր դերակատարների ուժերի, ազդեցությունների վերադասավորում: Սակայն դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: «Այդուհանդերձ կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: «Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,-ասաց Այվազյանը:

Նախարարը շեշտեց, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախևառաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալներն ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն: Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ: «Միևնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես խաղաղ գործընթացի առաջմղումը»,-ասաց Այվազյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին