
«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»,- Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց։
«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ասացին, որ այս հայտարարությունը բացահայտ սպառնալիք է, որ սա իշխանության մեսիջն է, որը հնչեց Քոչարյանի շուրթերով, և որ իշխանությունն այս հայտարարությամբ ցույց տվեց, որ վախեցած է։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հռետորական հարց ուղղեց, թե ումից պետք է իշխանությունը վախենա՝ Սերժ Սարգսյանի՞ց, Գագիկ Ծառուկյանի՞ց, Դաշնակցությունի՞ց․
««Իմ քայլը» և «Հայրենիքի փրկության շարժման» կազմում համախմբված կուսակցություններն, իրականում, միմյանց անհրաժեշտ են։ Միասին ընդհանուր մտավախություն ունեն, որ այլ քաղաքական ուժեր Հայաստանում չկարողանան հանրային մոբիլիզացիա իրականացնեն, և այս ողջ քաղաքական պիեսը դրա համար է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Քաղաքագետն ընդգծեց, որ պետությունը պարտավոր է պաշտպանել պետական ինստիտուտները բռնության միջոցով զավթելուց, բայց խաղաղ անհնազանդության դեպքում ուժ կիրառելը, ըստ Ղուկասյանի, պետք է լինեն համաչափ։
Կառավարման փորձագետ Արշակ Սարգսյանի կարծիքով էլ՝ Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունն ամենևին էլ ծրագրված հատուկ մեսիջ չէր իշխանության կողմից, ինչպես պնդում է «Հայրենիքի փրկության շարժումը»․
«Անդրանիկ Քոչարյանի կողմից անզգույշ արված արտահայտություն է, որն ընդդիմությունը շահարկում է, եթե մեսիջ լիներ, դա բացահայտ չէր արվի, ներքին խողովակներով կլիներ։ Երկուստեք հնչող նմանատիպ հայտարարություններն ավելի են սրում ստեղծված իրավիճակը, ինչի միակ հանգուցալուծումը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է»,- ասաց Սարգսյանն ու ընդգծեց, որ նման հայտարարություններն անընդունելի են, և խաղաղ ժողովրդի վրա կրակելու իրավունք ոչ ոք չունի։
Անդրիաս Ղուկասյանը, սակայն, չի կարծում, որ այս սպառնալիքն ուղղված էր ժողովրդին․ «Դա ուղղված էր ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, այս ուժերի ու իշխանության բախման մեջ ժողովուրդը ներգրավված չէ, այստեղ գործ ունեն այդ քաղաքական ուժերի կողմնակիցները։ Այսպիսի գործողությունները ապակայունացնում են երկրի վիճակը, իսկ «Իմ քայլը» ոչինչ չի անում դրությունը շտկելու համար, ընդհակառակը՝ ամեն կերպ սրում է այդ քաղաքական պիեսը, որն այսօր մատուցվում է մեր ժողովրդին»։
Քաղաքագետի համոզմամբ՝ այն, ինչ այսօր կատարվում է ներքաղաքական կյանքում, փոխկապակցված քաղաքական շոու է, որի նպատակը քաղաքական դաշտը փակելն է երրորդ ուժերի համար։
Քրիստինե Աղաբեկյան