
ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости լրատվական գործակալության հետ զրույցում ներկայացրել է ՀՀ ԶՈւ արդիականացման որոշ ծրագրեր: NewArmenia.am-ը հարցի հետ կապված զրուցել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ:
— Պարո՛ն Գորգիսյան, Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ—ում ոչ միայն պլանավորվում են, այլև արդեն իսկ մեկնարկել են բարեփոխումները: Շոշափելի գործողություններ կամ արդյունք տեսնո՞ւմ եք:
— Ռեալ ու շոշափելի արդյունք տեսնելու համար դեռ ժամանակ է հարկավոր, այսքան արագ արդյունք սպասելն անիմաստ կլիներ: Բայց այն, որ բանակն ունի արդիականացման կարիք, չի քննարկվում ու միանշանակ է: Բանակի արդիականացում պետք է լինի սկսած կառուցվածքից, ռազմավարության մշակման գործընթացից ու վերջացրած սպառազինությունների գնման պլանավորումից ու գնման առաջնահերթություններից:
— Հարությունյանի խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղվելու են զարգացման վերահսկման համակարգերի, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի, հրթիռային ուժերի և հրետանու վրա: Ի՞նչ կասեք այս ծրագրերի մասին:
— Ամեն ինչ, այսինքն՝ցանկացած գործընթաց իմաստ ունի, եթե կա դրա զարգացման ռազմավարությունը: Քանի դեռ չկա ռազմավարություն, այդ ամենն անիմաստ փողերի վատնում է լինելու, ինչպես ինքնաթիռների գնումը: Երբ կլինի ռազմավարություն, թե մենք ի՞նչ խնդիրների ենք պատրաստվում, եթե պատերազմ է լինելու, ապա բնույթն ինչպիսի՞ն է լինելու և այլ: Այս հարցերի պատասխաններից էլ կբխի մեր քայլերը, թե ինչ ենք առնելու, ինչն ենք զարգացնելու:
— Երևանն ու Մոսկվան այժմ մշակում են Հայաստանում գործող Գյումրու 102-րդ ռազմական բազայի մի մասը Հայաստանի արևելյան հատված տեղափոխելու հարցը: Սա ճի՞շտ քայլ եք համարում։
— Մենք առաջարկել էինք, որ ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումներից մեկը Սյունիքում լինի: Հիմիկվա մեր առաջարկի ավելի մոդերֆիկացված տարբերակն են առաջարկում: Եթե դա կօգնի տեղի բնակչությանը, որ իրենց ավելի ապահով ու անվտանգ զգան, ապա կարելի է անել:
— ՊՆ նախարարն իր խոսքում նշել է, որ այս տարվա հունվարի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, երկկողմ համաձայնագրերի համաձայն, ՀՀ-ում էր գտնվում ՌԴ ՊՆ շատ ներկայացուցչական և իրավասու պատվիրակություն՝ օգնելու ՀՀ ԶՈւ բարեփոխման և արդիականացման գործում: Անվտանգային նման սպառնալիքների պարագայում վտանգավոր չէ՞ ՀՀ ԶՈւ բարեփոխումները միայն ՌԴ-ի հետ իրականացնելը:
— Հայաստանն այլ ռազմավարական գործընկեր չունի: Քաղաքականության, միգուցե արտաքին քաղաքականության բացթողում է, բայց իրողություն է, որն ունենք, որի հետ պետք է հաշվի նստենք: Այսօր մենք այլ ռազմավարական գործընկեր չունենք, լավ է վատ է, հիմա սա է:
Անի Արամի