1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136371.2 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Քաղաքական բառապաշարը մնացել է բոլշևիկյան ու մենշևիկյան տրամաբանության մեջ. կարծիքներ՝ անձնական վիրավորանքների մասին
Գլխավոր Նորություններ

Քաղաքական բառապաշարը մնացել է բոլշևիկյան ու մենշևիկյան տրամաբանության մեջ. կարծիքներ՝ անձնական վիրավորանքների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի՝ Արփինե Հովհաննիսյանի ու Նաիրա Զոհրաբյանի մասին ֆեյսբուքյան գրառումը հասարակական-քաղաքական դաշտում բուռն քննարկումների առիթ էր դարձել, ավելին՝ քննարկվում է Ներսես Պողոսյանին աշխատանքից ազատելու հարցը: Ուշագրավն այն է, որ նման արձագանք չի լինում, երբ ընդդիմության ներկայացուցիչները վիրավորում են, օրինակ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին կամ իշխանության այլ կին պատգամավորներին: NewArmenia.am-ը հարցը քննարկել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար երկու կողմից էլ վիրավորանքներն անընդունելի են:

«Քաղաքական բառապաշարը, ցավոք սրտի, մնացել է բոլշևիկյան ու մենշևիկյան տրամաբանության մեջ, երբ քաղաքական կողմերը քննադատական խոսքում կիրառում են անձնական վիրավորանքներ՝ թիրախավորելով նրա սեռը, կրոնական հավատալիքները, էթնիկական պատկանելությունը և այլն, այսինքն՝ ոչ թե գաղափարն է ենթարկվում քննադատության, այլ գաղափարն արտահայտողին են թիրախավորում: Սա ցույց է տալիս, որ մտածելակերպը դեռևս խտրական է: Խտրականության մշակույթը հիմքն է ատելության խոսքի, թշնամանքի: Ամեն անգամ զարմանում են, երբ խտրականության հետևանքով տուժած ժողովրդի ներկայացուցիչները շարունակում են գործել խտրականության տիրույթում, չէ՞ որ ցեղասպանությունն ինքը խտրականության ծայրաստիճան դրսևորումն է՝ ըստ էթնիկ ու կրոնական պատկանելիության»,- ասաց նա:

Արթուր Սաքունցը կարևորեց քաղաքական գործիչների՝ հատկապես իշխանության ներկայացուցիչների վարքագիծը, որովհետև իշխանությանն օրինակ է համարում հանրության մնացած ներկայացուցիչների համար: Նա նկատեց, որ քաղաքական գործընթացների ընթացքում իշխանության ու ընդդիմության անունները փոխվում են, բայց բառապաշարն ու գնահատականները, ցավոք, նույնն են մնում:

«Այսպես էլ չի կարելի շարունակել, եթե մեկը խուլիգանություն է անում, ապա խուլիգանությանը խուլիգանությամբ չպետք է պատասխանես, սա անընդհատ իջեցնում է մակարդակը, փչացնում մթնոլոտն, ի վերջո, պետք է մնալ օրինապահության ու էթիկայի շրջանակում: Հիշում ենք այն ժամանակ էլ կտամ չանեդ կկոտրեմ, ով է այդ տղամարդը կամ այլ անձնական վիրավորանքներ միշտ հնչել են ու դրանք անթույլատրելի են, հատկապես ցավալի է, երբ թիրախում կինն է, և ամենևին կապ չունի իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ է: Գործ ունենք ատելության մթնոլորտի հետ, որի մեղավորները պատասխանատու են, իսկ հետևանքները կարող են տխուր լինել»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:

Միևնույն ժամանակ Արթուր Սաքունցը շեշտեց, որ գործող իշխանությունը պատասխանատվություն ունի, որ նման վարքագիծ չդրսևորի, բայց հավելեց, որ այս մշակույթը դրվել էր դեռ նախկինների օրոք, ընդդիմությունը ծեծեց ԱԺ նախագահին, բռնություն ու վիրավորանք կա նաև  պատգամավորների նկատմամբ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ դատապարտեց  ու բացարձակ անընդունելի  համարեց քաղաքական գործընթացներում հնչող  անձնական բնույթի, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող խոսքերը։

«Մենք ականատես ենք լինում, որ որոշ շրջանակներ, որոնք իրենց քաղաքական են կոչում, բայց, իրականում, բանդիտներ են, անցել են բոլոր կարմիր գծերը. անձնական բնույթի վիրավորանքներ են հնչեցնում, թիրախավորում են ընտանիքի անդամներին և այլն։ Ասածիս համատեքստում ինձ համար դատապարտելի է նաև ձեր մատնանշած օրինակը»,- շարունակեց Հովհաննիսյանը:

Սակայն պատգամավորին զարմացնում է այն հանգամանքը, որ Արփինե Հովհաննիսյանին պաշտպանողները երբեք չենք քննադատել այն անձանց, որոնք թիրախավորում են իշխանության ներկայացուցիչների ընտանիքները:

«Այս օրինակի արդյունքում մենք տեսնում ենք, որ կոնկրետ մարդիկ, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն տիկին Հովհաննիսյանի, երբեք չեն խոսել, երբ, օրինակ, թիրախավորվել են քաղաքական գործիչների ընտանիքի անդամները՝ կանայք և երեխաները, ինչը ինձ թույլ է տալիս կասկածի տակ առնել տվյալ անձանց բարոյականությունն առհասարակ և ողջամիտ կասկած ունենալ, որ հենց նրանք են դիտավորյալ թիրախավորում պաշտոնյաների պատիվն ու արժանապատվությունը և նրանց ընտանիքի անդամներին»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին