8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136220.8 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » ՀՀ ՔԿ-ն և «Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնը համաձայնագիր են ստորագրել
Այլ Լուրեր

ՀՀ ՔԿ-ն և «Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնը համաձայնագիր են ստորագրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քննչական կոմիտեի և Երևանի «Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնի միջև փետրվարի 23-ին, Քննչական կոմիտեում ստորագրվել է համաձայնագիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստաթուղթն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և Երևանի «Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն, համալսարանի հիմնադիր, ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

Համաձայնագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:

Քննչական կոմիտեի նախագահը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշել է, որ այն հիմք կհանդիսանա կառույցների միջև սերտ համագործակցություն ձևավորելու գործում՝ միաժամանակ ընդգծելով ուսումնական հաստատությունում քրեագիտություն առարկայի դասավանդման առանցքային դերը:

«Որպեսզի անձը լավ քննիչ համարվի, չափազանց կարևոր է, որ նրա կրիմինալիստիկական գիտելիքները լինեն բարձր մակարդակի վրա»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

Իր հերթին Ժորա Ջհանգիրյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար, նշել է. «Գլաձոր» համալսարանում կրիմինալիստիկայի կենտրոնի բացումը ուներ մեկ նպատակ՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացմանը»:

Անդրադարձ է կատարվել նաև նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների կազմակերպմանը:

«Նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային, արդիական և պահանջում է համալիր լուծում և համաձայնագրի ստորագրումը ևս մեկ քայլ է՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերի շարքում:

Փաստաթղթի ստորագրումը նպատակ է հետապնդում՝ բարձրացնելու նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների ինչպես որակը, այնպես էլ՝ դրանց իրականացման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև՝ կանխելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է նաև մասնագիտական ոլորտում փորձի փոխանակում՝ ճանաչողական այցերի, խորհրդատվությունների, կլոր սեղանների և գիտաժողովների անցկացման միջոցով, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական, ինչպես նաև՝ մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին