NewArmenia.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչ Հակոբյանը:
-ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեզ մեղադրում է, որ դուք ուզում եք վերարտադրվել ԱԺ այս ընտրությունների արդյունքում։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս մեղադրանքը։
-Իրեն բնորոշ, իրենց իշխանությունների օրոք բնորոշ մեղադրանք է՝ վերարտադրվել։ Մենք ընտրությունը թողնում ենք մեր քաղաքացիներին, թե ինչ որոշում կկայացնեն։ Եթե նրանք կցանկանան, որ մենք ստանձնենք իշխանություն, մենք ստանձնենք իր իշխանության պարտավորությունները, մենք դա կանենք։ Իսկ ինչ վերաբերվում է վերարտադրվելուն, նրանք տարիներ շարունակ վերարտադրվել են, հաշվի չեն առել ՀՀ քաղաքացիների կարծիքը, և դա վերածվել է ստերեոտիպի։
-Ճի՞շտ է, որ վերջերս ձեզ հետ հավաքում խոսել է նախկինների ռեսուրսների մասին, նշել է, որ ընտրությունները ՔՊ-ի համար հեշտ չեն լինի, որ նախկիններն ունեն ուժեղ մեդիառեսուրս ու կարող են դժվարացնել ընտրությունները հեղափոխական ուժի համար։
-Մենք հանդիպումներ ունենում ենք վարչապետի հետ, վերջերս կրկին հանդիպել ենք, բնականաբար քննարկվել է ընտրությունների հարցը, բայց այն ինչ Դուք ասացիք, չեմ կարող մտաբերել։ Եղել է խոսակցություն մեր ռեսուրսների մասին, նախկինների ռեսուրսների մասին, բայց դետալային չեմ հիշում, թե ինչ ենք խոսել։
-Պարոն Հակոբյան, Դուք ինչո՞վ եք բացատրում, որ Ձեր հիմնական հակառակորդ են դիտարկվում նախկինները։
-Իրենք են իրենց այդտեղ տեղավորել, այլ տարբերակ էլ ունեին։ Նրանք ունեին Ձեր ասած մեդիառեսուրսը, իրենք իրենց բերեցին տեղադրեցին, տեղավորեցին որպես մեզ հիմնական հակառակորդ, մրցակից, որպեսզի այլ քաղաքական ուժեր չկարողանան զբաղեցնել այդ տեղը։
-Ձեզ նաև մեղադրում են, որ դուք ջրեցիք ու աճեցրեցիք Ռոբերտ Քոչարյանին։
-Ես արդեն ասացի, որ որևէ կերպ չենք ջրել ու աճեցրել Ռոբերտ Քոչարյանին, քիչ առաջ էլ ասացի՝ իրենք են եկել, խցկվել այդ տեղում։ Բայց ես վստահ եմ, որ մեր հանրությունն այնուամենայնիվ իրավիճակը շատ ավելի սթափ է գնահատում և կարող է տեսնել, որ Ռոբերտ Քոչարյանն կամ Հանրապետական կուսակցությունը չեն կարող լինել հիմնական մրցակից, որովհետև չի կարող հիմնական մրցակցություն լինել լեգիտիմ իշխանության և, օրինակ, տարիներ շարունակ իշխանությունը զավթած, քաղաքացիների կարծիքը հաշվի չառած քաղաքական ուժի միջև։
-ՔՊ-ն նախընտրական արշավի ժամանակ ի՞նչ ուշադրություն է դարձնելու Ղարաբաղի հարցին։
— Ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել, քանի որ ծրագիրը մշակման փուլում է, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Ղարաբաղի հարցին անդրադարձ կլինի։
-Դուք հնարավոր համարու՞մ եք այս պահի դրությամբ ընտրություններից հետո ԲՀԿ-ի հետ քաղաքական կոալիցիան։
-Այս պահի դրությամբ չեմ բացառում որևէ քաղաքական ուժի հետ, որին իր վստահության քվեն կտա ՀՀ քաղաքացին, ու նա կարող է լինել երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում, միգուցե լինի կոալիցիա։
-Իսկ եթե 2-րդ քաղաքական ուժ լինի նախկիններից որևէ մե՞կը, ենթադրենք ՀՀԿ-ն կամ Քոչարյանի ղեկավարած դաշինքը։
-Կարող եմ ասել, որ հանցագործների հետ կոալիցիա չենք կազմի։
Զրուցեց Մհեր Արշակյանը
