NewArmenia.am-ի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։
-Պարո՛ն Վարդանյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ըստ Ձեզ, ո՞ր կուսակցությունները խորհրդարան անցնելու հնարավորություններ ունեն։
-Կարծում եմ՝ 5-6 ուժեր կունենա ներկայացվածություն ձևավորվելիք խորհրդարանում։ Բնականաբար այդ ցուցակում կլինի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն և ԼՀԿ։ Բացի այս 4 ուժերից ևս մի քանի ուժեր էլ լավ հնարավորություններ ունեն, սակայն ամեն ինչ կախված է ընտրարշավի ճիշտ կառուցումից ու կազմակերպումից՝ խոսքը վերաբերում է ՀԱԿ-ին, ինչ-որ առումով «Հանրապետություն» կուսկացությանը և ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքին։
-Փորձագիտական դաշտում շատ է քննարկվում այն, որ առաջիկա ընտրություններին ընտրապայքարը ընթանալու է երեք հիմնական բևեռների միջև՝ «ՔՊ», «Հայաստան» դաշինք և ՀԱԿ։ Դուք ի՞նչ կասեք այս բևեռայնության մասին։
—Այո, այդ քննարկումներում կա ճշմարտություն։ Հիմանական պայքարն այդ ուժերի միջև կգնա։ Իշխանությունն ունի ֆավորիտ կուսակցություններ, որոնց ցանկանում է տեսնել ԱԺ-ում, որպեսզի կոալիցիա կազմի, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ևս շատ լավ հասկանում է, որ միայնակ ի զորու չէ բացարձակ մեծամասնություն կազմել, և նրան ևս պետք են որոշ ուժեր իր հետ կոալիցիա կազմելու համար, իսկ արդեն երրորդ բևեռը կարող է լինել և՛ ՀԱԿ-ը և՛ ԼՀԿ-ն, որոնք կարծես՝ հակված չեն միանալ այս երկու բևեռներին ու ներկայանալու են առանձին-առանձին։
-Երեկ ԲՀԿ-ն չքվերակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում կառավարության կողմից իրականացվող
գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որն իրենից ենթադրում էր, որ գործող իշխանությունը մինչև երկրում նոր իշխանության ձևավորումը որևէ բանակցություն վարելու կամ փաստաթուղթ ստորագրելու իրավունք չպետք է ունենա։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ԲՀԿ-ն նման գործելաոճ որդեգրել։
—ԲՀԿ-ի կեցվածքն իրականում այդքան էլ հասկանալի չէ, քանի որ սկսել են շատ հաճախ բոյկոտել խորհրդարանական հարթակը իշխանության վրա որևէ ճնշում գործադրելու համար։ Բացի դրանից՝ ԲՀԿ-ն իր ցուցակից դուրս թողեց Նաիրա Զոհրաբյանին ու Գևորգ Պետրոսյանին, ովքեր որաշակիորեն «գլխացավանք» էին դարձել գործող իշխանության համար։ Այս համատեքստում ես ունեմ ողջամիտ կասկածներ, որ իշխանությունը ԲՀԿ-ի հետ ունի ստվերային պայմանավորվածություն՝ առ այն, որ խորհրդարանական ընտրություններից հետո, եթե իշխանությանը չհաջողվի բացարձակ մեծամասնություն կազմել, ապա նա ԲՀԿ-ի հետ կոալիցա կկազմի՝ ձևավորվելով կոալիցիոն կառավարություն։
-Պարո՛ն Վարդանյան, սահմանային վերջին զարգացումները, նոր հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը որևէ ազդեցություն կունենա՞ն նախընտրական պայքարի վրա։ Արդյո՞ք այս ամենը որևէ կերպ կազդի օրինակ հենց իշխանության հնարավորությունների վրա
-Այո, որոշակիորեն կարող է ազդել նախընտրական պայքարի վրա։ Նույն սահմանային լարվածությունը, եթե ոչինչ չդիտարկենք, միայն այն, որ այդ հատվածի բնակչությունը խնդիրների առջև է կանգնում, դա արդեն բավարար է մտածելու համար, որ այդ ամենը շրջվելու է իշխանության դեմ։ Քաղաքացիների մոտ հակաիշխանական տրամադրություններ են ձևավորվում՝ նվազեցնելով իշխանության հնարավորությունները։
Զրուցեց Մելինե Պետրոսյանը
