-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Մեքենաների համարանիշեր գողացող բանդա է գործում. քաղաքացիները քնելուց առաջ հանում են համարները. «ՀԺ»
թերթերի տեսություն

Մեքենաների համարանիշեր գողացող բանդա է գործում. քաղաքացիները քնելուց առաջ հանում են համարները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. 

Մայրաքաղաքի բակերում վերջին ամիսներին հաճախ կարելի է հանդիպել առանց համարանիշերի ավտոմեքենաների: Սա ոչ թե նոր թրենդ է, այլ հանցավորության դեմ կիրառվող հակընդդեմ հնարք: Բանն այն է, որ վերջին շրջանում թանկարժեք համարանիշերը հայտնվել են հանցավոր խմբերի թիրախում, եւ տուժողի կարգավիճակից խուսափելու համար շատերը սկսել են դիմել ինքնապաշտպանական մեթոդների՝ քնելուց առաջ հանելով մեքենաների համարանիշերը:

Հանցագործները համարանիշերը գողանալուց հետո տուժողի մեքենայի վրա թողնում են «Տելեգրամյան» ալիքում գրանցված հեռախոսահամար, որի միջոցով տուժողները պետք է իրենց հետ կապ հաստատեն եւ ավելի մատչելի գնով փորձեն ձեռք բերել իրենց իսկ համարանիշը: Գրության մեջ նրանք չեն մոռանում բարեկրթություն ցուցաբերել եւ նշել՝ «Հայցում ենք Ձեր ներողամտությունը»: Տելեգրամյան ալիքը, բնականաբար, անանուն է, եւ ոստիկանների համար բավականին բարդ է դուրս գալ նրանց հետքի վրա:

Այստեղ խնդիրն այն է, որ օրենքով 2 համարանիշերի կորստի դեպքում քաղաքացին չի կարող կրկնօրինակը ստանալ ոստիկանությունից եւ միայն 1 համարանիշի կորստի դեպքում է հնարավոր տուրք վճարել եւ 1 օրինակ ստանալ: Հակառակ դեպքում քաղաքացին ստիպված է կա՛մ  պետական տուրքը վճարել հերթական համարանիշ ձեռք բերելու համար, կա՛մ իր ուզած համարանիշի համար դարձյալ մի կլորիկ գումար վճարել:

Այսինքն, եթե մարդն ունի, օրինակ, 1 մլն դրամանոց համարանիշ եւ դրա գողության դեպքում նրանից պահանջում են 300 հազար դրամ, նա իր համարանիշը հետ ստանալու համար ստիպված վճարում է հանցագործներին: Ընդ որում, այն վճարվում է ոչ սովորական հաշվեհամարների: Կարող է պահանջ լինել գնել թվային արժույթ (ենթադրենք բիթքոին) վերոնշյալ գումարի չափով եւ այն փոխանցել մեկ այլ հաշվեհամարի: Իսկ գումարը վճարելուց հետո քաղաքացուն ուղարկում են քարտեզով այն հասցեն, որտեղ գտնվում են գողացված համարանիշերը:

Համացանցում նույնիսկ լուսանկարներ կան տարածված, թե ինչպես են տուժողները բանակցում հանցագործների հետ եւ շատ դեպքերում նաեւ գին «գցում»:

Խնդրի լուծման համար այս պահին միանգամից 2 նախագիծ է շրջանառության մեջ դրված: Մի նախագծով դատախազությունն առաջարկում է համարանիշերի գողությունը քրեականացնել, իսկ մյուսով՝ ոստիկանությունն առաջարկում է պահանջարկ ունեցող համարանիշերի գողության դեպքում կրկնօրինակը տրամադրել: Սրանք, սակայն, դեռ քննարկման փուլում են:

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ համարանիշերի գողությունները նորություն չեն աշխարհում: Դա համարվում է հեշտ գումար ստանալու աղբյուր:

«Ոչ մեծ ռեսուրսներ ծախսելով՝ հնարավոր է հասնել փոքրիկ «հաջողությունների»: Գողերը գումարները փորձում են ստանալ տարբեր մեսինջերների համարների միջոցով, որոնք գտնելը ժամանակատար է եւ հիմնականում անարդյունք: Համարանիշերի գողության դեպքերը Ռուսաստանում է ավելի տարածված եւ այնտեղ հիմնականում աշխատում են ոչ թե ռուսական համարանիշերի ուղղությամբ, այլ Ռուսաստանում բնակվող օտարերկրյա հաշվառման համարանիշեր ունեցող մեքենաների»,- մանրամասնեց նա: Ասաց՝ այս գողություններն ինչ-որ առումով կապ ունեն անպատժելիության մթնոլորտի հետ, եւ թույլ վերահսկողությունը հանցագործներին ազատություն է տվել. «Բացի այդ, երկրում տեղի ունեցող իրադարձությունները ուժային կառույցներին թույլ չեն տալիս կենտրոնանալ իրենց բուն պարտականությունների վրա: Հիմնականում գողերի թիրախում մեծ պահանջարկ ունեցող «գոլդ» համարանիշերն են»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....