Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված բուժհաստատությունները քիչ-քիչ վերադառնում են բնականոն աշխատանքի: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը նշեց, որ վերջին շրջանում բուժհաստատություններում COVID-19-ով պայմանավորված բուժման կարիք ունեցող պացիենտների թիվը նվազում է:
Մայիսի 24-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով վարակված ծանր պացիենտների թիվը շուրջ 400 է, ծայրահեղ ծանր է շուրջ 100-ը, որից 48-ին միացված է արհեստական շնչառական ապարատ: Ներկայում հիվանդանոցներում բուժվում է շուրջ 800 պացիենտ:
«Վերջին օրերին նկատվում է նաև կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի նվազում: Հայտնաբերված նոր դեպքերի մեջ հիվանդանոցային բուժման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը նույնպես պակասում է: Քանի որ թեթև դեպքերն էլ բուժում են ստանում տանը՝ կապի մեջ լինելով պոլիկլինիկաների հետ, ապա կարող ենք ասել, որ բուժանձնակազմը շունչ քաշելու հնարավորություն է ստանում»,-ասաց Լիանա Բարսեղյանն՝ ընդգծելով, որ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու գործում իրենց ազդեցությունը կարող են թողնել պատվաստումները: Որքան շատ մարդ պատվաստվի, այնքան այդ հարցում արդյունքները շատ արագ տեսանելի կլինեն:
Մայիսի 24-ի դրությամբ հանրապետությունում առկա է վերապրոֆիլավորված 13 բժշկական կազմակերպություն՝ նախատեսված կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման համար: Դրանցից 9-ը Երևան քաղաքում է, 4-ը՝ մարզերում: Նշված բուժհաստատություններում է ծավալված է շուրջ 1700 մահճակալ, որից 220-ը վերակենդանացման բաժանմունքի մահճակալներն են: Մայիսի 24-ի դրությամբ առկա է շուրջ 800 ազատ մահճակալ, որից 60-ը վերակենդանացման ծառայությունում են:
«Երբ մենք նայում ենք համավարակի տարածման տեմպին, որը թուլացել է, ապա դիտարկում ենք առաջիկայում վերապրոֆիլավորումից հանել ևս երկու մարզային բուժհաստատություն՝ «ԻՌՎԻՆԳ» ՍՊԸ-ն և Ապարանի բժշկական կենտրոնը: Մարզերում կգործեն Սպիտակի բժշկական կենտրոնն ու Կապանի բժշկական կենտրոնը: Կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նախատեսված մահճակալների ազատ տեղերն ավելանում են, և դրանք այդպես ազատ թողնելն ու այլ հիվանդներ չընդունելն անիմաստ է»,-ասաց Լիանա Բարսեղյանը:
Թեպետ հիմա COVID բաժանմունքները փակվում են, սակայն Լիանա Բարսեղյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում շատ արագ կարձագանքեն և բուժհաստատությունները կրկին կվերապրոֆիլավորվեն:
«Հիվանդանոցները մեր ռեզերվում կան արդեն, գիտենք, թե որ տարածաշրջանում որն ենք արագ վերապրոֆիլավորելու, եթե դրա կարիքը լինի: Անհրաժեշտության դեպքում մի անգամից կանենք, արդեն ռեսուրսն էլ ունենք, սարքավորումներն էլ»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:
