Եվրասիական փորձագիտական ակումբը մտադիր է առաջիկայում կոնսուլտացիաներ սկսել Հայաստանի քաղաքական ուժերի հետ՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու Եվրասիական տարածքի երկրներում Հայաստանի բարեկամների ու կողմնակիցների թվի ավելացման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող և «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը՝ «Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» խորագրով համաժողովից հետո:
«Պատրաստվում ենք եկող շաբաթ կոնսուլտացիաներ սկսել հիմնական քաղաքական ուժերի հետ՝ նրանց կողմնակիցների հրավիրելով աշխատելու մեր փորձագետների ու գիտնականների հետ»,-հայտնեց Սաֆարյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում անհրաժեշտ քաղաքագիտական, փորձագիտական ու վերլուծական մտքի պակաս չի զգացվում: Այդուհանդերձ, ըստ փորձագետի, հնարավորությունների կոորդինացման ու համադրման անհրաժեշտություն է զգացվում:
«Հետազոտությունները ցույց են տվել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանում որակապես մեծացել է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը ամրապնդելու և խորացնելու կողմնակիցների թիվը: Հասարակության մեջ առկա այդ պահանջով է թելադրված այն քաղաքական գործիչների կեցվածքը, որոնք տարբեր առաջարկություններ են անում մեր երկու երկրների միջև ռազմավարական դաշինքը նոր մակարդակի բարձրացնելու հարցում»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ համաժողովի կազմակերպման նպատակը հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակի վերաբերյալ՝ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների ու Հայաստանում Եվրասիական երկրների դեսպանատների դիվանագետների դիտարկումները մեկտեղելն է:
Ըստ փորձագետի՝ հայ-ռուսական դաշինքի արդի վիճակի ու հեռանկարների վերաբերյալ այդ դիտարկումները կարող են շատ արժեքավոր լինել և ընդգրկվել իրենց աշխատանքի հիմքում:
«Նախընտրական շրջանում դրանք կարող են նպաստել կառուցողական բանավեճի ծավալմանը՝ Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդման կողմնակիցների ու հակադրվողների միջև: Արդեն հետընտրական գործընթացների ժամանակ հնարավորություն կտան մշակելու խելացի, հասկանալի ու ժողովրդի համար ընդունելի քաղաքական կուրս»,-ասաց Սաֆարյանը՝ նշելով, որ գիտնականները ու փորձագետները, որոնք անկեղծորեն հանդես են գալիս հայ-ռուսական կապերի համակողմանի զարգացման ու խորացման օգտին, շատ անելիք ունեն Հայաստանում, Ռուսաստանում և Եվրասիական տարածքի մյուս երկրներում, որպեսզի կարողանան ավելացնել Հայաստանի բարեկամների ու կողմնակիցների թիվը:
Համակարգողը նշեց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը պատրաստ է ստանձնելու իր բաժին պատասխանատվությունը՝ վերկուսակցական հարթակ ծառայելով հայ-ռուսական դաշինքի զարգացման վերաբերյալ գաղափարների քննարկման ու որակյալ փորձագիտական եզրակացությունների համար:
