-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու մասին
Այլ Լուրեր

Նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու մասին

Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում իրադրության կայունացման և այն բարօրության գոտու վերածելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝  ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբեր –նոյեմբեր ամիսների իրադարձություններից հետո լիարժեք երկխոսության և փոխվստահության վերականգնման ճանապարհին են:

«Ռուս խաղաղապահներն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի  համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը զբաղված է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ: Ռուսական կողմն ակտիվորեն ներգրավված է նաև  հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը: Կանոնավոր կապ ենք պահպանում Բաքվի և Երևանի հետ՝ ամենաբարձր և բարձր մակարդակներով»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ օպերատիվ կապ է գործում զինվորականների, սահմանապահ ծառայությունների և, բնականաբար, արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով:

Անդրադառնալով Ադրբեջանի զինվորականների կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ միջադեպն անմիջական առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը որպես ժառանգություն մնացել է դեռևս խորհրդային ժամանակներից: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է  ամեն կերպ աջակցել դրան»,- ընդգծել է Զախարովան:

Նմանատիպ Հոդվածներ

ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա

Սերինե

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին. Զախարովա

Սերինե

Մի՞թե նման բաժանարար գծերը կնպաստեն կարգավորման հասնելուն. Զախարովան՝ Բաքվի «ռազմավարների պուրակ»-ի մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....