-2.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Եթե 1918 թ.-ին մահվան դատապարտվածների նման կռվելով հնարավոր եղավ թուրքին հաղթել, ապա դա այսօր էլ է հնարավոր. Մելքոնյան
Գլխավոր Նորություններ

Եթե 1918 թ.-ին մահվան դատապարտվածների նման կռվելով հնարավոր եղավ թուրքին հաղթել, ապա դա այսօր էլ է հնարավոր. Մելքոնյան

Այսօր` մայիսի 28-ին Հայաստանը տոնում է առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձը: 103 տարի առաջ հայ ժողովուրդը դարերի պայքարից հետո հասավ իր բաղձալի նպատակին` հայոց հողի վրա վերականգնեց իր անկախ պետականությունը և ինքնիշխանությունը: Ծանրագույն պայմաններում ստեղծված հանրապետությունը հայ ազգի դժվար պահերին միասնական լինելու արդյունք էր: Եվ ահա ավելի քան 100 տարի անց հայ ժողովուրդը նորից կանգնած է նոր Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի առջև:

NewArmenia.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ՝ հասկանալու համար, թե հայ ժողովուրդն ի՞նչ ուներ և ինչի՞ հասավ 1918 թվականի մայիսի 28-ին և ի՞նչ ուներ ու ինչի՞ հասավ այսօր` 103 տարի անց։

-Պարո՛ն Մելքոնյան, մենք 1918 թվականի մայիսի 28-ին ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք այսօր:

-1918 թվականի մայիսի 28–ի նախօրյակին մենք չունեինք պետություն, բայց ունեինք կամավորական ջոկատներ ու կամք։ Կամք, որի շնորհիվ կռվեցինք մահվան դատապարտվածի նման։ Այսօր մենք ունենք պետականություն, բայց, ցավոք սրտի, կամային հատկանիշները մեզ մոտ պակասել են։ Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ փոքրիկ հաղթանակների պարագայում հնարավոր կլինի կրկին մեր հաղթական ոգին վերականգնել։ Այսօր 1918 թ.-ի համեմատ, մենք շատ ավելի շահեկան վիճակում ենք, քանի որ ունենք միջազգայնորեն ճանաչված Հանրապետություն, որի սահմանների անձեռնմխելիության խնդիրը նաև միջազգային հանրության խնդիրն է, ունենք բանակ։ Այս իմաստով ավելի շահեկան վիճակում ենք ու այն հուսահատական վիճակը, որ գոյություն ունի մեզանում՝ անկեղծ ասած ինձ չի բավարարում։ Ինձ նույնիսկ շատ զայրացնում է, երբ գործածում ենք կապիտուլյացիա բառը՝ նկատի ունենալով Հայոց բանակը։ Կապիտուլյացիան նշանակում է անվերապահորեն հանձնվել թշնամուն, երբ թշնամին եկել ու գրավել է քո ամբողջ տարածքը։

Փառք Աստծո, նման բան տեղի չի ունեցել, ու Արցախի մի զգալի մասն էլ այսօր դեռ կանգուն է, դրա համար այն դժբախտությունը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության կնքմամբ, դա դեռ վերջը չէ, ու պետք է ապագայի հանդեպ հավատով լցվել և հավատալ, որ եթե 1918 թ.-ին կամավորական ջոկատներով, մահվան դատապարտվածների նման կռվելով հնարավոր էր հաղթել թուրքական կանոնավոր բանակներին, ապա այսօր Ադրբեջանին կրկին կարող ենք հաղթել։ Բայրաքթարների այն հեքիաթը, որը մեր մեջ մտցրեց թշնամու անպարտելիության մասին այս պատկերացումը, պետք է մեր միջից հանել։

-Ըստ Ձեզ, ամեն դեպքում ի՞նչն էր պատճառը, որը մենք այսօր կրկին փորձում ենք Առաջին Հանրապետության հետ նամանություններ փնտրել, գտնել, կամ առհասարակ ի՞նչն էր պատճառը, որ մենք այսօրվան հասանք:

-Կարծում եմ՝ էյֆորայի մեջ հայտնվեցինք, ինչպես պատմականորեն ընդունված է ասելու՝ գլխապտույտ հաջողություններից և հայոց բանակի անպարտելիության հանգամանքը մեր զգոնությունը թուլացրեց։ Բացի դրանից, վերջին տարիներին ռազմավարական դաշնակցի նկատմամբ վարած քաղաքականությունը զգուշավոր չէր, իսկ  երբեմն էլ չոր ու կոշտ էր։ Այս հանգամանքը ևս դերակատարություն ունի ստեղծված իրավիճակում ու նրանում, որ մենք, ինչ-որ առումով, ռազմավարական տեսանկյունից մնացինք մենակ։

-Գործող իշխանության առաջնորդությամբ մենք կարո՞ղ ենք Ձեր նշած թեկուզ փոքրիկ հաղթանակների միջոցով դուրս գալ այս բարոյալքված ու հուսալքված իրավիճակից։

-Կյանքը ցույց է տալիս, թե օրեցօր մենք ինչ իրավիճակում ենք հայտնվում, և երբ մենք խոսում էինք այն մասին, որ նոյեմբերի 9-ից, փառք Աստծո, սահմանին որևէ բախում կամ լարվածություն չկա, զոհեր չունենք, հիմա արդեն տեսնում ենք ամբողջապես հակառակ պատկերը՝ լարվածություն կա, զոհ կա, գերեվարված անձինք կան։ Սա խոսում է այն մասին, որ մենք այսօր հաղթական ոգի ապահովելու կարողություն, ցավոք սրտի, չունենք։ Բայց ամեն դեպքում, դա պոտենցիալ առումով կա, և ես համոզված եմ, որ պատմական բարենպաստ պայմանների հասունացման պարագայում, դրանք ջրի երես կբարձրանան, ու մենք կրկին կարող ենք հաղթանակներ տոնել։

-Կարծես, մեզ մոտ պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Արդյո՞ք սա հայ ժողովրդի բնավորությունից է գալիս:

-Ես Ձեզ հավատացնում եմ, որ այդ նույն խոսքերը շատ ու շատ ժողովուրդներ էլ իրենց հասցեին են ասում։ Օրինակ, հիմա վրաց հասարակության մեջ էլ է նման «վեճ» ընթանում՝ արդյո՞ք իրենք ճիշտ էին, որ Հվ․ Օսիայի և Աբխազիայի համար բացահայտ առճակատման գնացին Ռուսաստանի հետ, որի արդյունքը Ռուսաստանի կողմից այդ տարածքների բռնազավթումը եղավ։ Նրանց մոտ էլ նույն զգացումը կա, որ իրենք էլ, ըստ էության, սխալներ թույլ տվեցին Ռուսաստանի հետ հարաբերություններում, որի արդյունքը եղավ՝ օրինակ 1801 թ.-ին պետականության կորուստը, 1921 թ.-ին արդեն երկրորդ անգամ պետականության կորուստը, իսկ հետո էլ արդեն նշված տարածքների կորուստը։ Այս երևույթը միշտ է փոքր ժողովուրդների հետ կրկնվում են, բայց դա չի նշանակում, որ մեծ ժողովուրդները նման խնդիրների չեն «բախվում»։ Ի վերջո, խոշոր պետություններն ու կայսրություններն էլ հանգում են փլուզման։ Կարծում եք, Ռուսաստանում մտավախություն չկա՞, որ այն, ինչ 1991 թ.-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ, Աստված չանի, կարող է տեղի ունենալ նաև ներկայիս Ռուսաստանի  հետ։ Սա ընդհանուր երևույթ է, ու մենք՝ հայերս ավելի լավ իմանալով մեր պատմությունը, կոնկրետացնում ենք մեզ վրա։ Ես վստահեցնում եմ՝ այս օրինաչափությունները բնորոշ են նաև այլ ժողովուրդների։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Բեռնում.....