«Լադանիվա» ֆրանսիական խումբը, որը «Վույ աման» երգի յուրահատուկ մեկնաբանության շնորհիվ մեծ ճանաչում գտավ Հայաստանում, առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում:
Երեկոն տեղի կունենա մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տասներկու երաժշտից բաղկացած խումբը կներկայացնի ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ:
Մայիսի 28-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպելու խմբի հիմնադիրներ Ժակլին Բաղդասարյանի և Լուի Թոմասի հետ՝ նրանց ուղղելով շատերին հետաքրքրող հարցեր:
Ժակլին Բաղդասարյանը խոստովանում է՝ խմբի անունն ընտրելիս մտածել են, որ «Լադա Նիվա»-ն ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային մի շարք երկրներում սիրված մեքենա է: «Մենք միջազգային երաժշտություն ենք կատարում. երգում ենք հայկական, բալկանյան գործեր, և որոշեցինք խումբն անվանել «Լադանիվա»: Բացի այդ, «Լադանիվան» ճամփորդելու մեքենա է: Մեր երաժշտությունը ևս ճանապարհորդում է ամբողջ աշխարհում»,-նշում է երգչուհին և հավելում, որ չի հասցրել լինել շատ երկրներում, սակայն մի քանի անգամ այցելել է Ֆրանսիայի կղզիներից մեկը, որը բազմամշակույթ է: Ժակլինը կցանկանար լինել նաև Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում:
Երգչուհին երեք տարեկան է եղել, երբ հեռացել է Հայաստանից. 2005 թվականից պարբերաբար այցելել է հայրենիք. ասես նորից բացահայտի Հայաստանը: «Նախորդ այցերին երկար ժամանակ էի անցկացնում իմ ծննդավայրում՝ Եղեգնաձորում: Երևանում չեմ հասցրել շատ զբոսնել: Երբ շուրջս եմ նայում, մտածում եմ, որ տանն եմ, որ այստեղից եմ ես և ասես ինքս ինձ հետ եմ ծանոթանում»,-անկեղծանում է երգչուհին:
Խումբը մի քանի օրով է Հայաստանում. նախատեսում են լինել Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում. Ժակլին Բաղդասարյանը հույս ունի, որ Հայաստան հաջորդ այցի ժամանակ հնարավորություն կունենան տարբեր մարզերում և նորովի ճանաչել երկիրը:



Լիանա Դավթյան, Լուի Թոմաս, Ժակլին Բաղդասարյան, Ալեքսանդր Մհերյան, Անդրե Սիմոնյան









Լուսանկարները` Տաթև Դուրյանի
Իսկ Լուի Թոմասը Հայաստանում առաջին անգամ է: Օդանավակայանում խմբին ջերմ են ընդունել և ուղեկցել են խորհրդանշական «Լադա Նիվա» մեքենայով: Լուիի խոսքով՝ երբ քայլում է լուսավորված փողոցներում, ծանոթանում ճարտարապետությանը, իրեն գրավում է շենքերի քարի յուրահատուկ գույնը, որը բնորոշում է Երևանը: Կիթառահարը գեղեցիկ և յուրահատուկ է համարում նաև հայոց այբուբենը:
Անդրադառնալով հայկական երաժշտությանը՝ երաժիշտը նշում է, որ առաջին անգամ լսել է Ժակլինի ջազ կատարումներից մեկն անգլերեն և հասկացել, որ հետաքրքիր երգչուհու է հանդիպել, իսկ երբ ունկնդրել է Ժակլինի հայերեն երգերից մեկը, հիացել է:
Լուիին զարմացնում է այն հանգամանքը, որ հայերը կարող են խակ մրգեր ուտել (ցոգոլ): «Աչքս մնացել է կանաչ խնձորներով լի տոպրակի մեջ: Ժամանակ կգտնենք և կանաչ խնձոր կգնենք: Լուին անպայման կփորձի: Նա կարծում էր, որ միայն ես եմ կանաչ մրգեր ուտում, բայց, երբ իմացավ, որ բոլոր հայերն են այդպես վարվում, ավելի զարմացավ: Այդ մասին Լուին պատմում է բոլոր ընկերներին: Այս առավոտ սուջուխ ենք փորձել. ես այն վաղուց եմ սիրում, իսկ Լուիի համար նորություն էր: Հավանեց»,-պատմում է Ժակլին Բաղդասարյանը:
Նա խոստովանում է, որ չի պատկերացրել՝ համերգով կներկայանա հայրենիքում և շատ ոգևորված է: Երգչուհուն գրավում են հայկական գորգերը, նախշերը և առաջիկայում գուցե հատուկ հայկական տարրերով հագուստներով ներկայանան: Նա սիրում է հայկական ժողովրդական պարերը, իսկ հայերենն ու հայկական մեղեդիները հետաքրքիր ու գեղեցիկ է համարում: «Հայերեն այնքան էլ լավ չեմ խոսում և այլ կերպ եմ ընկալում այն: Երգեր գրելիս փորձում եմ այնպես անել, որ Լուին կամ այլ օտարներ, զգան խոսքերի առանձնահատկությունը»,-ասում է Ժակլին Բաղդասարյանը:
