Հայաստանում «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի անցկացրած հարցմանը մասնակցած քաղաքացիների 31,9 տոկոսը երկրի առջև ծառացած խնդիրներից ամենասուրը համարում է անվտանգայինը: Այս մասին մայիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով անցնող շաբաթվա ընթացքում անցկացված հետազոտության արդյունքները:
«Որոնք են ձեր կարծիքով ներկա պահին Հայաստանի Հանրապետության առջև կանգնած ամենասուր խնդիրները: Այստեղ մի քանի պատասխան կարող էին տալ մեր ռեսպոդենտները: 31.9 տոկոսը նշել է անվտանգության խնդիրները: Խաղաղության պահպանումը և պատերազմի չվերսկսելը՝ նշել է 28,1 տոկոսը, 25,2 տոկոսը նշել է սահմանների հստակեցման խնդիրը, 13,3 տոկոսը նշել է տնտեսության կայունացումը և 13 տոկոսը նշել է գերիների վերադարձը»,-մանրամասնեց Նավասարդյանը՝ մանրամասնելով, որ քաղաքական անկայունության խնդիրը նշել են հարցվածների 6 տոկոսը, իսկ բանակի ու զինված ուժերի վերականգնումը՝ 5,7 տոկոսը:
