8.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Արդյո՞ք Կովկասում նոր ճգնաժամի պատճառը ԱՄՆ նոր վարչակազմն է
Այլ Լուրեր

Արդյո՞ք Կովկասում նոր ճգնաժամի պատճառը ԱՄՆ նոր վարչակազմն է

«American Enterprise Institute» թինկ-թանկի ավագ գիտաշխատող, «1945» կայքի սյունակագիր Մայքել Ռուբինը «Արդյո՞ք Կովկասում նոր ճգնաժամի պատճառը ԱՄՆ նոր վարչակազմն է» վերտառությամբ հոդված է տպագրել, որում քննադատում է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի՝ 907-րդ բանաձևից հրաժարումն ու դրանով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների համար կանաչ լույս վառումը։

Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ ամիս մի շարք շնորհավորանքներ ստացավ՝ կապված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հետ,  չնայած թուրքական կատաղի լոբբինգն ամեն կերպ  փորձում էր կանխել դա, սակայն Հայոց Ցեղասպանության ճանաչումից օրեր անց, ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, ըստ էության «թերագնահատելով» վարչակազմի բարոյական հատկությունները, հրաժարվեց «Ազատության աջակցության» 907-րդ բանաձևից։ Բանաձևը միտված էր ճնշել ադրբեջանական ագրեսիան և խանգարել Ադրբեջանի կողմից հնարավոր էթնիկ զտումները։ Ըստ Ռուբինի, եթե նախորդ տարի ԱՄՆ Սպիտակ տունն ու  պետքարտուղարությունը կարող էին պնդել, որ Ադրբեջանը շարժվում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած քաղաքականությամբ, պահում է իր պարտավորությունները,  բացի դրանից իրենց համար ահաբեկչության դեմ պայքարում դաշնակից է, ապա այս տարվա փաստերն ամբողջապես հերքում են նման պնդումները։

Ռուբին իր հոդվածում ընդգծում է, որ նավթամքերով հարուստ բռնապետության՝ Լեռնային Ղարաբաղի վրա անակնկալ հարձակումը և  ռազմական գործողություններում սիրիացի  վարձկանների ներգրավումը նշանակում է, որ Ադրբեջանն ամբողջապես հրաժարվել է իր պարտավորություններից։ Հեղինակի համոզմամբ՝ այս իրավիճակում Բլինկենի կողմից 907-րդ բանաձևից հրաժարումը խախտում է ԱՄՆ օրենսդրությունն ու կանաչ լույս վառում Ադրբեջանի համար։

Հեղինակի խոսքով՝ Բլինկենի ցինիզմի դրսևորումները հիմք են Հարավային Կովկասում ստեղծված ճգնաժամային իրավիճակի նորացման համար, հատկապես որ կրակի դադարեցումից հետո Իլհամ Ալիևը բացեիբաց հասկացրեց, որ իր նպատակը  Հայաստանի տարածքների նվաճումն է։ Այս պարագայում, երբ Բլինկենը հրաժարվեց 907-րդ բանաձևից, Ադրբեջանը եզրակացրեց, որ կարող է իր ծրագրերն առաջ տանել ու մայիսի 12-ին շուրջ 2 մղոն (մոտավորապես 3․5 կմ) ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք։ Մինչ օրս ադրբեջանական ուժերին ՀՀ տարածքից հեռացնելուն ուղղված բանակցություններն ապարդյուն են եղել։

Ռուբինը  ներկայացնում է նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին իրադարձությունները՝ նշելով, որ ադրբեջանական կողմը մի քանի օր առաջ կրակ է բացել հայկական կողմի ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմը մեկ զոհ ունեցավ, իսկ ահա  հաջորդ օրը ադրբեջանցիները հատեցին հայկական սահմանը՝ Գեղարքունիքի հատվածում գերեվարելով 6 հայ զինվորի։

Ըստ հոդվածագրի՝ Պետդեպարտամենտում միտում կա հավասարության նշան դնել ագրեսորների և զոհերի միջև․ «Բլինկենի թիմը, ակնհայտորեն, Հայոց ցեղասպանության ճանաչումը ընկալեց ոչ թե որպես պատմական սխալի ուղղում,  այլ ավելի շուտ որպես զիջում Հայաստանին, որն  անհրաժեշտ էր հենց  Ադրբեջանին: Փոխանակ  Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելու՝  վեճերը լուծելու, համակեցությունը խրախուսելու, մշակույթի պահպանման հնարավորություն տալու և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դադարեցնելու, Բլինկենն Ալիևին ազդանշան տվեց, որ բառացիորեն կարող է խուսափել «սպանության» համար պատժվելուց»։

Ռուբինի գնահատմամբ՝ Բլինկենն այսօր անում է այն նույն սխալը, որն արել է Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Ապրիլ Գլասպինը՝ կանաչ լույս վառելով Սադամ Հոսեյինի համար, որպեսզի Հոսեյինը 1990 թ-ին ներխուժի Իրաք, կամ  Թրամփի վարչակազմի նախկին բանագնաց ու Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆֆրին, որի «հովանավորչությամբ» էլ Թուրքիան Սիրիայի քրդաբնական հատվածներում էթնիկ բնաջնջում  իրականացրեց։

Հոդվածի վերջաբանում Ռուբինն ընդգծում է, որ Բլինկեն իրեն կարող է խաղաղասեր համար, սակայն նրա գործողությունները Հարավային Կովկասում հակառակ էֆֆեկտն են ունենում։

Բեռնում.....