Դեռևս նախորդ տարի Ջո Բայդենը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ԱՄՆ ազգային կենտրոնի մասնագետներին կոչ էր արել գնալ Չինաստան՝ տեղում կորոնավիրուսային հիվանդության մասին տեղեկատվություն հավաքագրելու համար, որն ԱՄՆ-ին կօգներ ավելի արդյունավետ պայքարել համավարակի դեմ, սակայն չինական իշխանություններն անընդհատ խոչընդոտել են ամերիկացի փորձագետների աշխատանքներին։ Բայդենը, նախագահ ընտրվելուց շատ չանցած, ազգային անվտանգության իր խորհրդականին հանձնարարական էր տվել պատրաստել զեկույց՝ կապված կորոնավիրուսային համավարակի ծագման հետ, որում ներկայացված կլիներ վիրուսի ծագման իրական աղբյուրը։
Չնայած ԱՄՆ նախագահն արդեն իսկ ստացել է հետաքննական զեկույցը, այնուամենայնիվ զեկույցի եզրակացությունը նախագահ Բայդենին չի բավարարել, քանի որ զեկույցում ներկայացվել են երկու հիմնական տարբերակաները՝ առաջինն այն, որ վիրուսը ծագել է մարդու՝ հիվանդ կենդանու հետ շփման արդյունքում, մյուսն էլ այն, որ վիրուսն ստեղծվել է լաբորատոր աշխատանքներում սանիտարական պայմանների խախտման արդյունքում՝ այսինքն` լաբորատորիայից արտահոսքի պատճառով է տարածվել։ Նախագահը հրահանգել է էլ ավելի ջանքեր ներդնել՝ վերջնական եզրահանգման հասնելու համար և 90 օրվա ընթացքում պատրաստել նոր զեկույց։
Բացի ԱՄՆ նոր վարչակազմից, համավարակի ծագման աղբյուրը հայտնաբերելու հարցով հետաքրքրված էին նաև բրիտանական հատուկ ծառայությունները, որոնք տևական ժամանակ է` այդ հարցը պահում են ուշադրության կենտրոնում։ Բրիտանական «The Sunday Times»-ը գրում է, որ բրիտանական հատուկ ծառայությունների վերջին տվյալների համաձայն, հավանականությունը մեծ է, որ համավարակը սկսվել է հենց չինական հետազոտական լաբորատորիայից՝ կորոնավիրուսի արտահոսքի պատճառով:
Անկախ այն բանից, որ սկզբնական շրջանում վիրուսի լաբորատոր ծագումը քիչ հավանական էր համարվում, այնուամենայնիվ Արևմուտքը ներկայումս արդեն ավելի է հակված կարծելու, որ հենց Ուհանի լաբորատորիայի արտահոսքից է սկսվել համավարակը, այլ ոչ թե մարդու՝ հիվանդ կենդանու հետ շփման արդյունքում:
Արևմտյան հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում Ուհանի վիրուսաբանության ինստիտուտն է, ու, ըստ տեղեկությունների, այդ ինստիտուտում եղել են երեք գիտնականներ, ովքեր աշխատել են այնտեղ և 2019-ի նոյեմբերին վիրուսով ծանր հիվանդացել են։ Չնայած այս պահին Միացյալ Թագավորության հետախուզությունը հետաքննում է այս հաստատությունից կորոնավիրուսի հնարավոր արտահոսքը, որը, ըստ Պեկինի հավաստիացումների, չի հանդիսացել վիրուսի աղբյուրը, այնուամենայնիվ աշխարհն արդեն հակված է հենց լաբորատորիայի արտահոսքի տարբերակին, քանի որ և՛ ԱՀԿ մասնագետների, և՛ առանձին երկրների մասնագետների Ուհանում անմիջապես ուսումնասիրությունների իրականացումն անընդհատ խոչընդոտվել է Չինաստանի իշխանությունների կողմից, որը լրացուցիչ կասկածների տեղիք է տալիս։
