Վարդենիսի Սոթք գյուղում վաղուց տագնապի զգացում չէին ունեցել, ադրբեջանցի զինվորականը հայտնվել է նրանց տեսադաշտում, եկել ու կանգնել է դիմացի սարի գլխին։
«Եկել են, կանգնել, որն ա մերը, մեր հողը վեր են կալել։ Իմ խոտհարքը էնտեղ ա, ես ո՞նց գնամ, իմ խոտը հարեմ»,-ասում է գյուղացիներից մեկը։
Սոթք գյուղը ձևավորվել է ոսկու հանքի արդյունահանման շրջանակներում։ Այսօր հանքի 70 տոկոսը նույնպես ադրբեջանցիների ձեռքում է։ Սոթքի տեսադաշտում գտնվող սարերն էլ են կամաց-կամաց դառնում ադրբեջանական:
-Էս գյուղում ապագա տեսնու՞մ եք ձեր երեխաների համար,-հարցնում ենք զինվորական շորերով գյուղի մեջ զբոսնող մոտ 55-ամյա Միքայել Հայրապետյանին։
-Կարելի՞ ա էդ հարցին չպատասխանեմ։
-Ինչու՞։
-Դե ի՞նչ ապագա ստեղ, թուրքը որ հասել ա ընդեղ, ի՞նչ ապագա,-թեման փակում է կամավորական ներկայացած գյուղացին։
Տեղացիները չգիտեն, թե ով պետք է ադրբեջանցիներին դուրս հանի իրենց տարածքներից։ Կանայք ասում են, որ իրենց ամուսինները զինվորական են, բայց իրենք ոչինչ չեն որոշում:
«Մեր ամուսինները պայմանագրային են, ծառայում են, դաշտերում տրակտոր են քշում, տենց, աշխատում են»,-իրավիճակը ներկայացնում է կանանցից մեկը։
Մեկ այլ կին շարունակում է․ «Տարել, լցրել են սարերը, երկու գռոշ են տալիս, տանում, կոխում մսաղացի բերան, ասում՝ էն ա, դավայ, ինչ կլինի, կլինի»։
Գործող իշխանություններից դժգոհությունը հասնում է մեծ չափերի, 44-օրյա պատերազմը սոթքեցիները չէին նախատեսել, գյուղը այդ օրերին ռմբակոծվել է մի քանի անգամ, նույնիսկ զոհեր ունեցավ։
«Կլուբնիկը տվեց, տարավ սպանեց, ավելի լավ ա տուշոնկա ուտեին, բայց սաղ լավ լիներ»,-չի հանգստանում զրուցակից կինը։
Հայաստանի անկախությունից առաջ Սոթքը եղել է ադրբեջանաբնակ։ Անկախությունից հետո այստեղ ապրում են Ադրբեջանից մազապուրծ փախած հայերը։ Գյուղը գրեթե ամբողջությամբ ավերակների մեջ է, 30 տարվա ընթացքում գյուղում հանրային ոչ մի կառույց չի ավելացել։
«Դե ինչ անենք, ոչ տեղ ունենք գնալու, ոչ բան, մենք մեզ համար ապրում ենք»,-ասում է տան շեմին երեխաների հետ կանգնած մի կին։
Այնուամենայնիվ, գյուղի մինչև այսօր եղած խնդիրների հետ ադրբեջանցիները ոչ մի կապ չունեն։ Կյանք ասվածն այստեղ կարտոֆիլ ցանելն է, հողը մշակելը, անասուն պահելը։ Ամուսինների մի մասը զինծառայող է, մյուս մասը՝ հողագործ։ Սոթքում գրեթե ոչ մեկը լրագրողի հետ խոսելու ցանկություն չունի, նախկինում շատ են խոսել, ոչ մի փոփոխություն։
«Էս 30 տարի ա` նույն պատմությունն ա, ուժե ոչ մեկին չենք հավատում»,-երիտասարդ գյուղացիներից մեկն է վստահեցնում։
Քաղաքական ուժերի հետ էլ խնդիրներ կան, ոչ մեկին կարգին չգիտեն, գիտեն, իրենց բառերով, Նիկոլին, Սերժին ու Ռոբերտին․ «Ապեր, Ռոբերտը թալանեց, Սերժը թալանեց, էս էլ հանձնեց, էլ դու ո՞ր մեկին ձեն տաս»։
Միքայել Հայրապետյանը ընկերոջ մոտ է եկել, որպեսզի մի բաժակի շուրջ խոսեն, հասկանան, թե ինչ ժամանակներ են եկել իրենց գլխին։ Ընտրությունների մասին ոչ մեկը լսել չի ուզում։
-Ես էլ անկուսակցական եմ, վաբշե ձայն չեմ տալու։
-Այսինքն, ընտրությունների չե՞ք գնալու։
-Չէ։
-Ինչու՞։
-Ա, ինձ պե՞տք ա։ Էսքան վախտ գնացել եմ, ի՞նչ ա փոխվել։ Էս գյուղը միշտ քանդված, ըտենց քանդված էլ մնում է։
Մեկ ուրիշը դեռ հույս ունի, որ կգտնի իր ընտրյալին․ «Ես ոչ մեկին էլ ոչ մի բան, թազա մարդ գա, կեթամ, ձեն կտամ, թազա մարդ չեղավ, ոչ մեկին ձեն չեմ տա»։
Գյուղի տներից մեկում պատրաստվում են կարտոֆիլի ցանքսին։ Աշխատանքները համակարգում է Վազգենը, ասում է՝ այս տարին բոլոր մյուս տարիներից տարբերվում է։
«Կարտոշկան մենք առել ենք 500 դրամով, դաժե մի սորտ կա 600 դրամով, բայց ծախել ենք 200 դրամով»,-ասում է գյուղացի Վազգենը։
Այս տարի առաջին անգամ մեծ բերքի սպասելիք չունեն, սակայն գյուղից դուրս գալու մտադրություն էլ չկա, գուցե Վազգե՞նը մտածեր ադրբեջանցիների հետ հաշտ ու համերաշխ ապրելու մասին․ «Պատկերացրեք, շունն ու կատուն իրար հետ հաշտվեցին, բայց մենք չենք կարող հաշտվել, որովհետև արյունը արյուն է պահանջում, մեր տարածքները վերցրել են, մեզ մի բուռ սարքել, հիմա էլ պարան են ուզում քցեն»։
Յուրաքանչյուրն այստեղ ունի հիասթափության իր պատմությունը։ Բորիսի կնոջը ոչ ոք չէր արգելել հիվանդանալ, բայց Բորիսը թանկ վճարեց դրա համար։
«Հողերս վաճառեցի, գնացի, վարկ վերցրի, տարել եմ, կնոջս պառկեցրել եմ հիվանդանոց, սրտի բաց օպերացիա, գնացել եմ Առողջապահության նախարարություն, գրում եմ՝ խնդրում եմ, էլ բան չունեմ վաճառելու, փողս էլ հերիք չի անում, 5 միլիոն էլ մուծել եմ, 600 հազար չի հերիքում, խնդրում եմ օգնեք։ Ի՞նչ պատասխանեն՝ ձեզ ծառայող չունեք, 2-րդ կարգ չունեք, Փարոս չունեք, օրենքով չի հասնում։ Ես էլ ասացի՝ ապրեք»,-հուսահատ հիշում է Բորիսը։
Սոթքն իր պատմության մեջ առաջին անգամ զգում է ռազմական դրություն ասվածը։ Նույնիսկ հասունացող պատերազմի մի մասնիկ են զգում իրենց․ «Թուրքը որ կրակում է քո հողի մեջ, էդ պատերազմ չէ՞»։
Ամբողջ գյուղում միայն Սմբատի ու Նաիրայի կիսամութ տանն են ադրբեջանցիների հայտնվելն ընդունում այնպես, ինչպես կա՝ առանց վախի ու տագնապի.
«Նույն հաջողությամբ մենք ենք եղել 20-30 տարի էդ սարի գագաթին, ու ըտենց ավելի առաջ մերն է եղել»,-հանգիստ ասում է քնից հենց նոր վեր կացած Սմբատը։
Սոթքեցիներին կյանքը ոսկե սարեր չի խոստանում։ Մարդիկ այստեղ աչքերը բացում են ու փակում` հարյուրավոր ավերակներ ունենալով իրենց տեսադաշտում։ Այդ ավերակների մեջ մի տեղ երեխաները ֆուտբոլ են խաղում առանց երազանքների։ Բայց նրանք գիտեն, թե ինչը կլինի իրենց առաջին քայլը, հենց մեծանան՝ փախչել այս գյուղից, որտեղ ադրբեջանցիներից փախչելով հասել են իրենց պապերը։
