3.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.12.2023
Գլխավոր » Ադրբեջանցի զինծառայողները ցեղասպան քաղաքականության արդյունքում են հայտնվել մեր գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Այլ Լուրեր

Ադրբեջանցի զինծառայողները ցեղասպան քաղաքականության արդյունքում են հայտնվել մեր գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ցեղասպան քաղաքականության արդյունքում են հայտնվել Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«Ադրբեջանական զինված ուժերը, զինծառայողները հայտնվել են մեր գյուղերի հարևանությամբ, մեր ճանապարհներին՝ Սյունիքի համայնքները միավորող ճանապարհներին, Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ՝ ցեղասպան քաղաքականության արդյունքում և ուժի կիրառության սպառնալիքով»,-ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները:

Նա շեշտեց, որ ցավոք, պատերազմից, զինված հարձակումների դադարից  հետո էլ շարունակվում է թշնամանքի և ատելության քաղաքականությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից:

Արցախի ՄԻՊ-ն ու Հայաստանի ՄԻՊ-ը կարևոր աշխատանքներ են տանում՝ միջազգային կազմակերպություններին ցույց տալու, որ արցախցիների կյանքը վտանգված է:  «Էքզիստենցիալ խնդիր է՝ այն թշնամանքի ու ատելության քաղաքականության պայմաններում, որ կա, ավելին՝ խոսքը վերաբերում է ցեղասպան քաղաքականության»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ պատերազմական հանցագործությունները ադրբեջանական իշխանությունների հետևողական հայատյաց քաղաքականության արդյունք էին:

ՄԻՊ-ը շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է թշնամանքի և ատելության գեներացումը՝ օրինակ` հայ գերիներին չվերադարձնելով: «Բացահայտ շահարկվող փաստարկներով, միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձերով՝ գերիներին ներկայացնում են իբրև ահաբեկիչներ, բայց ակնհայտ է, որ հակամարտությունը դեռևս չի էլ ավարտվել, և զինված հակամարտության պայմաններում գերեվարված անձինք չեն կարող համարվել ահաբեկիչ: Դա միջազգային մարդասիրական իրավունքից բխող կարևորագույն սկզբունք է: Ավելին՝ Ժնևյան կոնվեցիաներով, այլ միջազգային փաստաթղթերով նրանց նկատմամբ չի կարող որևէ քրեական հետապնդում իրականացվել, իսկ այսօր նրանք քրեական վարույթներ են հարուցում»,-ասաց նա:

Նա հավելեց, որ Ադրբեջանն այս հարցը քաղաքականացնում է, այնինչ հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն առանց որևէ նախապայմանի:

Բեռնում.....