«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
Երեւանի կենտրոնական հատվածներից մեկում՝ Կասկադում, գրեթե ամեն օր կարելի է տեսնել սպիտակ եւ չափազանց կոկիկ հագնված պատկառելի մի տղամարդու: Դասական հագուստով, փողկապով, գլխարկով (շլյապա) ու ալեհեր սրածայր բեղերով պապիկն առաջին հայացքից արվեստագետի տպավորություն է թողնում: Տարբերվող ու կոլորիտային պապիկի՝ ով լինելու մասին մտքերը կարող են երկար շարունակվել, եթե նրա զբաղվածությունը չմատնի մի քանի քայլ այն կողմ կայանած տաքսու նշանով սպիտակ մեքենան:
86-ամյա Յուրա Դանիելյանին Կասկադի տարածքում եւ ոչ միայն արդեն շատերն են հասցրել ճանաչել: Ամեն օր առավոտյան 8:30-ից նա այդտեղ է, Թամանյանի արձանի հարեւանությամբ սպասում է պատվերների:
Մեզ տեսնելիս ժպտում է, սիրով համաձայնում խոսել ու հրավիրում իր 16 տարվա ընկերոջ (մեքենայի) մոտ:
«Արի, մեքենայում հով է, ժամանակ էլ դեռ շատ ունենք, մինչեւ 6-ն այստեղ եմ»,- ասում է նա: Հարցին՝ տեսողությո՞ւնն է պատճառը, որ երեկոյան ժամերին չի վարում, Յուրի պապիկն ասում է. «6-ից հետո մեր քաղաքում աշխատելը ծանր է: Մգացրած ապակիներով մարդկանց հետ սարսափելի դժվար է: Պիկ ժամերին ես արդեն տուն եմ գնում: Օր է լինում (վառելիքի փողը հանած)՝ 2000 դրամ է մնում, օր էլ կա՝ անգամ վառելիքի փողը դուրս չի գալիս: Չե՜ն նստում, հեռախոսով կանչում են էդ «Յանդեքս»-ը, «ՋիՋի»-ն ու գնում: Բայց ասեմ՝ ես իմ մի քանի հիմնական ուղեւորներն ունեմ»:
Մի քանի րոպե հետո մոտենում է մի կին (պապիկին ծանոթ ուղեւորներից), որի պատվերով ընդմիջում ենք մեր զրույցը:
86-ամյա պապիկն իր ողջ կյանքում վարորդ է աշխատել: Մի քանի տարի քաղաքային ավտոբուս է վարել, եղել նաեւ բեռնատարի վարորդ, ապա՝ տաքսու: «Մի մասնավոր ընկերությունում էի, հետո տնօրենի գործերը վատացան, մնացի անգործ: Ունեցածս այս մեքենան էր ու կյանքս ընթացքում կուտակած վարորդական փորձառությունս: Դիմում էի տաքսի վարելու համար, հրավիրում էին, բայց հենց լսում էին տարիքս, մերժում էին: Որոշեցի իմ մեքենայով աշխատել»,- պատմում է նա:
Յուրի պապիկը պատմում է, որ քաղաքում մի քանի տարբեր տեղեր կայանելու անհաջող փորձից հետո հանգրվանն առայժմ Կասկադի տարածքում է: «Սկզբում ուր գնում էի, գալիս ու ասում էին՝ հոպար, էս մեր տեղն է: Ամենքի հետ հո չէի կարող վեճի բռնվել: Կասկադում մի փոքր այլ կերպ ստացվեց: Ինձնից բացի, այստեղ մի հոգի էլ կար: Զգում էի՝ իր սրտով էլ չէր իմ հայտնվելը: Որոշել էի, որ հենց ուղեւոր գա, կթողնեմ, որ առաջինն ինքը սպասարկի, հետո, երբ ինքը գնա, հաջորդ ուղեւորին ես կտանեմ: Մի երկու ամիս էդ ձեւով աշխատեցի: Մի օր էլ տեսա՝ ղեկի մոտ նստած է, բայց մի տեսակ դեպի առաջ կքած, տպավորություն էր, որ լավ չի զգում: Մոտեցա, տեսնեմ՝ իրոք լավ չէ: Կանչում եմ Իգնա՜տ, Իգնա՜տ, ջուր, բան բերեցի, դզվեց: Էդ օրվանից հետո մտերմացանք, հետո, որ ուղեւոր էր գալիս, ես իրեն էի ասում՝ տար, ինքը՝ ինձ»,- հիշում է մեր զրուցակիցը:
Յուրի Դանիելյանը 10 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Երեւան: Վայոց ձորի Կեչուտ գյուղից է: «Մենք առանձնապես հնարավորությունների տեր չենք եղել: Սկզբից ունեինք 1 սենյականոց տուն: Մեծացա ու երբ արդեն պիտի ամուսնանայի, կողքից 2-ն էլ ես սարքեցի: Ինչպես հայտնի պատմության մեջ է ասում, տուն շինեցի, երեք զավակ ունեցա…»,- ժպիտով պատմում է Յուրի պապիկը:
Կրտսեր որդին ու դուստրը Մոսկվայում են ապրում, Յուրի Դանիելյանն այստեղ ավագ որդու եւ նրա ընտանիքի հետ է: Ասում է՝ շատ գոհ է, իրեն շատ լավ են նայում: «Հարսիցս էլ անչափ գոհ եմ: Էս սպիտակ վերնաշապիկս տեսնում ես, չէ՞, հիմա երեկոյան տուն կգնամ, կհանեմ, առավոտյան սրա փոխարեն մեկ ուրիշը մաքուր, լվացած, արդուկած կախված կլինի»,- ասում է նա: Անչափ սիրելի 5 թոռներից բացի, նա արդեն նաեւ 1 ծոռ ունի: Ասում է՝ երեխաներն իր ամենամեծ թուլությունն են:
Կասկադի մոտակա մանկապարտեզի փոքրիկներին Յուրի Դանիելյանը հայտնի է որպես կոնֆետ բաժանող պապիկ. «Գալիս-հասնում են մեքենայի մոտ ու ձայն տալիս՝ բարե՜ւ, պապի, մենք եկանք: Բացառված է, որ իրենք գան, ու կոնֆետ չտամ: Ես դրանից անբացատրելի լավ եմ զգում: Էսպիսի մի ասացվածք կա՝ փողոցն անցիր էնտեղով, որտեղից դու բավականություն ես ստանում»:
Յուրի Դանիլեյանի կինը՝ Իդան, արդեն 13 տարի է՝ կողքին չէ, ասում է՝ իրենք էլ չհասկացան, թե դեպքն ինչպես եղավ: «Ճնշման խնդիր ուներ, ոտքերը դնում էինք տաք ջրի մեջ՝ կարգավորում էր: Մի օր էլ գիշերը լավ չէր զգում, երեխեքը քնած էին, որոշեցի չարթնացնել: Տաշտով տաք ջուր տարա, ոտքերը դրեցի մեջը, ես էլ կողքը նստեցի: Շատ հանկարծակի եղավ, չիմացա՝ ինչպես հանգավ»,- պատմում է 86-ամյա պապիկը, ապա տարիքի համեմատ զարմանալի թարմ ու ձիգ ձեռքերով սկսում քրքրել մեքենայի դարակը: Հանելով փոքրիկ կաշվե բլոկնոտը՝ սկսեց կարդալ դրա միջից՝ Իդա, ինչու է անունդ… Իդա: «Ես էլ ունեմ առանձին գրվածքներ, բայց այս մեկը կարծեմ Շիրազինն է»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
