Ի՞նչ է անում Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ի՞նչ կարիք կա հասնել Արցախ ու հանդիպել Արթուր Վանեցյանի հետ, կամ Սյունիք՝ հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հետ:
Էլ Աստված չկա՞: Էլ Աստծուն չի՞ ապավինում Վեհափառը: Վանեցյանն ու Քոչարյա՞նն են մեր փրկիչները: Իրեն հարգող Աստված ուղղակի կմոռանար էս ժողովրդին, եթե նրա փրկիչներն իսկապես մարդասպաններ լինեին: Թեպետ ամեն ինչից դատելով՝ իսկապես մոռացել է: Ու կաթողիկոսը փորձում է կողմնորոշվել ձեռքի տակ ունեցած փրկիչների հարցում: Նորմալ է: Բայց Արցախում այս մարդը բոլորին կոչ է արել ապավինել Աստծուն:
Որ ի՞նչ: Կարելի էր ավելի անկեղծ լինել և ասել, որ պետք է ապավինել Վանեցյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Ինքը չգիտի՞, որ Վանեցյանի հետ հանդիպումը լայնորեն շահարկվելու է նախընտրական շրջանում: Ուզում է ասել, որ Նիկոլի հետ չէ՞: Հասկացանք: Բայց Վանեցյանը քաղաքական դեմք չէ՞ (մեղա Աստծու): «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրողը տարօրինակ ճշգրտությամբ է վերծանում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կաթողիկոսի կատարած ծիսական մաղթանքը: Լրագրողը բառացիորեն ասում է. «Առաջին կայանը Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է, որտեղ հանրապետական մաղթանք կատարվեց»: Խոսքը հայրապետական մաղթանքի մասին է:
Կաթողիկոսը երբեք էլ չի թաքցրել հանրապետության հեղափոխական ղեկավարության հանդեպ իր անբարեհաճ վերաբերմունքը: Դա իր իրավունքն է: Կարելի էր ենթադրել, որ հեղափոխական իշխանությունը կաթողիկոսին ազատություն է տվել չլինել որևէ իշխանության ծառան: Այլ միայն՝ հավատացյալ հոտի: Բայց ոչ, կաթողիկոսը տեր է փնտրում հանձին Վանեցյանի կամ Ռոբերտ Քոչարյանի: Այսինքն, կաթողիկոսն ուզում է, որ քաղաքական ղեկավարությունը եկեղեցու վրա փռի իր թևերը, ինչպես ժամանակին արաբական կամ մոնղոլական իշխանություններն էին փռում:
Իր հոտի հետ շփվելիս կաթողիկոսն այս երեք տարում որևէ խնդիր չի ունեցել, իշխանությունը նույնիսկ նրան օգնեց արագ հաղթահարել Մայր Աթոռում անհնազանդ հոգևորականների ըմբոստությունը: Ի՞նչը չի ներում Վեհափառը Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչը չի ներում մարդուն Աստծո ներկայացուցիչը երկրի վրա: Չի ներում շարքային հավատացյալի ինքնիշխանությունը, այն, որ աշխարհիկ ղեկավարը ժողովրդին չի ուղղորդում եկեղեցի, կարճ ասած՝ հայ մարդը առանց ուղղորդման է կողմնորոշվում, թե ում ապավինի, ում չապավինի:
Գարեգին Բ-ն էլ գիտի, որ ոչ Վանեցյանը, ոչ Քոչարյանը չեն վերադարձնելու այն հողերը, որոնք մենք կորցրել ենք: Այս հանդիպումով, որի նման հանդիպումներ առաջիկայում ևս կլինեն, կաթողիկոսն ակնհայտորեն ուղղորդում է եկեղեցու առավել նվիրյալներին: Վանեցյանն ո՞վ է՝ գիտեն նաև նրանք, որոնք կանգնած են նրա կողքին՝ քաղաքական զրո հոտառությամբ, սեփական որոշումների մեջ միշտ կես ճամփին մնացող մարդ: Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանը: Հենց նա էր 2008-ի մարտի 1-ին կաթողիկոսին գործուղել Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, որպեսզի վերջինիս համոզի, որ ժողովուրդը չընդվզի նախագահի ընտրությունների արդյունքների դեմ: Կաթողիկոսը գիտի, որ Քոչարյանն այդ օրը 10 մարդու մահվան պատճառ դարձավ: Գիտի, որ դա այդ մարդակերի անձնական որոշումն էր, ամենևին բացառված չէ, որ Վանեցյանն էլ է դրանում դեր ունեցել: Հիմա այս մարդիկ ի՞նչ են ուզում սեփական որոշում կայացնելու հնարավորություն ունեցող ժողովրդից: Ուզում են վերադարձնել սպանելու և ստրկացնելու իրավունքը: Ու ամբողջ սատանիզմը սրա այն է, որ՝ Աստծո անունից:
Արսեն Գրիգորյան
