11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Չավուշօղլուն իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հրավերով Փարիզում է
Աշխարհ

Չավուշօղլուն իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հրավերով Փարիզում է

Հունիսի 6-7-ը Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հրավերով մեկնել է Ֆրանսիա:

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ֆրանսիայի, Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, կքննարկվեն արդիական տարածաշրջանային խնդիրներ և միջազգային իրադարձություններ», — ասված է Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Չավուշօղուն երեկ ֆրանսիական L’Opinion օրաթերթի էջերում գրել էր, որ Թուրքիան և Ֆրանսիան կշարունակեն վայելել բարեկամական հարաբերություններ:

«Մենք պետք է համոզվենք, որ ոչ մի թյուրիմացությունչի խանգարի բարեկամության այս հարաբերությանը, որին մենք անկեղծորեն կապված ենք»:

Նա ասել է, որ Անկարան և Փարիզը այժմ մեծ թվով ընդհանուր հետաքրքրություններ ունեն տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչը վերջերս երկու երկրներին ստիպեց երբեմն հակադրվել միմյանց:

Նրա խոսքով, Թուրքիան և Ֆրանսիան Սիրիայի հարցում շատ կարևոր թեմաների շուրջ ունեն նույն առաջնահերթությունները, այդ թվում`մարդասիրական օգնության առաքումը, քաղաքական գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտությունը և երկրի տարածքային ամբողջականության պահպանումը:

Թուրքիայի ԱԳ նախարարն ավելացրել է, որ Թուրքիան և Ֆրանսիան որոշ առաջնահերթություններ ունեն նաև Լիբիայում: Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրականի խնդիրներին, ապա, ըստ Չավուշօղլուի, այժմ Թուրքիայի և Հունաստանի միջև վեճերը կարգավորվում են հանգիստ երկխոսության մթնոլորտում՝ երկու երկրների միջև տարբեր մեխանիզմների շրջանակներում:

Ըստ նրա, Թուրքիան երբեք չի ունեցել ծավալապաշտական նկրտումներ, ավելացնելով, որ Հունաստանի հետ այս երկխոսությունը դրա ևս մեկ հաստատումն է:

«Կիպրոսի խնդրի վերաբերյալ Թուրքիան կաջակցի կիպրոսցի թուրքերի և հույն կիպրացիների ջանքերին, եթե նրանք համաձայնության գան բանակցությունների նպատակների շուրջ», — ասաց նա:

ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև հարաբերությունները բավականին լարվել էին 2019-ի վերջին Հյուսիսային Սիրիայում Թուրքիայի միջսահմանային գործողությունից հետո: Հետագայում հարաբերություններն էլ ավելի սրվեցին 2020թ.-ի ամռանը Միջերկրական ծովի արևելքում թուրք-հունական լարվածության պատճառով: Թուրքիայի ակտիվ ներկայությունը Լիբիայում և բացահայտ աջակցությունը Ադրբեջանին ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում վրդովմունք էին առաջացրել Փարիզում:

Մյուս կողմից, Հունաստանին սատարելու նպատակով Ֆրանսիայի ռազմածովային ուժերի տեղակայումը Միջերկրական ծովի արևելքում, ինչպես նաև Հունաստանի, Հունական Կիպրոսի, Իսրայելի և Եգիպտոսի հետ շարունակական դաշինքն իր հերթին նյարդայնացնում էր Անկարային:

Սակայն, պետք է նշել, որ Թուրքիան և Ֆրանսիան քայլեր ձեռնարկեցին լարվածությունը մեղմելու համար: Դրան նպաստեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Էրդողանի մարտի սկզբին տեղի ունեցած տեսակոնֆերանսը:

Հարկ է նշել նաև, որ Չավուշօղլուի և Լե Դրիանի հանդիպումը տեղի է ունենում մի շարք կարևոր դիվանագիտական ​​իրադարձություններից առաջ, որոնք ազդեցություն կունենան Թուրքիա-Եվրոպա կապերի ապագայի վրա: Հունիսի 24-25-ին գումարվելու է ԵՄ խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու են Թուրքիայի հետ կապերը և Թուրքիայի կառավարության հետ մաքսային միության արդիականացման համար բանակցություններ սկսելու համար Եվրահանձնաժողովին պաշտոնական մանդատ տալու հարցը:

Բեռնում.....