3.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Դաղալ Գելափը (տեսանյութ)
Այլ Լուրեր

Դաղալ Գելափը (տեսանյութ)

Հայաստանում գրեթե երբեք և ոչ ոք չի հավատացել հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնների տվյալներին: Հենց այս անհավատության ճյուղերի վրա էլ 2003-ին Հայաստանում ծնվեց Գելափ կոչվող հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը։ Սակայն այս կազմակերպությունը որևէ կապ չունի միջազգայնորեն ճանաչված Gallup-ի հետ:

«Ես մտածում էի, որ նայելով քաղաքական զարգացումները, մեր պրեզենտացիայի անունը կդնեմ դաղալներ»,-երեկ իր հերթական հարցումների մասին ասում էր կազմակերպության ղեկավար Արման Նավասարդյանը։

Պարոն Նավասարդյանը երեկ ներկայացրել է տվյալներ, թե ով ինչ հնարավորություններ ունի առաջիկա խորհրդարանի ընտրություններում։ Հարցման արդյունքները որոշ իմաստով շոկային են․ «Եթե այս կիրակի կայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք։ 22,4 տոկոս՝ ՔՊ, «Հայաստան» դաշինք՝ 20,6 տոկոս»։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ այս կենտրոնը նմանատիպ հարցում էր արել՝ Փաշինյանի կուսակցության վարկանիշը 22,9 տոկոս էր, Քոչարյանինը՝ շատ ավելի քիչ։

«Եթե այս կիրակի կայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք։ 22,9 տոկոսը նշել է Քաղաքացիական պայմանագիրը, Հայաստան դաշինքը՝ 17,9 տոկոս»,-մանրամասնում է Գելափի ղեկավարը։

Պարոն Նավասարդյանը իր բացատրություններն ունի, թե ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա պոկվել Ռոբերտ Քոչարյանից․

«Միգուցե 10 օր հետո Փաշինյանը բերում է մի փաստ, որ պլանավորված էր գրավել և Ստեփանակերտը, Սյունիքը և Վայոց ձորը, և ինքը այ իր գործողություններով փրկել է Հայաստանի կեսը և Ղարաբաղը, դա կլինի հստակ ազդակ, որ իր ռեյտինգը ավելանա»,-պարզաբանում է պարոն Նավասարդյանը։

Այնուամենայնիվ, ի՞նչ ցուցանիշներ են սրանք, ինչպե՞ս հասկանալ, թե ո՞նց են ձևավորվում այս թվերը։ Քաղաքացիներն այդ ամենը չգիտեն, սակայն դեռևս 2014-ին նրանք իրենց վերաբերմունքն արտահայտել են Գելափի հարցումների հանդեպ։

«Դրանց ես կասկածանքով եմ վերաբերվում»,-ասում էր քաղաքացիներից մեկը։

«Ցույց տալով շատ բան կարող են ցույց տալ, բայց իրականից ըտենց չլինի»,-շարունակում է մյուսը։

2013-ին պարոն Նավասարդյանը այսպես էր բացատրում ընդդիմադիրների պարտությունը նախագահի ընտրություններում․ «Երբ քաղաքական գործիչները հավաքվում են, գնում են, նոր կանաչապատ այգում հավաքում են մարդկանց ու ասում են, որ մենք պետք է կանաչապատենք Երևանը, բեքգրաունդում երևում է փարթամ ծառեր և կանաչներ, հետևի ֆոնին կան նոր կառուցված խաղահրապարակ, երեխաները խաղում են, մայրեր ման են գալիս, կալյասկա, և ասում են, ի՞նչ՝ էս ինչ ա, քանդ ու քարափ, մենք կսարքենք նոր խաղահրապարակներ, գոնե կամերան թեքեք էս կողմ»։

2012-ին խորհրդարանի ընտրություններից առաջ Գելափը հասարակությանը պատրաստում էր այն բանին, որ վերջինս գրեթե հիացած է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքներով։

«55 տոկոսը գնահատել են դրական ՀՀ նախագահի աշխատանքը, միայն 44 տոկոսը դրական է գնահատել կառավարության աշխատանքը, և միայն 34 տոկոսը՝ ԱԺ աշխատանքը»,-ասում էր Արման Նավասարդյանը։

6 տարի առաջ՝ 2015-ին Գելափը հայտնաբերեց, որ հայ հասարակության սիրտը սահմանադրական փոփոխություններ են ուզում։ Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով Սերժ Սարգսյանը մտադիր էր պահպանել Հայաստանի ղեկավարի աթոռը․ «Ըստ ձեզ՝ արդյոք ՀՀ-ում կա՞ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն՝ 46 տոկոսը նշել է, որ այո անհրաժեշտ է, ոչ 38 տոկոսն է նշել, 16 տոկոսը նշել է, որ դժվար է պատասխանել այս հարցին»։

2016-ին Գելափը ներկայացրեց սենսացիոն հակասություն ունեցող մի հարցում, ըստ որի՝ հասարակության 46 տոկոսը բավարարված էր իր կյանքով, բայց 69 տոկոսը դժգոհ էր երկրի տնտեսական վիճակից։ Պարոն Նավասարդյանը սրա բացատրությունն ուներ․ «Մեր բնակչության զգալի մասը ստանում է տրանսվերտներն արտերկրից»։

Գելափի ցուցանիշին ծանոթանալուց հետո ենք հետին թվով հասկանում, թե ինչու 2017-ի խորհրդարանի ընտրություններում Հանրապետականը հավաքեց 49 տոկոս։ Սակայն Գելափի գրեթե բոլոր հարցումներով խորհրդարանի ընտրություններից առաջ հասարակությունը միշտ դժգոհ է եղել Հանրապետական մեծամասնությամբ խորհրդարանի աշխատանքներից։ Ու միշտ ընտրություններում իր քվեն տվել է Հանրապետականին։ Ինչպե՞ս է այդպես պատահել։ Բանն այն է, որ բոլոր այդ հարցումները եղել են իշխանության պատվերով և հենց իշխանության պատվերով էլ գրվել են թվերը։ Ահա ինչու, գրեթե բոլոր ընտրություններում տեղի են ունեցել աղաղակող կեղծիքներ, որոնք արձանագրել են միջազգային կազմակերպությունները։ Սակայն, այս անգամ, ճակատագրի հեգնանքով, Գելափի երեկվա հարցումների պատվիրատուն ընդդիմությունն էր, ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանը։ Մեր տեղեկություններով նույնիսկ այստեղ Գելափը դիմել է մանիպուլյացիայի՝ 14 տոկոսով կրճատել է Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի վարկանիշը և մոտ 8 տոկոսով ավելացրել Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի վարկանիշը։ Չնայած այդ ամենին Գելափն այսօր քաղաքական ուժերի համար ունի հասարակական կարծիքի ուսումնասիրություն անցկացնողի ամենաբարձր համբավը։

Բեռնում.....