ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողները 2021 թվականի մայիսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Ա-ի կողմից բեռնափոխադրող ընկերությանը հանձնված և Ճապոնիա ուղարկվող առաքանիում հայտնաբերել են երկու սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով քննչական խմբի, ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների արհեստավարժ գործողությունների, առկա վարկածների ստուգման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Կ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարաններից մեկում 2021 թվականի հունիսի 2-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ևս երեք նույնատիպ սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:
