Ըստ թուրք արտահանողների ասամբլեայի, 2021 թվականի մայիսին Թուրքիայի ռազմաարդյունաբերության արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 170,4 միլիոն դոլար: Իսկ առաջին 5 ամսվա կտրվածքով ոլորտի արտահանումը կազմել է 1,1 միլիարդ դոլար: Defenceturk.net մասնագիտացված կայքի տվյալներով, ոլորտի արտահանումն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 48.3% -ով:
Արտահանման երեք հիմնական ուղղություններն են` ԱՄՆ, Ադրբեջան և Միացյալ Էմիրություններ:
Դեպի ԱՄՆ արտահանումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 65.8%-ով և տարեսկզբից կազմել է 476,2 միլիոն դոլար:
Սպառազինության արտահանումը դեպի Ադրբեջան անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1390%-ով և 2021 թվականի առաջին հինգ ամիսներին կազմել 136 միլիոն դոլար:
2021 թվականի առաջին հինգ ամիսներին Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվել է 97,4 միլիոն դոլարի սպառազինություն, ինչը 21%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
10 առաջատարների ցանկի մեջ մտնող մյուս պետությունների մասով թուրքական ռազմաարդյունաբերական ոլորտի արտահանումը տարվա առաջին 5 ամսվա կտրվածքով կազմել է.
Գերմանիա՝ 58,6 միլիոն դոլար; Բանգլադեշ՝ 57,8 միլիոն դոլար; Թունիս`29,3 մլն դոլար; Ուզբեկստան՝ 21 միլիոն դոլար; Հորդանան՝ 19,2 միլիոն դոլար; Մեծ Բրիտանիա՝ 17,1 միլիոն դոլար; Ռուանդա՝ 16,5 միլիոն դոլար:
Հետաքրքրական է, որ թուրքական սպառազինության գնորդներից է նաև Ռուսաստանը, որը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը`13,9 միլիոն դոլարով:
Թուրքական սպառազինության արտահանման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում անօդաչու թռչող սարքերը, ցամաքային և օդային տրանսպորտային միջոցները:
