7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Ռիքերի այցը կապված չէ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ․ Պողոսյան
Գլխավոր Նորություններ

Ռիքերի այցը կապված չէ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ․ Պողոսյան

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցով ժամանում է Հարավային Կովկաս։ Ռիքերն արդեն իսկ եղել է Վրաստանում, Ադրբեջանում, իսկ վաղն արդեն կժամանի Հայաստան։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այցի նպատակը երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթություններն առաջ մղելու և տարածաշրջանում ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանն ԱՄՆ աջակցությունն արտահայտելն է։

Թեմայի վերաբերյալ NewArmenia.am-ը զրուցել է «Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

-Պարո՛ն Պողոսյան, ԱՄՆ քաղաքականությունն այս տարածաշրջանում համակարգում է  հենց Ռիքերը։ Հաշվի առնելով այդ ֆիգուրի կարևորությունը, ըստ Ձեզ, ո՞րն է նրա այցի նպատակը:

-Կարծում եմ՝ այցի նպատակը տարածաշրջանն էլ ավելի լավ հասկանալն է և միգուցե ԱՄՆ նոր վարչակազմից որոշակի մեսիջների փոխանցումն է։ Ամեն դեպքում, վերջին անգամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան այցելել է հեռավոր 2018 թ.-ի հոկտեմբերին՝ այն ժամանակվա նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը։ Դրանից հետո տարածաշրջանում էական փոփոխություններ են եղել՝ առաջին հերթին պայմանավորված արցախյան 44–օրյա պատերազմով։ Բացի դրանից, Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել վարչակազմի փոփոխություն։ Ճիշտ է, Ռիքերը պաշտոնավարել է նաև Թրամփի վարչակազմի օրոք, սակայն ամեն դեպքում մոտ 5 ամիս է, ինչ նոր վարչակազմի փոփոխություն է եղել այդ երկրում, ու աստիճանաբար նրանք մոտեցան արդեն նաև Հարավային Կովկասին։ Չեմ բացառում նաև, որ այս այցը որոշակիորեն կապ ունի նախագահ Բայդենի առաջիկա օրերին Եվրոպա այցելության հետ։ Հունիսի 11-13-ին Մեծ Բրիտանիայում լինելու է «Մեծ յոթնյակ»-ի երկրների ղեկավարների հանդիպում, հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, իսկ ահա հունիսի 16-ին Ժնևում Պուտին-Բայդեն հանդիպումն է։ Իհարկե չեմ պնդում, բայց հնարավոր է, որ այցելությունը որոշակի փորձ է նախքան եվրոպական հանդիպումները՝ հասկանալու նաև Հարավային Կովկասի երկրների ղեկավարների դիրքորոշումները Միացյալ Նահանգների համար հետաքրքրություն ներկայացնող այս կամ այն հարցի վերաբերյալ։

— Հաշվի առնելով, որ վերջին օրերին ԱՄՆ դեսպանն այցելել էր Սյունիք, կարելի՞ է ենթադրել, որ Ռիքերի այցը նույնպես կապված է նաև  սահմանային հարցերի հետ:

-Այս այցն ուղղակիորեն սահմանային լարվածության հետ ես չէի կապի, քանի որ սա տարածաշրջանային այց է, որն առնվազն ամիսներ առաջ են պլանավորում։ Եթե ուղղակիորեն կապված լիներ սահմանային լարվածության հետ, ապա չէր լինի տարածաշրջանային այց, այլ կլիներ միայն Ադրբեջան և Հայաստան, մինչդեռ մենք գիտենք, որ Ռիքերը սկզբում եղավ Վրաստանում, ապա մեկնեց Ադրբեջան, իսկ վաղը նոր կգա Հայաստան։

Միանաշանակ է, որ թե՛ սահմանային հարցերը, թե՛ գերիների հարցերը քննարկվելու են, վերջին հաշվով ԱՄՆ-ն` թե՛ որպես ՄԽ համանախագահ և թե՛ առանձին պետություն, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարություններով՝ ներկայացնելով իր պաշտոնական դիրքորոշումները։ Ըստ իս, քննարկումներն ավելի ընդհանրական կլինեն՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերի, գերիների վերադարձի, սահմանների սահմանագծման և սահմանազատման հետ։ Ռիքերն այդ շրջանակում կփորձի հասկանալ կամ պետության ղեկավարներից լսել, թե նրանք ինչպես են պատկերացնում Արցախի հարցը՝ սահամանագծման և սահմանազատման համատեքստում։

— Ըստ պաշտոնական տեղեկատվության, այցի ընթացքում քննարկվելու են տնտեսական զարգացման հարցեր։ Երկկողմանի ի՞նչ տնտեսական օրակարգ ունենք ԱՄՆ հետ։ Եվ, ընդհանրապես ի՞նչ օրակարգ ունենք։ Չէ՞ որ վերջին տարիներին այդ օրակարգը, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, գրեթե դատարկ է։

— Եթե համեմատում ենք երեք պետությունների օրակարգերը, բնականաբար Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների գործընկերը Վրաստանն է։ Վերջին հաշվով, դեռևս 2009 թ.-ի հունվարից կա ստորագրված պայմանագիր՝ կապված ռազմավարական գործընկերության հետ։ Սրանք հենց այնպես հայտարարություններ չեն, այլ դրանք փաստաթղթավորված են, ըստ որի Վրաստանն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում։ Կան տարբեր մեխանիզմներ, տարբեր հարցերի շուրջ գործում են աշխատանքային խմբեր, որոնք տարին մեկ անգամ գոնե հանդիպում են, իրականացնում են ծրագրեր։ Բացի դրանից, Վրաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկության մասին, և ԱՄՆ-ն՝ որպես ՆԱՏՕ-ի ամենահզոր պետություն, այստեղ ևս մեծ դեր է խաղում։ Շատ հարցեր կան, որոնք Վրաստանը կապում են ԱՄՆ-ին, որոնց ավելանում է նաև այն հանգամանքը, որ Վրաստանն իրեն ներկայացնում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության աճը կանխող պետություն։ Այս համատեքստում, հաշվի առնելով 2014 թվականից ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը, ԱՄՆ-ի համար դա ևս շատ կարևոր է։ Եթե դիտարկենք Ադրբեջանի դերն ԱՄՆ-ի համար, ապա ԱՄՆ-ն միշտ էլ աջակցել է Ռուսաստանը շրջանցող թե՛ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա նավթամուղերի կառուցմանը և թե՛ էականորեն աջակցում էր «Հարավային գազային» միջանցք ծրագրին` որպես ռուսական գազային ազդեցությունը որոշակիորեն թուլացնող քայլ։ Ամեն դեպքում, օբյեկտիվորեն և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանն ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ-ի համար, քան Հայաստանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ եղած տնտեսական օրակարգի բացակայությանը, ապա միակ բանը, որ մենք կարող ենք ԱՄՆ-ից ակնկալել, այն է, որ ԱՄՆ-ն չխոչընդոտի, որպեսզի մենք կարողանանք հնավորինս շատ ներդրումներ բերենք Միացյալ Նահանգներից, ընդ որում առաջին հերթին պետք է շեշտը դնել ամերիկահայերի վրա, քանի որ ակնկալել, որ խոշոր ամերիկյան ընկերությունները կգան Հայաստան, հիմա անիրատեսական է։ Փաստացի, ամերիկացիների հետ տնտեսական օրակարգ ձևավորելու խնդիրները երկուսն են՝ առաջինը բնականաբար ապահովել որոշակի ներդրումներ ամերիկահայերից, իսկ հետո կամ զուգահեռաբար աշխատել ԱՄՆ-ի հետ, որպեսզի այս ներդրումների համար խոչընդոտներ չառաջացնեն։

Ըստ Ձեզ, հնարավո՞ր է վերսկսվի այսպես կոչված` հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը:

-Եթե մենք խոսում են ռազմավարական գործընկերության մասին, ապա ֆորմալ առումով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը սկսվեց 2019 թ.-ին։ Առաջին հանդիպումը 2019 թ.-ի մայիսին կայացավ։ Այդ շրջանակներում վերջին հանդիպումը կայացել է պատերազմից երկու օր առաջ՝ 2020 թ.-ի սեպտեմբերի 25-ին։ Սակայն, եթե մենք նայում ենք, թե այս օնլայն հանդիպման ժամանակ ինչ հարցեր էին քննարկվում, փաստացիորեն պատերազմից 2 օր, այն պարագայում, երբ բոլորս ենք վստահ, որ ԱՄՆ-ն պատերազմի սկսման հետ կապված բավականաչափ ինֆորմացված է եղել, կտեսնենք, որ ԱՄՆ-ն հիմնականում խոսում էր Հայաստանում կանանց դերն ակտիվացնելու, հասարակական –քաղաքական կյանքում կանանց դերը մեծացնելու, դրանց միջոցով Հայաստանում ժողովրդավարությունը խթանելու մասին։ Այսինքն, քննարկվել էին այնպիսի թեմաներ, որոնք որևէ կերպ առնչություն չունեին այն իրականության հետ, որին 2 օր հետո պետք է բախվեր Հայաստանը։ Կրկին ասեմ, որ ես վստահ եմ՝ ԱՄՆ-ն շատ լավ տեղյակ էր այդ իրականության մասին, ու անհնար էր` այդպիսի պետությունը չիմանար Ադրբեջանի քայլերի մասին։ Հետևաբար, զուտ ֆորմալ առումով կա գործընթաց, որը կոչվում է ռազմավարական երկխոսություն, սակայն դա բովանդակություն գրեթե չունի։

— Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս այցն արձագանք է վարչապետի առաջարկին` միջազգային դիտորդական առաքելության հետ կապված  և հնարավո՞ր է միաժամանակ խթան հանդիսանա Մինսկի խմբի ակտիվացման համար:

-Ամերիկացիները Նիկոլ Փաշինյանի առաջարկին արդեն արձագանքել են։ Փաշինյանն այդ առաջարկն արել է մայիսի 27-ի երեկոյան, իսկ դրանից մի քանի ժամ հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարություն տարածեց, որտեղ գրեթե նշվում էր այն, ինչ արտացոլում էր վարչապետի առաջարկը։ ԱՄՆ-ն կոչ էր անում զորքերը վերադարձնել մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերին, ինչպես նաև ողջունում էր դրան ուղղված քայլերը։ Քանի որ Պետքարտուղարության հայտարարությունն ընդամենը մի քանի ժամ հետո էր տարածվել, ապա ես գրեթե վստահ եմ, որ դա ԱՄՆ արձագանքն էր հենց Նիկոլ Փաշինյանի առաջարկին։

Ուղղակի այստեղ մի քանի այլ խնդիրներ կան՝ նախ այն, որ Ադրբեջանը միջազգային դիտորդների հետ կապված որևէ դիրքորոշում չի հայտնել, իսկ բոլորս էլ հասկանում ենք, որ նման բան հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ։ Երկրորդ` Ռուսաստանի դիրքորոշումը հստակ չէ։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ ակտիվացմանն ու այդ ֆորմատով խնդրի լուծմանը, ապա նշեմ, որ համանախագահները ևս մի քանի անգամ հայտարարություններ են տարածել։ Փաստացի, մենք մի իրավիճակ ունենք, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ ՌԴ-ն, և՛ Ֆրանսիան ֆորմալ առումով հանդես են գալիս ՄԽ շրջանակներում բանակցություններ սկսելու օգտին` միաժամանակ շեշտելով, որ այդ բանակցությունները պետք է հենվեն նախկինում առաջարկված սկզբունքների և տարրերի հիման վրա։ Սա նշանակում է, որ բանակցությունների անկյունաքարը կրկին պետք է լինի Արցախի կարգավիճակը, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը հայտարարում է, որ արցախյան խնդիրն արդեն լուծված է, ու եթե ինչ-որ բանակցություններ լինեն, որին ինքը պետք է մասնակցի, դրա անկյունաքարերը կարող են լինել միայն ու միայն փոխադարձ վստահության ստեղծումը և Ադրբեջանում հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության ապահովումը։ Իրականում, ես այստեղ չեմ տեսնում, թե ով է պատրաստ Ադրբեջանին ստիպել վերադառնալ իրական բանակցությունների ՄԽ ձևաչափում ու դրանց հիմքում ունենալ Արցախի կարգավիճակի հարցը։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Բեռնում.....