-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Ովքեր ասում են, թե այս իշխանությունը ընտրություններին վարչական ռեսուրս կկիրառի, իրենց արշինով թող չչափեն. Աշոտ Եդիգարյան. «ՀԺ»
թերթերի տեսություն

Ովքեր ասում են, թե այս իշխանությունը ընտրություններին վարչական ռեսուրս կկիրառի, իրենց արշինով թող չչափեն. Աշոտ Եդիգարյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ են սպասվում: Արտահերթ: Թավշյա հեղափոխությունից երեք տարի հետո ՀՀ քաղաքացիները կրկին իրենց քվեով պետք է որոշեն, թե առաջիկա հինգ տարում որ ուժին են վստահում երկրի կառավարումը: Այս ընտրությունները աննախադեպ են մի քանի առումով, դրանց թվում է նաև այն, որ քաղաքական կուսակցություններում ընդգրկված են հանրությանը հայտնի և անհայտ 2 տասնյակից ավելի մշակույթի գործիչներ:

Սակայն մշակույթի բնագավառի շատ մարդիկ էլ, չլինելով որևէ կուսակցության շարքերում, այնուամենայնիվ, ակտիվորեն հետևում են նախընտրական զարգացումներին և երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Նրանց թվում է դերասան, ռեժիսոր Աշոտ Եդիգարյանը, որի համոզմամբ՝ ընտրությունները կլինեն ազատ, արդար ու թափանցիկ, ինչպես երեք տարի առաջ և կթոթափեն երկրում առկա լարված մթնոլորտը:

Դերասանի հետ մեր զրույցը՝ ստորև.

— Պարոն Եդիգարյան, գաղտնիք չէ, որ քաղաքական ուժերը փորձում են հանրությանը հայտնի դեմքերին, մասնավորապես՝ մշակույթի գործիչներին, սպորտսմեններին, ներգրավել իրենց կուսակցության շարքերը, որպեսզի այդ մարդիկ ունեցած ճանաչումն օգտագործեն՝ ի շահ այդ ուժի: Մենք նաև տեսնում ենք, որ առաջիկա արտահերթ ընտրություններին մշակույթի մի շարք գործիչներ ընդգրկված են տարբեր կուսակցությունների կազմում: Ձեզ նման առաջարկ արվե՞լ է: Եթե արվել է, ինչո՞ւ չեք ընդունել, եթե չի արվել, արվելու դեպքում կընդունեի՞ք, թե՞ ոչ:

— Մինչև բուն զրույցին անցնելը, նախ ուզում եմ ասել, որ ես կուսակցական չեմ, երբևիցե չեմ ձգտել պաշտոնի: Ես պարզապես ազնիվ մարդ եմ, ասում եմ այն, ինչ ճիշտ է: Գիտեք՝ նման առաջարկ անողները զգում են, թե ում կարելի է անել: Կոմունիստների ժամանակ էլ մշակույթի գործիչներին առաջարկում էին համագործակցել ԿԳԲ-ի հետ, այսինքն՝ «գործ տալ»: Բայց ամեն մարդու չէին առաջարկում, տեսնում էին՝ ով է մի քիչ հեղհեղուկ, ով կարող է ընկնել իրենց տրամադրության տակ, մոտենում էին նրան, հասկանում եք: Իմ պարագայում չեղավ, որովհետև գիտեին, որ ես ուղղամիտ մարդ եմ: Նման առաջարկներ, որ դառնամ կուսակցական, եղել են 97, 98, 99 թվերին, հրաժարվել եմ, բնականաբար: Անգամ հսկայական գումարի դիմաց առաջարկել են ինչ-որ մեկի համար քարոզարշավի մասնակցեմ, բայց ես հրաժարվեցի, որովհետև չէի համակրում էդ մարդուն: Կյանքում երբեք փողը ինձ համար առաջին տեղում չի եղել: Էս ընտրություններին էլ նման առաջարկ չի եղել, կարծում եմ՝ գիտեն իմ դիրքորոշումը, նաև գիտեն մարդու իմ տեսակը:

— Ըստ ձեզ՝ երկրի համար ճգնաժամային իրավիճակներում մշակույթի գործիչների դերը ո՞րը պիտի լինի՝ ջրբաժաններ գծե՞լը, թե՞ ջրբաժանները վերացնելը:

— Իհարկե, վերացնելը: Չարենցն է ասել, չէ, «ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ասում են՝ արվեստագետները ցույց են անում գերիների վերադարձի համար: Ես որ գնամ ցույց անեմ, Ալիևը կասի՝ արա, Աշոտը ցույց է անում, սպասի գերիներին վերադարձնե՞մ: Որ իմանամ կվերադարձնի, հացադուլ էլ կանեմ: Էդ ինչ թիթիզություն է: Ջղայնանում եմ նման բաներից: Ամենավտանգավորն այն է, որ թուրքը մեր սահմաններին կանգնած է՝ զենքը ձեռքին, մենք ներսում իրար ուտում ենք: Սա ողբալի է, և մարդիկ կան՝ ո՛չ թե չեն գիտակցում, այլ հրահրո՛ւմ են: Սա է ամենասարսափելին: Ջրբաժանները պետք է վերանան: Արվեստագետներն էլ պետք է զբաղվեն արվեստով, նրանք բոլորինն են, չպետք է լինեն խամաճիկ: Հետո մի բան կա. մենք չենք սիրում առաջնորդ ունենալ, մենք չենք սիրում ազնիվ ապրել, մենք սիրում ենք ուրիշի ձեռքի տակ ապրել: Մի տեսակ ստրուկի հոգեբանություն կա մեր ազգի որոշ մասի մոտ: Սա էլ պայմանավորված է նրանով, որ երկար ժամանակ չենք ունեցել պետականություն և պաշտել ենք փողը: Եթե 15 թվին էլ մեր ունեւոր հայերը փողը վերածեին զենքի, մենք 1,5 միլիոն մարդու կոտորած չէինք ունենա: Անմիաբան ենք, մեր միջից կան թշնամիներ, որոնք այլադավան են, որոնք ուրիշին ավելի շատ են սիրում, քան սեփական ժողովրդին, որոնք ուրիշի լեզվին ավելի են նախապատվություն տալիս, քան սեփականին:

— Այսինքն՝ մենք չե՞նք գիտակցում պետականության արժեքը:

— Օրեր առաջ նայում եմ մի հեռուստահաղորդում, կամ էլ՝ համացանցով էր, լավ չեմ հիշում, մի լրագրող հարցախույզ էր անում քաղաքում, թե որ կուսակցությանը կընտրեն, չափազանց զարմացա, որ նման լրագրողներ կան, հիմա ասեմ՝ ինչու. հարց է տալիս ինչ-որ մի մարդու, թե ո՞ւմ է ընտրելու, ասաց՝ ներկա Կառավարությանը, լրագրողը հարցրեց՝ էս Կառավարությունը ձեզ համար ի՞նչ է արել: Սրանից ավելի զավեշտալի հարց, ողբալի հարց, ես չեմ պատկերացնում: Այ ընկեր ժուռնալիստ, էդ մարդու համար չպիտի անի Կառավարությունը, պետք է անի պետության կայացման համար, մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի համար: Այ ցավը որտեղ է. Էսքան տարի որ մենք տուժել ենք, 100 տարի առաջ էլ, որ ամեն հայ մտածել է՝ էս պետությունը, էս Կառավարությունը կոնկրետ իր համար ինչ է արել, դրա համար ենք տուժել: Իր համար չպիտի անի, ախր: Սա է մեր ող-բեր-գու-թյու-նը: Որովհետև բոլորը մտածում են, որ իր համար լավ անի, ինքը մի բան ավելի փախցնի, ինքը ավելի լավ ապրի, քան մյուսը: Ո՛չ, մարդիկ պետք է մտածեն ընդհանուր: էդ գլոբալ բառը էնքան են ասել, արդեն չեմ սիրում (առաջ շատ էի սիրում), որովհետև տեղի-անտեղի են օգտագործում: Բայց, այո՛, պետք է գլոբալ մտածողություն լինի այստեղ՝ հայրենիքի, ժողովրդի, պետության համար: Կարծեմ Քենենդին էր ասել՝ մի հարցրեք՝ պետությունը քեզ համար ինչ է արել, այլ առաջին հերթին՝ դու ինչ ես արել պետության համար: Հանճարեղ միտք է սա…

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....