Քարոզարշավի 3-րդ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշում պնդեց իր երեկվա միտքը՝ իր որդին պատրաստ է մեկնել Ադրբեջան գերի հանձնվելու՝ մեր գերիների վերադարձի պայմանով։
«Մեր համապատասխան մարմիններին հանձնարարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով»,-կրկնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակում բոլոր հարցերը Նիկոլ Փաշինյանի մասին էին։
«Մենք գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ, նա այդպես էլ 3 տարիների ընթացքում էլ չդարձավ քաղաքական դեմք»,-ասում է «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
Վերջինս չի բացառում, որ Փաշինյանն այս ընտրություններով գնում է ուղիղ քաղաքացիական պատերազմի ուղղությամբ․ «Մեզ մի փորձության առջև կանգնեցրեց նա, դա պատերազմն է, հիմա էլ պատրաստվում է ներքին փորձության առջև կանգնեցնել»։
Ազգային Ժողովրդավարական բևեռը ընտրողների հետ ուղղակի շփման փոխարեն ընտրել է փողոցներում իրենց մասին հիշեցնելը։ Նրանք ամենուր ասում են՝ ձեր քվեն տվեք «Սասնա ծռերին»։ Բայց լսողն ո՞վ է։
«Նիկոլ, Նիկոլ, Նիկոլ վարչապետ»,-այս բառերը գոռալով էր մի կին ուղեկցում քարոզիչներին։
Ռոբերտ Քոչարյանին Վայքում միայն մի հարց էր տանջում՝ ինչպե՞ս էր Փաշինյանի իշխանությունը մտնելու քարոզարշավի մեջ, ի՞նչ էր ասելու ժողովրդին, որին տարել են պատերազմի ու պարտվել։
«Պետք է չոքեին ու ասեին՝ ժողովուրդ ջան, ղալաթ ենք արել, էս ա, էս ա, բայց մի շանս էլ տվեք, շտկենք։ Ողջամիտ զանգվածը կասեր՝ հո էս երկիրը տրինաժոր չէ, որ դուք նստեք, տրինիրովկա անեք, ինչ-որ բան սովորեք, որովհետև գիտեք՝ մեկի մոտ ստացվում է, մեկի մոտ չի ստացվում, հիմա ձեզ մոտ չի ստացվում, յան տվեք, թող ուրիշը գա»,-իրեն բնորոշ ոճով ասում է երկրորդ նախագահը։
«Ուրիշը» Ռոբերտ Քոչարյանն է։ Էդմոն Մարուքյանն այդ կարծիքին չէ։ Քոչարյանը համերաշխություն չի մարմնավորում, Փաշինյանը՝ նույնպես, պարոն Մարուքյանն առաջարկում է Ազգային համերաշխություն։
«Իմ մտավախությունը ո՞րն ա՝ հունիսի 21-ին մենք կարող ա ընդհանրապես բախումների գնանք, ինչու՞, որովհետև երկու էդ բևեռներն իրար ոչնչացնելու մոլուցքով են մտել քաղաքականության մեջ»,-զգուշացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Գագիկ Ծառուկյանը Գավառում էր։ Հենց եկեղեցու մեջ նա լսում է արցախյան վերջին պատերազմի զոհերի հարազատներին ու բառացիորեն ասում․ «Աստված չանի՝ որևիցե մի ընտանիքում այդպիսի դեպք լինի)։
Քաղաքի մեջ Գագիկ Ծառուկյանը բոլորին հիշեցնում է՝ ինքը տեսած մարդ է, ունեցած մարդ է, բայց ժողովրդի վիճակը վատ է, ինքը պիտի մի բան անի։
«Որ մարդիկ լիարժեք զգան՝ գնահատված են, պաշտպանված են, իրենց մասին մտածող կա»,-տեղեկացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի այցելությունից հետո, այսօր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժինը օպերատիվ տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար։
