Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագիրը, որի շրջանակում անցկացվող «Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավների պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությունը համալրվել է Հովհաննես Այվազովսկու «Չումակներ. Սայլավորներ» (1857) կտավով:
Ցուցադրությունը գործում է պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի շրջանակներում:
Պատկերասրահի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունն այսօր դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում:
«19-20-րդ դդ. հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:
Ցուցասրահներից յուրաքանչյուրում նաև տեղակայված է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված են պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները»,- նշվում է հաղորդագրության տեքստում:

Ցուցահանդեսի բացումը, որին ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային սեմինարին մասնակից երկրների (ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Վրաստան) ներկայացուցիչներ, նախատեսվում է հունիսի 15-ին:
Ցուցահանդեսը կգործի երեքշաբթիից կիրակի՝ ժամը 11։00-17։00-ն։

