3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » «Գազե՞լ», թե՝ ճակատագիր
Այլ Լուրեր

«Գազե՞լ», թե՝ ճակատագիր

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր քրեական ու հասարակական խրոնիկայով կամաց-կամաց սկսում է նմանվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանություններին։

Գյումրիում «Գազելի» վթարից  զոհվել է 5 մարդ։ «Գազելը» մի փոխադրամիջոց է, որն ինքն իրենով ցույց է տալիս կառավարման մտակերտվածք (մենթալիտետ)։ Այսինքն, «Գազելը» տեղից տեղ գնալը յոլա տանող փոխադրամիջոց է, երթևեկել «Գազելով», նշանակում է մի կողմ դնել արժանապատվությունը, նշանակում է չունենալ ավելի ժամանակակից տրանսպորտային միջոցով երթևեկելու ընտրություն, այսինքն, ոչ թե նշանակում է չունենալ ընտրություն, այլ չունենալ հենց ավելի ժամանակակից փոխադրամիջոց գերտեխնոլոգիական 21-րդ դարում։

Գործող իշխանության մեղքն այստեղ ո՞րն է։ Ըստ էության այդ մեղքը չկա, «Գազել»-ներն ինքը չի ներմուծել Հայաստան։ Բայց «Գազել»-ով երթևեկում են իր քաղաքացիները։ Հասարակական տրանսպորտի բարեփոխումը պետք է լիներ նրա առաջնային խնդիրներից մեկը, այդ բարեփոխումը որքան քիչ տեսանելի է իշխանություններին, որոնք երթևեկում են հենց գերտեխնոլոգիական առաջընթացի սուպերմեքենաներով, այնքան տեսանելի է շարքային քաղաքացուն, որը «Գազելի» հույսին է։ Հետևաբար, իշխանության փոփոխությունից 3 տարի հետո ունենալ այսօրվա ողբերգությունը, ինչ-որ իմաստով հենց իշխանության մեղքն է։ Ինչու՞ այս իշխանությունը չի կասեցնում «Գազել»-ների շահագործումը։ Որովհետև ավելի լավն առաջարկել չի կարող, և առաջարկողն էլ ինքը չէ։ Հասարակական փոխադրամիջոցներն այսօր շահագործում են մասնավոր ընկերությունները, որոնց իշխանությունը չի պարտավորեցրել օր առաջ բարելավել տրանսպորտային ցանցը։ Արդյունքում մենք ունենք այսօրվա ողբերգությունը, որից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ո՞վ է կասկածում, որ հենց այսօր կամ վաղը կառավարությունը նիստ կգումարի և հանձնարարական կտա զբաղվել հին մեքենաների «հասարակական» շահագործումներով։ Բայց այդպիսի հանձնարարականները հնչել են հենց նույն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, որոնց կառավարման շրջանում նույնպես 5-ից ավելի մարդիկ են նույն օրը զոհվել «Գազել»-ային վթարներից։ Անշուշտ կլինեն նաև պաշտոնանկություններ։ Բայց ողբերգության հիմքում այն չհնչող մտայնությունն է, թե՝ մենք ի՞նչ անենք, եթե մարդը ավելի լավ փոխադրամիջոց ձեռք բերել չի կարող։

Նախնական տվյալներով՝ մեքենայի ուղևորները եղել են բերքահավաքի նպատակով մեկնող բանվորներ, այսինքն, «Գազել»-ը չի եղել կանոնավոր փոխադրամիջոց Երևան-Գյումրի ճանապարհին, որով պարզապես ուղևորներ են երթևեկել, բայց այն կանոնավոր փոխադրամիջոց է եղել հենց այդ բանվորների համար։ Այսինքն, «Գազել» չէ, այլ՝ ճակատագիր։

Կարճ ասած, Հայաստանում շահագործումից պետք է հանվեն «Գազել»-ները։ Նրանք վաղուց վերածվել են «հայ-ադրբեջանական սահմանի» քիլլերներ, երբ հայտնի չէ, թե որ օրը փամփուշտը կգտնի քեզ, բայց մի տարբերությամբ՝ սահմանին դու դեռ կարող ես գլուխդ ցածր պահել։ «Գազել»-ի մեջ նույնիսկ ամենահարմարավետ դիրքը քեզ ոչնչով օգնել չի կարող։

Արսեն Գրիգորյան

Բեռնում.....