6.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » «Հիմնական խնդիրը ֆինանսական ոչ բավարար միջոցներն են»․ «Փաստ»
թերթերի տեսություն

«Հիմնական խնդիրը ֆինանսական ոչ բավարար միջոցներն են»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկան մոլորակ» տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 2004 թ.-ին Արարատի մարզում: 2017 թ.-ին վերանվանվել է «Քաջիկ Ավետիսյան» տիկնիկային թատրոն: Արտաշատ քաղաքում Շահումյանի փողոցում վարձակալած տարածքում է գործում թատրոնը: «Թատերական խումբը կազմված է հինգ հոգուց, որից երեքը մինչև 30 տարեկան են: Խմբի մյուս անդամը 47 տարեկան է, ես՝ 66: Թատրոնը հիմնադրել եմ ես, տիկնիկները ես եմ պատրաստում, բեմադրած ներկայացումների համարյա 70 տոկոսի պիեսները ես եմ գրում, երգերի բառերը, նկարչական ձևավորումը ևս իմն են: Նաև խաղում եմ ներկայացումներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Քաջիկ Ավետիսյանը:

Շրջագայում են տարբեր մարզերում, լինում Երևանում: «Նախքան համաճարակը համագործակցությունը մյուս թատրոնների հետ ավելի սերտ էր, փոխադարձ այցելություններ էինք կազմակերպում, պիեսներ բեմադրում: Հիմա ամեն ինչ բարդացել է համաճարակային վիճակի հետ կապված: Նախքան մեր զրույցն ինձ զանգահարեցին և երեք մանկապարտեզում ներկայացումները չեղյալ հայտարարեցին, քանի որ աշխատակիցների շրջանում վարակված մարդիկ են եղել»,-նշում է մեր զրուցակիցը:

Թատրոնն ինքն է իրեն ֆինանսավորում:«Մեր ստեղծած գումարների հաշվին վճարում ենք հարկերը, աշխատավարձերը, հոգում մյուս ծախսերը: Ի սկզբանե այս կերպ ենք աշխատել: Այսքան տարի աշխատելու ընթացքում երբևէ պետական աջակցություն չենք ստացել: Դիմել ենք, սակայն ասում են՝ թատրոնը պետական չի, օգնել չենք կարող: Հիմա նախագծեր եմ ցանկանում կյանքի կոչել, բայց չեմ կարողանում ֆինանսի բացակայության պատճառով: Չեմ կարողանում հումք գնել տիկնիկներ պատրաստելու և այլ հարցեր լուծելու համար»,-ընդգծում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նեղսրտում է, որ օրինակ՝ գործարարներից շատերի համար, կարծես թե, մշակույթը նշանակություն չունեցող մի բան է:

«Նա մտածում է, որ այդտեղից օգուտ չունի, դրա համար չի ֆինանսավորում: Անգամ առաջարկում եմ՝ գումարը պարտքով տուր, սկսեմ աշխատել, հետո կվերադարձնեմ: Նույնիսկ այդ դեպքում են մերժում: Իսկ եթե գիշերային բար լիներ, այնքան հովանավոր կունենայի: Ցանկացած ծախս մենք ենք հոգում, օրինակ՝ մեքենա ենք վարձում, որը մեզ կտանի այս կամ այն մարզը կամ քաղաքը: Օր օրի գազն ու բենզինը թանկանում են, պատկերացրեք՝ ինչ ծախսերի հետ գործ ունենք: Չնայած բոլոր խնդիրներին՝ չենք դժգոհում, աշխատում ենք, ստեղծում: Ինձ համար կարևոր է, որ այս թատրոնը գոյություն ունի, աշխատում է: Նախքան այս համաճարակը՝ ամսական խաղում էինք միջինը 10-15 ներկայացում, իսկ հիմա՝ 7-8»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....