8.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » Մենք պետք է իրատես լինենք և հասկանանք, որ յուրաքանչյուր պետություն իր քաղաքականությունը կառուցում է իր պետության շահին համապատասխան․ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան
Այլ Լուրեր

Մենք պետք է իրատես լինենք և հասկանանք, որ յուրաքանչյուր պետություն իր քաղաքականությունը կառուցում է իր պետության շահին համապատասխան․ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը Բաքվում մեկնարկած «Ղարաբաղի վերականգնում, վերակառուցում և զարգացում» միջազգային ցուցահանդեսում նշել է, որ Մոսկվան շահագրգռված է մասնակցելու Ղարաբաղի վերականգնմանը ռուսական ընկերությունների մասնակցությամբ:

«Ցուցահանդեսում շատ կարևոր է ռուսական ընկերությունների մասնակցությունը: Այստեղ ներկայացված է Ռուսաստանի Դաշնության տարբեր ընկերությունների մեծ տեսականի: Որպես դեսպան՝ ես շատ գոհ եմ ցուցահանդեսին ռուսական ընկերությունների նման լայն մասնակցությունից», — ասել է ռուս դիվանագետը:

Բոչարնիկովը նշել է, որ Ռուսաստանի առևտրի գրասենյակը և ռուսական արտահանման աջակցման կենտրոնի ներկայացուցչությունն այժմ աշխատում են ցուցահանդեսում ներկայացված ընկերություններին աջակցելու ուղղությամբ: «Այն, ինչ տեսա այս ցուցահանդեսում, ինձ լուրջ հույսեր է ներշնչում: Կարծում եմ, որ այն լուրջ աշխատանքի պարագայում, որն այժմ տարվում է Ղարաբաղը վերականգնելու ուղղությամբ, Ռուսաստանի մասնակցությունը կարող է նշանակալից լինել՝ հաշվի առնելով նաև շինարարական տարբեր ոլորտներում ռուսական ընկերությունների փորձը: Մենք հետաքրքրված ենք, որպեսզի ռուսական ընկերությունները մասնակցեն Ղարաբաղի վերականգնմանը»,- շեշտել է դեսպանը:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքներին ռուսական մասնակցության վերաբերյալ Newarmenia-ն զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

— Տիկին Հայրապետյան, անշուշտ, ցանկացած երկիր իրավունք ունի տնտեսական գործունեություն ծավալել այլ երկրներում, և Ռուսաստանն այստեղ բացառություն չէ։ Սակայն, ինչպե՞ս է դա դիտվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ինչպես միջնորդական, այնպես էլ խաղաղապահ առաքելության համատեքստում։

— Իմ կարծիքով, Ռուսաստանը մշտապես էլ տարածաշրջանում փորձել է համադրել և համատեղել ռազմավարական գործընկերոջ, միջնորդի, խաղաղության երաշխավորի դերերը և, իհարկե, նաև իր պետության բիզնես շահերը: Սա արվում է, ելնելով Ռուսաստանի քաղաքական, ռազմավարական և տնտեսական շահերից: Մենք պետք է իրատես լինենք և հասկանանք, որ յուրաքանչյուր պետություն, այդ թվում՝ նաև մեր ռազմավարական դաշնակիցը՝ իր քաղաքականությունը կառուցում է իր պետության շահին համապատասխան:

 — Հաշվի առնելով Ռուսաստանում իշխանության և խոշոր բիզնեսի սերտաճման հայտնի փաստը, այդպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծերում ռուսական խոշոր բիզնեսի ներգրավումը որքանո՞վ կազդի Ռուսաստանի միջնորդական դերի վրա։ Չէ որ նման բազմամիլիոնանոց, եթե ոչ բազմամիլիարդանոց նախագծերին որպես կանոն մասնակցում են Կրեմլին մոտ կանգնած ընկերությունները։

— Ռուսաստանում գործող Ռազմավարություների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը օրերս «Սիվիլնեթ» լրատվականին տված իր մեկնաբանություններում մի միտք էր հայտնել, որը, կարծում եմ՝ ուշադրության արժանի է: Նա նշել էր. «…Պետք է հիշել, որ մենք՝ ռուսներս, չենք կարող ավելի հայ լինել, քանի իրենք՝ հայերը: Վերջին հաշվով, սա ձեր պետությունն է, ոչ թե մեր: Դուք պետք է այն պաշտպանեք: Հարցը, թե ինչպես կանցնեն ձեր սահմանները, որոշվում է Երևանում, ոչ թե Վաշինգտոնում կամ Մոսկվայում…»: Թվում է, թե ինչ կապ ունի այս մեջբերումը Ձեր հնչեցրած հարցի հետ, կարծում եմ՝ շատ ուղիղ: Այսօր, հենց մեր պետության որոշ ներկայացուցիչների շուրթերից հնչում են տեքստեր, որոնք ուղղակի կամ անուղղակի ծառայեցվում են ադրբեջանական շահերին: Հույս ունեմ, որ դա արվում է ոչ գիտակցված, սակայն որևէ մեկին մեղադրելուց առաջ, նախ հասկանանք, թե ինչ ենք մենք ինքներս սխալ անում, հետո ավելի պարզերես կարող ենք խոսել մեր գործընկերների հետ:

— Արդյո՞ք ականատեսն ենք համատեղ բիզնես շահերով շահագրգռելու և այս կամ այն երկրներին իրենց կողմը քաշելու ադրբեջանական ռազմավարության դրսևորմանը:

— Բնական է, որ Ադրբեջանը ունի նման ռազմավարություն: Իրենք շատ ավելի հստակ և կազմակերպված քայլեր են ձեռնարկում իրենց նպատակների իրագործման համար: Մի կողմից՝ զորավարժությունների պակաս չկա, մյուս կողմից՝ թվացյալ «խաղաղության» մասին են խոսում, երրորդ կողմից էլ՝ բիզնես շահերի հիման վրա ծրագրեր են առաջ քաշում:

— Հոկտեմբերի 18-19-ը Երեւանում կայացավ հայ-ռուսական միջռեգիոնալ VIII-րդ ֆորումը, որի ժամանակ Ռուսաստանը հայտարարեց առաջիկայում Հայաստանի տնտեսության մեջ մոտ 1 միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին։ Հնարավո՞ր է, որ ռուսական կողմի այս հայտարարությունները կապված են վերը նշված հարցի հետ, և Ռուսաստանը պարզապես փորձում է հավասարակշռության պատրանք ստեղծել, ինչպես դա ժամանակին իբր արվում էր զենքի վաճառքի հարցում։

— Ռուսաստանը մշտապես էլ փորձում է համադրել ռազմավարական գործընկերոջ դերը իր ստանձնած միջնորդական առաքելության հետ: Բնական է, դա զուգահեռվում է նաև բիզնես շահերով: 

Այդ դեպքում, հնարավոր է արդյոք ռուսական բիզնեսին ներգրավել Արցախի վերականգնողական աշխատանքներին։

— Ճիշտ, կազմակերպված և հետևողական աշխատանքի դեպքում առաջին հայացքից անհնար թվացող շատ բան կարելի է փոխել, անգամ եթե դա ժամանակատար թվա: Այստեղ խնդիրն այն է, որ պետք է ռազմավարություն մշակվի այդ ուղղությամբ, նպատակ դրվի և համառ աշխատանք տարվի:

Անի Խաչատրյան

Բեռնում.....