3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » Նիդեռլանդների Գերագույն դատարանը չեղյալ է համարել Ռուսաստանի կողմից ЮКОС-ի նախկին բաժնետերերին ավելի քան 50 միլիարդ դոլար վճարելու որոշումը
Աշխարհ

Նիդեռլանդների Գերագույն դատարանը չեղյալ է համարել Ռուսաստանի կողմից ЮКОС-ի նախկին բաժնետերերին ավելի քան 50 միլիարդ դոլար վճարելու որոշումը

Նիդեռլանդների Գերագույն դատարանը չեղարկել է որոշումը, ըստ որի Ռուսաստանը պետք է ավելի քան 50 միլիարդ դոլար վճարի ЮКОС-ի՝ ռուսական հայտնի նավթային ընկերության նախկին բաժնետերերին։

Գերագույն դատարանը, որին վճռաբեկ բողոք է ներկայացրել ՌԴ-ն, գտել է, որ Վերաքննիչ դատարանը, որը հաստատել է 2020 թվականին վճարման մասին որոշումը, անտեսել է Ռուսաստանի փաստարկներից մեկը, այն է՝ ЮКОС-ի բաժնետերերն իբր արբիտրաժային ընթացակարգում խարդախություն են կատարել: Ռուսաստանից այլ բողոքներ, մասնավորապես՝ դատարանի իրավասության վերաբերյալ, մերժվել էին։

Գործը վերադարձվել է Վերաքննիչ դատարան՝ նոր նիստերի և վերաքննիչ որոշում կայացնելու համար։

50 միլիարդ դոլարի վճարման մասին նախնական վճիռը կայացրել է Հաագայի արբիտրաժային տրիբունալը 2014 թվականի հուլիսին։ Այդ ժամանակ դատարանը վճռեց, որ Ռուսաստանի Դաշնությունը փաստացի իրականացրել է ЮКОС-ի օտարում, էքսպրոպրիացիա կամ պետականացում։ Դա արվել է 2004 թվականին, երբ պետությունն աճուրդով արհեստականորեն ցածր գնով վաճառեց ընկերության հիմնական ակտիվը՝ հարկային պարտքերը մարելու համար։ Դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանը ЮКОС-ի բաժնետերերին պետք է վճարեր ավելի քան 50 մլրդ դոլար։

Սակայն 2016 թվականին Հաագայի շրջանային դատարանը չեղյալ համարեց այդ որոշումը։

Բայց հետո՝ 2020 թվականի փետրվարին, Հաագայի արդեն վերաքննիչ դատարանը բեկանեց շրջանային դատարանի որոշումը։ Այդ ժամանակվանից գումարն ավելացել է մի քանի միլիարդով՝ կուտակված տոկոսների հաշվին։

Այնուհետև Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ վիճարկելու է այս որոշումը Նիդեռլանդների Գերագույն դատարանում։ Սա վերջին ատյանն էր, որը կարող է արգելափակել Հաագայի Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը։ Եվ հիմա Գերագույն դատարանը, փաստացի, բավարարեց ռուսական կողմի բողոքը։

Այս վեճի հետ կապված հաճախ հարց էր ծագում, որ վերջնական պարտության դեպքում՝ Գերագույն դատարանում, Ռուսաստանը կվճարի՞, թե՞ ոչ այդ 50 միլիարդը։ Իհարկե, Ռուսաստանը կփորձեր հրաժարվել վճարումներից, եթե անգամ պարտություն կրեր Գերագույն դատարանում։ Օրինակ՝ 2017 թվականին ՌԴ Սահմանադրական դատարանը իշխանություններին թույլ է տվել չվճարել ЮКОС-ի բաժնետերերին ՄԻԵԴ-ի կողմից վճռված 1,9 միլիարդ եվրոյի փոխհատուցումը։ Ավելին, սահմանադրական փոփոխությունները, որոնք Ռուսաստանում ընդունվեցին 2020 թվականին, հնարավորություն են տալիս անտեսել ցանկացած միջազգային ատյանի որոշումներ, եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ դրանք հակասում են երկրի հիմնարար օրենքին։

Բեռնում.....