ՀՀ կառավարությունը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը:
ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հայտի վերաբերյալ հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
«Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում: Արդեն իսկ իրականացվել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 63.7 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը:
Ընկերությունում ներկայումս առկա է 65 աշխատատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 200. 000 դրամ միջին աշխատավարձով։
