91 տարեկան հասակում Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխաիլ Գորբաչովը։
Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է երեքշաբթի օրը՝ երկարատև հիվանդությունից հետո։
Ռուսական լրատվական գործակալությունները, հղում անելով նախկին նախագահի հարազատներին, հայտնում են, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբից Գորբաչովը գտնվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։
Միխաիլ Գորբաչովի հիմնած հիմնադրամից ռուսական «Интерфакс» գործակալությանը հայտնել են, որ նրան կհուղարկավորեն Նովոդևիչի գերեզմանատանը՝ կնոջ՝ Ռաիսա Գորբաչովայի կողքին։
Գորբաչովը 1990 թվականին Գերմանիայի միավորումից հետո «Սառը պատերազմին» վերջ դնելու և խորհրդային բանակը Աֆղանստանից դուրս բերելու համար արժանացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակակի: Նա նաև համարվում էր «Գորբաչովի հիմնադրամի» հիմնադիրը, որն ուսումնասիրում է վերակառուցման քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանի և համաշխարհային պատմության խնդիրները։
Վստահաբար կարելի է ասել, որ խորհրդային վերջին առաջնորդի մահն անտարբեր չթողեց ոչ մեկին, հատկապես Խորհրդային Միությունում ծնված մարդկանց։ Շատերի համար նա մնում է բարդ և հակասական պատմական կերպար: Յուրաքանչյուր ոք ունի Գորբաչովի անհատականության և պատմության մեջ նրա դերի իր ըմբռնումը: Ոմանց համար նա իր ժամանակի ամենավառ քաղաքական գործիչն է, պատմական, հսկա անձնավորություն, ով ազատություն է տվել հարյուր միլիոնավոր մարդկանց նախկին ԽՍՀՄ-ում, այդ թվում նաւև Եվրոպայի կեսին: Իսկ ոմանց համար մարդ, ով, ինչպես ասել է Վլադիմիր Պուտինը, ստեղծեց 20-րդ դարի «մեծագույն աշխարհաքաղաքական աղետը»: Եթե Արևմուտքում նա ունի ազատարարի և առաջադեմ քաղաքական գործչի կերպար, ապա Ռուսաստանում և ԽՍՀՄ նախկին հանրապետություններում նրան հաճախ են մեղադրում դավաճանության և ազգամիջյան հակամարտությունների ջինը շշից բաց թողնելու մեջ:
ԽՍՀՄ վերջին առաջնորդը ծնվել էր 1931 թվականի մարտի 2-ին Ստավրոպոլի երկրամասի Մեդվեժենսկի շրջանի Պրիվոլնոյե գյուղում (այն ժամանակ՝ Հյուսիսային Կովկասի երկրամաս), գյուղացու ընտանիքում։
1930-ականներին ստալինյան մեծ բռնությունները չէին շրջանցել նաև Գորբաչովի ընտանիքին, որի արդյունքում նրա երկու պապերն էլ ենթարկվել էին աքսորի, սակայն հետագա տարիներին վերադառնալով նրանց այնուամենայնիվ հաջողվել էր միանալ տեղի կոլտնտեսական համայքների աշխատանքներին:
Հայրենական պատերազմի տարիներին, երբ Միխայիլը 10 տարեկանից ավելի էր, հայրը՝ Սերգեյ Գորբաչովը մեկնել էր ռազմաճակատ։ Որոշ ժամանակ անց նրանց գյուղը գրավվել էր գերմանական բանակի կողմից և Գորբաչովների ընտանիքը ավելի քան հինգ ամիս անցկացրել էր օկուպացիայի մեջ: 1943 թվականի հունվարի 21-22-ին այս տարածքներն ազատագրվել էին խորհրդային զորքերի կողմից, իսկ պատերազմի ավարտից հետո Միխայիլի հայրը, վերադառնալով ռազմաճակատից, արժանացել էր «Կարմիր աստղ շքանշանի» և «Արիության շքանաշանի»:
Ավելին՝ Սերգեյ Գորբաչովը 1948 թվականին բեքահավաքում ներդրած մեծ ջանքերի համար նույնիսկ արժանացել էր Խորհրդային միության սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:
Եվ ահա հենց այս ժամանակ էլ Միխայիլ Գորբաչովը, լինելով դեռահաս, հորը ցուցաբերած օգնության համար, արժանացել էր պետության կողմից շնորհված իր առաջին պարգևին՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանին:
1950 թվականին դպրոցը արծաթե մեդալով ավարտելուց հետո Միխաիլը առանց քննությունների ընդունվել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Որոշ տեղեկություններով Մոսկվայի պետական համալսարան նման հեշտ ընդունվելու համար ոչ թե որպես հիմք ծառայել էին պետական մրցանակները, այլ Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներից եկած ցուցումները:
Սակայն չնայած Միխայիլի նման առաջադիմությանը նա ԽՍՀՄ Կումունիստական կուսակցությանը պաշտոնապես միացել էր միայն երեք տարի անց՝ 1952 թվականին:
Մոսկվայում սովորելը նոր հորիզոններ էր բացել Գորբաչովի համար: Այդ տարիներին նա հանդիպել և ընկերացել էր այլ երկրներից ժամանած ուսանողների հետ: Առանձնահատուկ մտերմություն էր ձևավորվել Չեխոսլովակիայից ժամանած Զդենեկ Մլինարիի հետ, ով հետագայում կուսակցական բարձր պաշտոններ էր զբաղեցրել իր երկրում և դարձել 1968 թվականին հակակումունիստական ապստամբության՝ «Պրահայի գարնան» ժամանակ, Չեխոսլովակիա ԽՍՀՄ զորքերի ներխուժման և ելույթների ճնշման գլխավոր ճարտարապետներից մեկը:
Համալսարանն ավարտելուց հետո արդեն վկայագրված փաստաբանը մեկնել էր հայրենիք՝ Ստավրոպոլ, ով սակայն երկար չէր աշխատել տեղի դատախազությունում, քանի որ արագորեն անցել էր կուսակցական գործունեության:
Հետևողականորեն բարձրանալով կուսակցական հիերարխիայի շարքերը՝ 1966 թվականին Գորբաչովը դարձավ ԽՄԿԿ Ստավրոպոլի մարզկոմի առաջին քարտուղարը, իսկ 1971 թվականից՝ Կենտկոմի անդամ։
Միխայիլի հարազատ երկրամասը սովետական տարիներին հայտնի էր կովկասյան հանքային ջրերի առողջարաններով, որտեղ կուսակցության քաղբյուրոյի տարեց անդամները հաճախ էին ժամանում հանգստի և առողջական վիճակը բարելավելու համար: Այս ժամանակահատվածում հանդիպելով, ճանապարհելով և հարմարավետ կերպով կազմակերպելով Մոսկվայից ժամանած հարգարժան հյուրերի հանգիստը՝ Գորբաչովը ձեռք էր բերել անհրաժեշտ կապերը։ Ենթադրվում է, որ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) հզոր նախագահ Յուրի Անդրոպովն անձամբ է եղել Միխայիլի հովանավորը նրա հետագա առաջընթացի համար։
1978 թվականի սեպտեմբերի 19-ի երեկոյան հանգստի ժամանած Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի հատուկ գնացքը ԽՄԿԿ ԿԿ նախագահ Կոնստանտին Չեռնենկոյի ուղեկցությամբ կանգ էր առել Միներալնիե Վոդիում։ Անդրոպովը, ով այդ ժամանակ հանգստանալու էր մեկնել «Կրասնիե կամնի» առողջարանում, խորհրդային ղեկավարության հետ հանդիպմանը իր հետ տարել էր Գորբաչովին։ Այս ձևով մեկ վայրում հանդիպել էին ԽՄԿԿ Կենտկոմի մեկը մյուսին հաջորդած չորս գլխավոր քարտուղարները։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ է որոշվել Գորբաչովին մայրաքաղաք տեղափոխելու հարցը։
Հատկանշական է, որ նույն թվականի նոյեմբերի 27-ին Գորբաչովը դարձել էր Գյուղատնտեսության կենտրոնական կոմիտեի քարտուղար, իսկ 1980 թվականի հոկտեմբերին՝ քաղբյուրոյի անդամ։
1984 թվականին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդրոպովին փոխարինած Չեռնենկոյի մահից հետո 1985 թվականի մարտի 11-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի նիստում ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Անդրեևիչ Գրոմիկոյի կողմից Գորբաչովը առաջադրվել էր գլխավոր քարտուղարի պաշտոնում. մի հանգամանք, որը Անդրեյ Անդրեևիչը հետագայում վերագրել էր իրեն որպես անձնական նախաձեռնություն:
ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախագահի նախկին առաջին տեղակալ Ֆիլիպ Բոբկովի հուշերում նշվում է, որ դեռ 1985 թվականի սկզբին Չեռնենկոյի հիվանդության պատճառով Գորբաչովը արդեն նախագահել էր քաղբյուրոն, որտեղից հեղինակը եզրակացնում է, որ Միխայիլ Սերգեևիչն արդեն այն ժամանակ էր դրաձել երկրի երկրորդ անձը և հետևաբար գլխավոր քարտուղարի պաշտոնի իրավահաջորդը:
Այսպիսով 1985 թվականի մարտի 11-ին հայտնվելով իշխանության գագաթնակետում՝ Գորբաչովը չէր հապաղել ազդարարել արդեն երկար տարիներ լճացման մեջ ներքաշված բազմաթիվ ոլորտներում սպասվող փոփոխությունների և վրակառուցումների մասին։
Ի տարբերություն իր նախորդների, Գորբաչովը հանրության առաջ սկսել էր կանոնավոր կերպով հայտնվել կնոջ՝ Ռաիսա Գարբաչովայի (Տիտարենկոի) հետ միասին։ Սա Արևմուտքում Գարբաչովի շուրջ ձևավորել էլ մի խորհրդային ղեկավարի կերպար, ում համար մարդկային ոչ մի բան խորթ չէր: Սակայն մոտեցումը այլ էր ԽՍՀՄ-ում, որտեղ էլեգանտ և գրագետ Ռաիսա Մաքսիմովնաի կերպարի շուրջ առաջ էին եկել հակասական արձագանքներ։ Շատերը հակված էին ուռճացնելու նրա քաղաքական դերը, և թե՛ պահպանողականները, թե՛ «վերակառուցման» կողմնակիցները վստահ էին, որ նա վատ ազդեցություն էր թողել ամուսնու վրա։
Նոր առաջնորդի առաջին կարգախոսը եղել էր «արագացումը» (ускорение), որը իրենից ենթադրում էր առաջին հերթին արագացնել տեխնոլոգիական նորացման գործընթացը։ Սակայն հաջորդ տարիներին Գորբաչովը առավել հաճախ սկսել էր խոսել նաև նոր նախաձեռնությունների ու նպատակների մասին. «հրապարակայնության» (гласность) և «նոր մտածողության» (новое мышление) մասին, որոնք էլ ենթադրում էին պետական ինստիտուտների բացություն ու թափանցիկություն, լրատվամիջոցներում դրանց քննադատելու կարողություն: Այնուամենայնիվ, Միխայիլ Սերգեևիչի նախաձեռնած բարեփոխումների շարքում առավել քան մեծ ճանաչում գտել էր տնտեսական և քաղաքական կառուցվածքի բարեփոխումներ ենթադրող «վերակառուցման» (перестройка) նախաձեռնությունը:

Գարբաչովը տիկնոջ՝ Ռաիսա Գարբաչովայի հետ
Խորհրդային Միության ներսում թափանցիկությանը ուղղված այս բարեփոխումներն էլ դարձան հենց երկար տարիներով թուլացած ու խարխլված սովետական պետության փլուզման կուլիմինացիոն կետերը:
Գորբաչովը գտնում էր, որ տնտեսական բարեփոխումները պահանջում են ռազմական ծախսերի բեռի կրճատում, և դրա համար անհրաժեշտ էր ավելի բարեկամական հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ։ Միխայիլ Սերգեևիչի նման պատկերացումները հնչում էին այն ժամանակ, երբ Բրեժնևի մահից հետո տեղ գտած «լիցքաթափման» տարիներին առավել քան սկսվել էր լարվել հարաբերությունները ԽՍՀՄ-ի և Արևմուտքի միջև, որի հիմնական պատճառները կայանում էին 1979 թվականին Աֆղանստան ներխուժելուց հետո շարունակվող պատերազմով և Լեհաստանում հաստատված ռազմական դիկտատուրային Մոսկվայի ցուցաբերած աջակցությամբ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում իշխանության էին եկել այնպիսի առաջնորդներ, ովքեր հանդես էին գալիս ԽՍՀՄ-ի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականության օգտին, որոնց և փաստացի հաջողվել էր միջազգային ասպարեզում մեկուսացնել Խորհրդային Միությանը:
Ամենաանզիջումայինը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, ով իր ելույթներից մեկում Խորհրդային Միությունը անվանել էր «չարի կայսրություն»։ Սակայն Գորբաչովի և Ռեյգանի հանդիպումը Ժնևում 1985 թվականի վերջին օգնել էր կոտրել սառույցը: Չնայած առկա բոլոր տարաձայնություններին, երկու ղեկավարներին էլ հաջողվել էր փոխըմբռնում հաստատել և սկսել միջուկային զենքի փոխադարձ կրճատման գործընթացը։
Սակայն իրավիճակը երկրի համար բարդ չէր միջազգային ասպարեզում: «Հրապարակայնության» ներդրումից հետո խորհրդային հասարակությունը սկսել էր ճանաչել և իմանալ տհաճ ճշմարտությունը այն ամենի մասին, ինչը երկար ժամանակ թաքցված էր իրենցից. ստալինյան ռեպրեսիաների մասշտաբների, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի գաղտնի արձանագրությունների, նոմենկլատուրայի շքեղ կյանքի, արդեն վեց տարի Աֆղանստանում ընթացող պատերազմում ունեցած կորուստների և բանակում տիրող բարքերի մասին։ Այս ամենին զուգահեռաբար երկրում սկսվել էին սննդի և կենցաղային ապրանքների մատակարարման ընդհատումներ, որը «հրապաայնականության» պայմաններում առավել բարձր էր դարձրել հասրակության դժգոհության ձայնը:
Ազատությունից և «հրապարակաայնությունից» օգտվեցին նաև ԽՍՀՄ հանրապետությունների անկախական շրջանակները, ովքեր հանդես էին գալիս Մոսկվայից անջատման և մոնոէթնիկ պետությունների (երբեմն՝ բռնի ուժով) ստեղծման օգտին։ Հենց այս ժամանկահատվածում էլ միջէթնիկ բախումներ սկսվեցին Լեռանյին Ղարաբաղում և Ադրբեջանի ողջ տարածքում, Ֆերղանի դաշտում, Մրձդնեստրում, Հարավային Օսեթիայում:
Այս ընթացքում էլ Խորհրդային ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ աչքի ընկավ ստեղծված իրադրության շուրջ լուծումներ գնտնելու և գործի դնելու իր անընդունակությամբ և ոչ շրջահայացությամբ: Օրինակ 1988 թվականի Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի հայերի մասսայական կոտորածը ապացուցեց Մոսկվայի կողմնապահությունը հայ-ադրբեջանական առաջացող հակամարտությունում, որը ոչ այլ ինչ էր քան պատասխան քայլ դեռ 1987 թվականից Լեռնային Ղարաբաղի հայերի Հայաստանի ԽՍՀ-ի հետ միանալու ձգտումներին: Այս ամենը մեծ արագությամբ հանգեցրեց դեպքերի իրար հաջորդող նման զարգացումներին. 1989 թվականին՝ Կրիովաբադում կամ ներկայիս Գյանջայում և 1990 թվականին արդեն Բաքվում, որը հունվար ամսին վերածվել էր ադրբեջանական ազգայնականների հակասովետական ելույթի կենտրոնի:
Խորհրդային ղեկավարության անհեռատեսությունը ոչ միայն խորացրեց ներքին ճգնաժամը այլ ավելին տարավ ուղիղ մինչ օրս շարունակվող ռազմական հակամարտության, և դա միայն այն բանի պատճառով, որ Գորբաչովը Ադրբեջանի ղեկավարության հետ միասին որոշել էր 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում իրականցնել հատուկ «Օղակ» գործողությունը Արցախյան հարցին մեկընդմիշտ վերջ տալու և այն ի օգուտ Բաքվին լուծելու համար:
Շղթայական դարձած ազգային շարժումներից առաջացող ռեակցիան ողջ ԽՍՀՄ տարածքում այլևս անհնար դարձավ կանգնեցնել: Խորհրդային զորքերի կողմից ի աջակցություն փլուզվող կայսրության վերջին մնացորդները պաշտպանելու ճիգերին նույն տարում՝ 1991 թվականին նման արյունահեղ «հատուկ գործողություններ» իրականցրեցին նաև Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում և Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որոնք կրկին դատապարտված էին տապալման:
Նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների հանգեցնող այս իրադարձությունները միայն ներխորհրդային գործընթացներ չէին: Այս ամենը մասշտաբային գլոբալ ընթացք ունեցող իրադարձություններ էին, որոնք միտված էին Արևելյան Եվրոպայի երկրներում գործող կոմունիստական վարչակարգերի միմյանց հաջորդող տապալմանը, որի կուլիմինացիոն կետը դարձավ տխրահռչակ «Բեռլինի պատի» փլուզումը և Գերմանիայաի Ֆեդերատիվ Հանրապետության ու Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության միավորումը մեկ դաշնային պետության մեջ:
Դեռևս 1987 թվականին արևմտյան Բեռլին կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ռեյգանը իր ելույթում Գորբաչովին դիմել էր հետևյալ կոչով. «Պարոն Գորբաչո՛վ, քանդեք այդ պատը»: Եվ ահա մեկ տարի անց՝ 1989 թվականին իրականություն դարձավ Ռեյգանի այդ երազանքը: Մեկ գիշերվա մեջ բացվել էին պատի վրա գործող բոլոր հսկիչ անցագրային կետերը, իսկ քաղաքի արևելյան մասի բնակիչները մի անգամից նետվել էին պատը քանդելուն: Ֆորմալ առումով Գերմանիան վերջնականապես պետք է միավորվեր միայն 1991 թվականին, բայց մինչ այդ ԳԴՀ-ի ճակատագիրը վաղուց արդեն վորոշված էր, և այդպիսով Գարբաչովը հավերժ շահեց սահմանի երկու կողմերում գտնվող գերմանացիների համակրանքը:

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՍՀՄ առաջնորդ Միխաիլ Գորբաչովի հանդիպումը Վաշինգտոնում
Այսպիսով 1989-ից Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում սկիզբ առած հեղափոխությունները «թավշյա» ընթացք ունեցան, բացի Ռումինիայից։ Տարեվերջին բռնապետ Նիկոլա Չաուշեսկուն փորձել էր բռնի ուժով ճնշել երկրում սկսված բողոքի ցույցերը։ Նման փորձը ձախողվել էր, իսկ հոգեվարքի մեջ գտնվող Խորհրդային Միությունը ուղղակի չօգնեց իր երբեմնի դաշնակցին: Արդյունքում Չաուշեսկուն ձերբակալվեց և մահապատժի ենթարկվեց:
Միակ երկիրը, որտեղ կոմունիստներին հաջողվել էր ուժով պահել իշխանությունը, եղավ Չինաստանը։ 1989 թվականի հունիսին Պեկինի Տյանանմեն հրապարակում ցույցերը դաժանորեն ճնշվեցին բանակի կողմից։
Սովետական իրավաբան, գրող և հրապարակախոս Վլադիմիր Բուկովսկին պնդում էր, որ Գորբաչովի խղճի վրա էին ոչ միայն այդ տարիներին Թբիլիսում և Վիլնյուսում բանակաի կողմից իրականացրած կոտորածները, այլ նաև Չինաստանում տեղ գտած վերոնշյալ իրադարձությունները, քանի որ նա այդ ժամանակ աջակցել էր երկրի ղեկավարության նման դաժան գործելակեպին:
Վերադառնալով երկրի ներքին կացությանը՝ նշենք, որ ընթացող ռեֆորմները հասունացրել էին մի մարդու, ով վերջնականապես դարձել էր Գորբաչովի գլխավոր ախոյանը: Այս մարդը Բորիս Ելցինն էր, որ կուսակցական ասպարեզում բազմաթիվ վայրիվերումներից հետո 1987 թվականին Մոսկվայի ազգային-տարածքային շրջանից ընտրվել էր որպես պատգամավոր, այսինքն ընտրվել էր մայրաքաղաքի ողջ բնակչության կողմից: Իսկ 1991 թվականի հունիսին Ելցինը ժողովրդի կողմից ընտրվել էր Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) նախագահ՝ ստանալով մի մանդատ, որը Գորբաչովին չէր կարող բավականացնել։ Սրան ի պատասխան Գորբաչովը 1990 թվականի մարտին ընտրվեց ԽՍՀՄ նախագահ, սակայն ի տարբերություն Ելցինի՝ նա ընտրվել էր ոչ թե քաղաքացիների, այլ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերտ համագումարի կողմից. մի հանգամանք, որը վերջնականապես արատավորվեց նրա լեգիտիմությունը։
Այս կամ այն հանրապետությունում անկախական շարժումները ուժով ճնշելու փորձերի աճը հանգեցրել էին նրան, որ տեղի կոմունիստները վերջնականապես կորցրել էին ունեցած երբեմնի ազդեցությունը։ Նրանց տեղը զբաղեցրել էին նոր քաղաքական գործիչներ, որոնք ավելի ու ավելի համառորեն էին անկախություն պահանջում։
Այս գործընթացին փաստացի միացել էր Բորիս Ելցինը՝ 1991 թվականի հունիսի 12-ին ստորագրելով ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը։
1991 թվականի ապրիլին խորհրդային ղեկավարությունը հանրապետությունների հետ սկսել էր Նովո-Օգարյովոյի բանակցությունները՝ նպատակ ունենալով վերջիններիս հետ հարաբերությունները տեղափոխել պայմանագրային հիմքի վրա՝ նրանց ավելի մեծ անկախություն և ինքնիշխանություն տալու համար։
Միութենական պայմանագրի ստորագրումը նախատեսված էր օգոստոսի 20-ին։ Սակայն դրանից ընդամենը մեկ օր առաջ ութ խորհրդային գործիչներ, որոնցից վեցը Գորբաչովի մերձավոր շրջապատի անդամներ էին, պետական հեղաշրջման փորձ կատարեցին, արտակարգ դրություն հայտարարեցին և զորքեր մտցրեցին Մոսկվա: Այս ընթացքում Գորբաչովը մեկուսացվել էր Ղրիմի Ֆորսոյի հանգստի գոտում: Սակայն երեք օր անց Ելցինի կոշտ դիրքորոշման, դավադիրների և մայրաքաղաի բնակիչների անվճռականության շնորհիվ, որոնք դուրս էին եկել պաշտպանելու Սպիտակ տունը, հեղաշրջման փորձը ձախողվեց։
Գորբաչովը այդ իրադարձություններից հետո վերադարձել էր իր պարտականություններին, սակայն որոշ գնահատականներով դարձել սեփական ստվերը, քանի որ իրական իշխանությունը գտնվում էր Ելցինի ձեռքում: Այս ամենից հետո Ժողովրդական պատգամավորների համագումարը ինքնալուծարվեց, ԽՄԿԿ-ի գործունեությունը կասեցվեց, իսկ հանրապետությունների մեծ մասը շտապեց դեպի անկախություն։
Խորհրդային Միությունը տարբեր ձևափոխված անվանումների ներքո պահպանելու Գորբաչովի վերջին ջանքերը որևէ աջակցություն այդպես էլ չգտան հասարակության ներսում:
1991 թվականի դեկտեմբերի 8-ին ՌԽՖՍՀ նախագահ Բորիս Ելցինը, Ուկրաինայի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Լեոնիդ Կրավչուկը և Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը ստորագրեցին Բելովեժսկայայի համաձայնագիրը ԽՍՀՄ գոյության դադարեցման և ստեղծման մասին, որով Գորբաչովը կանգնել էր կատարված փաստի առաջ:
1991 թվականի դեկտեմբերի 25-ին Գորբաչովը հեռուստատեսությամբ հայտարարեց իր հրաժարականի մասին՝ դառնալով ոչ միայն ԽՍՀՄ առաջին, այլեւ վերջին նախագահը։
Նախկին Խորհրդային Միության շատ քաղաքացիներ մինչ օրս ափսոսում են երկրի փլուզման համար: Ինչպես հետխորհրդային Ռուսաստանի երկրորդ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրանք այս իրադարձությունը համարում են 20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը, որի արդյունքում ցավալի տնտեսական բարեփոխումներ են տեղի ունենում, իսկ որոշ տեղերում՝ զինված հակամարտություններ։ Շատերը այդ ամենի և երբեմնի հզոր կայսրության կործանման համար մեղադրել ու մեղադրում են Գարբաչովին։

1996 թվականին նա առաջադրեց իր թեկնածությունը Ռուսաստանի նախագահական ընտրություններում, սակայն ստացավ 1%-ից պակաս ձայն։
Գորբաչովի քննադատները Ռուսաստանում հիասթափված էին հատկապես նրա արտասահմանյան հաճախակի ուղևորություններից, որտեղ նրա «ազատարարի» կերպարը և Նոբելյան մրցանակի արժանանալու հանգամանքը ուղղակի բացասական և անհասկանալի էր դիտարկվում: Այս ամենին ավելանում էր նաև նախկին խորհրդային ղեկավարի պիցցայից մինչև դիզայներական պայուսակների համար նախատեսնված գովազդներում նկարահանվելու պատրաստակամությունը:
«Pizza Hut»-գովազդը Գարբաչովի մասնակցությամբ

Գարբաչովը Louis Vuitton-ի պայուսակների գովազդում
ԽՍՀՄ նախկին ղեկավարը հաճախ է քննադատությամբ հանդես եկել Պուտինի վարած քաղաքակնության շուրջ, սակայն ակնհայտորեն նա դա անում էր բավականին զգուշորեն: Խոսելով միակ ուժի կործանարարության մասին, համեմատելով «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ԽՄԿԿ-ի հետ, դատապարտելով ԶԼՄ-ների նկատմամաբ ճնշումները, Գարբաչովը, այնուամենայնիվ, մեկ անգամ չէ, որ դրական գնահատականներ էր տվել Ռուսաստանի երկրորդ նախագահի արտաքին քաղաքական կուրսին։
2014 թվականի մարտի 17-ին Գորբաչովը ողջունել էր Ղրիմում Ռուսաստանին միանալու հանրաքվեի դրական արդյունքները՝ «Ղրիմի ժողովրդի կամքն» անվանելով «պատմական սխալի ուղղում» և դատապարտելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներդրած պատժամիջոցները Ռուսաստանի և Ղրիմի քաղաքական գործիչների դեմ։
Իսկ 2015 թվականին գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում Գորբաչովը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի ճգնաժամի շուրջ Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև լարվածությունը կարող է հանգեցնել մեծ կոնֆլիկտի և նույնիսկ միջուկային պատերազմի:

ԽՍՀՄ վերջին առաջնորդը վերջին տարիներին
2019 թվականին BBC-ին տված հարցազրույցում 88-ամյա Գորբաչովը կրկին զգուշացրել էր միջուկային զենքից բխող սպառնալիքի մասին։
«Քանի դեռ կան զանգվածային ոչնչացման զենքեր, և առաջին հերթին միջուկային, վտանգը հսկայական է: Բոլոր ժողովուրդները պետք է հայտարարեն, որ միջուկային զենքը պետք է ոչնչացվի։ Մենք պետք է փրկենք մեզ և մեր մոլորակը»,-ասել էր ԽՍՀՄ վերջին առանջնորդ Միխաիլ Գորբաչովը:
