8.1 C
Yerevan
5 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.12.2023
Գլխավոր » Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից. վարչապետ
Այլ Լուրեր

Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից. վարչապետ

 Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին և միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա հետևանքով մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից՝ գնալով ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում չեն գործում բուհական պատշաճ չափորոշիչներ, բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն:

«Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթությամբ՝ երբեմն երկու դիպլոմով, ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է Հայաստանի ապագայի տակ:

«Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որը ամրագրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, մեկնարկել է:

Այս ծրագրի իրականացման արդյունքում, նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ և դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա»,- ասաց Փաշինյանը:

Բեռնում.....