11.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » Վարչապետի դիտարկմամբ գյուղերի դատարկման պատճառը նաև պատշաճ կրթության բացակայությունն է
Այլ Լուրեր

Վարչապետի դիտարկմամբ գյուղերի դատարկման պատճառը նաև պատշաճ կրթության բացակայությունն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն և հեռանկար չի եղել այդ գյուղերում:

Կառավարության հերթական նիստում Վարչապետն ասաց, որ ծնողները նախընտրել են գյուղերից հեռանալ նաև երեխաների համար կրթության հեռանկար ստեղծելու համար:

Վարչապետի կարծիքով՝ այժմ գյուղական բնակավայրերում բացվող մանկապարտեզները, դպրոցները Հայաստանի մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու:

Նիկոլ Փաշինյանը հատուկ ուշադրության է հրավիրում միջգյուղական կրթահամալիրների ծրագրի վրա:

«Նմանատիպ ծրագրեր իրականացնելու ենք այն գյուղերի համար, որոնցից ոչ մեկին անհրաժեշտ թվակազմ չկա առանձին դպրոց կամ մանկապարտեզ ունենալու համար և կա հնարավորություն մի քանի գյուղերի երեխաներին հավաքելու մեկ տեղում: Մենք նոր շենքեր կկառուցենք, դրանք կհագեցնենք նոր գույքով, դեպի այդ համալիրները տանող նոր ճանապարհներ կկառուցենք, երեխաներին տեղափոխելու համար նոր ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ կգնենք և կապահովենք պատշաճ կրթություն ստանալու նրանց իրավունքը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց նաև, որ գյուղական և քաղաքային բնակավայրերում բացվող և բացվելիք մանկապարտեզային, նախակրթարանի դպրոցական տեղերը ոչ միայն պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն են տալու մանուկներին, նրանց բարեկեցիկ կյանքի հիմքը դնելով, այլև նրանց մայրիկների համար կրթություն ստանալու, հանրային և տնտեսական գործունեություն մեջ ներգրավելու ճանապարհ են բացելու, որն իր հերթին Հայաստանի տնտեսական, քաղաքական և քաղաքակակրթական զարգացման էական գործոն է դառնալու, և բազմաթիվ ընտանիքներ կրթության ու աշխատանքով հաղթահարելու են աղքատությունը:

«Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի տաղանդի խրախուսման, տաղանդների փնտրտուքի բացահայտման ու պաշտպանության մեխանիզմների ձևավորումը:
Նախադպրոցական կրթության և հանրակրթության նոր չափորոշիչները պետք է դառնան այն հավելյալ գործիքը, որ տաղանդին ինքնադրսևորվելու, արտահայտվելու և զարգանալու հնարավորություն կտա»,- եզրափակեց Փաշինյանը:

Բեռնում.....