7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Բարձունքների «բարդակը»
Այլ Լուրեր

Բարձունքների «բարդակը»

Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալությունն իրականում ցույց է տալիս, թե ինչ «բարդակ» է տիրել մեր բանակում, և ինչու էր 44-օրյա պատերազմում կրած պարտությունն անխուսափելի։

Օգոստոսի 30-ին անամպ երկնքում պայթող կայծակի նման հնչեց Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալության լուրը։ Պարզվեց, պատերազմի վերջում ԼՂ պաշտպանական բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը մեղմ ասած պաշտոնեական անփութություն է թույլ տվել Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանությունը ղեկավարելիս։ Իսկ եթե ոչ իրավական տերմիններով ասենք, ուղղակի ձախողել է Շուշիի պաշտպանությունը, այսինքն, «չի իմացել», որ քաղաքը ադրբեջանցիները գրավել են, հայ զինվորներին տեղակայել է ադրբեջանցիների կողմից արդեն գրավված տարածքներում, որի պատճառով բազմաթիվ զոհեր ենք ունեցել ու ոչ մի արդյունք։

Թվում էր, թե սա բանակի ղեկավար Միքայել Արզումանյանի ամբողջ մեղքն է, ըստ մեղադրանքի, որն արդեն քիչ չէր։ Բայց պարզվեց, սա նույնիսկ կեսն էլ չէ։ Այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը Միքայել Արզումանյանի «սխրանքների» նոր չափաբաժին է հրապարակում։ Մարդը, ըստ մեղադրանքի, անձամբ կազմակերպել է պատերազմի առաջին օրերին հայկական բանակի կորցրած, այնուհետև հետ գրավված «Արեգա» բարձունքի առանց կռվի հանձնումը Ադրբեջանին։ Իսկ այդ բարձունքը, պարզվում է, ստրատեգիական անգնահատելի դեր է ունեցել մեր զինուժի համար, այդ բարձունքից մերոնք հսկողության տակ են պահել հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։ Առանց մի փամփուշտի բարձունքը հետ վերցնելով` ադրբեջանցիներն այնուհետև «տեղը տեղին» կոտորել են մեր զինվորներին։

Ու այդ ընթացքում Ղարաբաղի ղեկավարության, ինչպես նաև մեր բանակի ղեկավարության մոտ հարց չի առաջացել, ինչպե՞ս մեր գրաված բարձունքը հենց գրավելու օրը կրկին հայտնվեց ադրբեջանցիների ձեռքում։ Հարց չի առաջացել։ Ու բանակի ղեկավարությունից ոչ մեկին մինչև հիմա պետական դավաճանության մեղադրանք չի առաջադրվել։

Բայց այս հարցի պատասխանը կարելի է գտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա մի՝ ոչ պատահական հայտարարության մեջ, որում նա կարևորում է պետության անվտանգության դեմ ոտնձգող ծանրագույն հանցագործություն հանդիսացող պետական դավաճանության դրսևորումների դեմ պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը։ Արթուր Դավթյանն առաջարկում է փոխել ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածով, որի 3-րդ մասը, որով ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի։ Վերջին երկու տարում պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր է բացահայտել ԱԱԾ-ն։

Պարզ է, որ Դավթյանի առաջարկը այդ դեպքերին չէր կարող վերաբերել, քանզի դրանք հիմնականում, մեզ թույլ տանք ասել, մանր-մունր դավաճանություններ են, որոնց ծանր նշանակությունը չենք թերագնահատում։ Բայց Դավթյանը սա առաջարկում է Միքայել Արզումանյանի դեմ հարուցված մեղադրանքից հետո։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ վերջին 20-25 տարում հղփացածությունը մեր բանակում հասել է մի աստիճանի, երբ բանակի ղեկավարներն իրենց արդեն հաշիվ չեն տվել դավաճանության գնալով։ Սա նշանակում է, որ մենք դատապարտված էինք, բայց դրա մասին գաղափար չունեինք։ Եվ ես աղոտ կասկածներ ունեմ, որ Միքայել Արզումանյանի արարքները, եթե մեղադրանքը ճիշտ է, ծանրագույն հետևանքների մասով միակը չեն։ Մենք դեռ ավելի ծանրերի մասին կլսենք։ Մենք դեռ կհիշենք Դավթյանի առաջարկը: 

Արսեն Գրիգորյան

Բեռնում.....