Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ցնցված և շփոթված էր Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմից: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է նրա անձնական թարգմանիչ Պավել Պալաժչենկոն, ով Գորբաչովի հետ աշխատել է 1985 թվականից մինչև կյանքի վերջին օրերը։
«Նրա համար շատ-շատ մեծ հարված էր ոչ միայն փետրվարի 24-ին սկսված [հատուկ ռազմական] գործողությունը, այլև վերջին տարիներին Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների ողջ էվոլյուցիան։ Դա իսկապես կոտրեց նրան էմոցիոնալ և հոգեբանորեն:
Նրա հետ մեր զրույցներում միանգամայն ակնհայտ էր, որ նա ամենատարբեր պատճառներով ցնցված ու շփոթված էր տեղի ունեցողից։ Նա հավատում էր ոչ միայն ռուս և ուկրաինացի ժողովուրդների մտերմությանը, նա կարծում էր, որ այս երկու ժողովուրդները խառնվել են իրար», — պատմել է Պալաժչենկոն։
Միաժամանակ, Պալաժչենկոն խոստովանել է, որ Գորբաչովը բարդ և հակասական դիրքորոշում ուներ Ուկրաինայի հարցում, քանի որ նա դեռ հավատում էր Խորհրդային Միության գաղափարին, սակայն թարգմանիչը վստահ է, որ ԽՍՀՄ նախկին առաջնորդը պատերազմ չէր սկսի վերականգնելու 1985-ից 1991 թվականներին իր ղեկավարած երկիրը:
Նշենք, որ Միխայիլ Գորբաչովը հրապարակայնորեն չի խոսել Ուկրաինա ռուսական ներխուժման մասին, սակայն 2014 թվականին աջակցել է Ղրիմի բռնակցմանը՝ այն անվանելով «պատմական սխալի ուղղում»։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 30-ին Գորբաչովը մահացել է Մոսկվայում 91 տարեկան հասակում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մասնակցել Գորբաչովի հուղարկավորությանը և գերադասել է միայնակ հրաժեշտ տալ ԽՍՀՄ վերջին առաջնորդին՝ Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։
