Զապորոժիեի ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը խախտվել է մի քանի վայրերում, այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ով ինչպես արդեն հայտնել էինք նախօրեին տեսչական այցով ժամանել էր դեռևս մարտից ռուսական զորքերի կողմից գրավված ատոմակայան։ Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց են մեղադրում ատոմակայանի տարածքի ռմբակոծման մեջ:
Ստուգումներից հետո՝ արդեն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք վերադառնալուն պես Գրոսսին լրագրողներին ասել է, որ շարունակում է անհանգստանալ ատոմակայանում տիրող իրավիճակով։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ տեսուչների առջև խնդիր չէր դրվել պարզելու ատոմակայանին հասցված վնասների պատահական կամ դիտավորյալ լինելու հանգամանքը:
«Ակնհայտ է, որ ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը մի քանի անգամ խախտվել է… Սա չի կարող շարունակվել»,- ասել է Գրոսսին։
Նա նշել էր նաև, որ կարողացել է շրջել ամբողջ ատոմակայանում, տեսնել ատոմակայանի առանցքային մասերը, ինչպիսիք են վթարային համակարգերը և կառավարման սենյակները։ Այժմ նրա թիմը կվերլուծի իր տեսածի տեխնիկական կողմերը:
«Մենք ոչ մի տեղ չենք գնում: ԱԷՄԳ-ն այժմ այնտեղ է՝ էլեկտրակայանում, իսկ տեսուչները չեն հեռանում, նրանք կմնան այնտեղ»,- ասել է Գրոսսին և ավելացրել, որ փորձագետները կտրամադրեն անաչառ, չեզոք, տեխնիկապես հիմնավոր գնահատական այն մասին, թե ինչ է կատարվում Զապորոժիեի ատոմակայանում։

Համաշխարհային հանրությանը ամենաշատ անհանգստացնող խնդիրը Զապորոժիեի ատոմակայնի շարունակական հրետակոծությունն է, որը կարող է վնասել կայանը և առաջացնել ռադիոակտիվ նյութերի արտահոսք։ Նախօրեին տեղի ունեցած գնդակոծությունների պատճառով ատոմակայանի ռեակտորներից մեկը արդեն ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը:
«Եղել են պահեր, երբ ակնհայտ էր, որ կրակում են՝ հնչում էին ինքնաձիգերի և ականանետերի կրակոցներ։ Իսկապես 2-3 անգամ շատ անհանգիստ էր, ես կասեի մտահոգիչ էր, բոլորիս համար»,-ասել էր ԱԷՄԳ-ի ղեկավարը:
Գրոսսին լրագրողներին իր տեսչական առաքելության արդյուքների մասին կարողացել էր հայտնել միայն ատոմակայանից և ռուսական վերահսկողության գոտուց վերադառնալուց հետո:
Նշենք, որ ԱԷՄԳ-ի տեսչական առաքելության վերադարձից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամենօրյա ելույթում հայտարարել էր, որ Ռուսաստանը թույլ չի տվել անկախ լրագրողներին ԱԷՄԳ-ի առաքելության հետ միասին մուտք գործել Զապորոժիեի ատոմակայան։
«Երբ մենք հանդիպեցինք [ԱՏԷՄԻԳ-ի ղեկավարի] պարոն Գրոսիի և Կիևում առաքելության անդամների հետ, մենք պայմանավորվեցինք, որ առաքելությանը անպայման կուղեկցեն ուկրաինական և միջազգային լրատվամիջոցների լրագրողներ։ Անկախ լրագրողներ: Որպեսզի աշխարհը տեսնի ճշմարտությունը: Տեսնի, թե ինչ է կատարվում:
Ցավոք, դա չի արվել, չնայած խոստումներին: Ցավոք, օկուպանտները լրագրողներին ներս չէին թողել, այլ կազմակերպել էին իրենց պրոպագանդիստների զանգվածային հավաք: Ցավոք, ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները չպաշտպանեցին անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,-ասել էր իր ելույթում Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ ԱԷՄԳ-ի առաքելությունը «օբյեկտիվ եզրակացություններ» կանի կայանում տեղի ունեցողի վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ դեռևս չի լսել կազմակերպության ներկայացուցիչների կոչերը Զապորոժիեի ատոմակայանի ապառազմականացման վերաբերյալ։

Նշենք նաև, որ Զապորոժիեի՝ ռուսների կողմից դրածո ղեկավարությունը ԱԷՄԳ-ի առաքելության այցը միանգամից օգտագործել էր շրջանը Ռուսաստանին միացնելուն ուղղված քարոզչական գործունեության համար: Օրինակ, օկուպացիոն վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը նշել էր. «[Տեղի բնակիչները] ինչ խոսք տեսնում են [թե ով է ռմբակոծում], հետևաբար նրանք գնալով կողմ են Ռուսաստանի հետ վերամիավորմանը: Հենց տեղի բնակիչներն են նամակ հղել ԱԷՄԳ-ին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականցվող հրետակոծությունը։ Այդ իսկ պատճառով հազարավոր մարդիկ միանում են «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժմանը»:
